Փետրվարի 14-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, հանդիպմանը ներկա են եղել նաև Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:
Մարզպետ Կ․ Միքաելյանը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին ինչպես Միացյալ Թագավորությունում իրականացվող հայանպաստ շարունակական նախաձեռնությունների, այնպես էլ Ջերմուկ այցելելու և Ադրբեջանի շարունակական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին անձամբ ականատես լինելու ցանկության համար։
Պատվիրակության ղեկավար սըր Ջոն Ուիթինգդեյլն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ թեկուզև իրենք ընդհանուր առմամբ տեղյակ են պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին, սակայն իրենց համար շատ կարևոր էր այցելել և տեղում ծանոթանալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչը թույլ կտա հասկանալ, թե ինչպես կարող են լավագույնս աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
Հանդիպման ընթացքում մարզպետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, նրանց զբաղվածության և սոցիալական ինտեգրման ուղղությամբ մարզի և համայնքի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Այս համատեքստում խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Ջերմուկ համայնքում բնակվող ընտանիքների հետ, լսել նրանց պատմությունները։
Սըր Ջոն Ուիթինգդեյլը նշել է, որ արդեն երկու օր է, ինչ գտնվում են Հայաստանում, բայց այս հանդիպումն իրենց համար ունեցավ առանձնահատուկ նշանակություն այդ պատմությունները և ստացված տեղեկատվությունն արձանագրելու և Միացյալ Թագավորության համապատասխան կառույցներում բարձրաձայնելու տեսանկյունից։
Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաև 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի թիրախ դարձած քաղաքացիական ենթակառուցվածքներին և Ջերմուկ համայնքի տնտեսությանը հասցված վնասը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով զբոսաշրջության ոլորտին: Ոլորտի ընձեռած հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով կողմերն այցելել են համայնքի այցեքարտ հանդիսացող Ջերմուկի ըմպելասրահ և տեսարժան այլ վայրեր:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հույս են հայտնել, որ հաջորդ հանդիպումը կլինի ընդլայնված ձևաչափով, և պատվիրակության անդամները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ մարզի տնտեսությանը, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների ներուժին, մշակույթին և ժողովրդին՝ հետագա համագործակցությունն ավելի ամրապնդելու և նոր նախաձեռնություններով համալրելու նպատակով։