«Իշխանության մեջ կան տարբեր թևեր, որոնք իրենց միջեւ պայքարում են». քաղտեխնոլոգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ զրուցել է քաղաքական վերջին կարեւոր իրադարձությունների մասին:

-Պարո՛ն Բադալյան, տեսնում ենք՝ իշխող կուսակցության ներսում ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանն արդեն իր թիմակիցների նկատմամբ է ինչ-որ գործողություններ իրականացնում. սկզբում Ալեն Սիմոնյանի եղբոր կինն էր, հիմա Քերոբյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացվեց՝ տնային կալանք։ Ի՞նչ է կատարվում իշխանության ներսում։

-Առանձնապես ոչ մի բան չի կատարվում, դա նոր երեւույթ չէ. իշխանության մեջ բազմիցս տարբեր գործիչներ ենթարկվել են քրեական հետապնդումների՝ փոխնախարարներ, այլ մակարդակով գործիչներ։ Ասել, որ լուրջ գործընթաց է տեղի ունենում, ճիշտ չէ. դրանք ընդամենը բամբասանքի հիմքով են գալիս։ Լուրջ փաստարկ չունենք, որ իշխանության մի թեւը մյուս թեւի մեջ գործողություններ է անում։ Այն, որ իշխանության մեջ կան տարբեր թեւեր, որոնք իրենց միջեւ պայքարում են, դա էլ արդեն նորություն չէ։ Այն, որ կոռուպցիան արդեն կա իշխանության մեջ, նույնպես նորություն չէ, որովհետեւ «Թանսփարենսի ինթերնեյշնըլ»-ը եւ «Հետք»-ը դրա մասին բազմիցս գրել են։ Հիմա հերթական գործընթաց է՝ նախարարի հետ կապված, որը կասկածվում է որոշակի ոչ օրինական գործարքներ իրականացնելու մեջ։ Սրանից ինչ-որ լուրջ հետեւություններ անել եւ ենթադրել, թե հեսա վաղը իշխանությունը փլուզվում է, իրականությանը չի համապատասխանում։

-Իսկ Ձեզ համար հասկանալի՞ է՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը որն է, որ ընդդիմադիրներից անցավ իր թիմակիցներին։

-Ոչ մի թիմակիցների էլ նա չի անցել։ Կան բազմաթիվ բամբասանքներ, որ մենք չենք կարող հիմք ընդունել։ Քրեական գործ է ընթանում, եւ այդ գործի շրջանակում էլ տեղի ունեցան համապատասխան գործողությունները։ Ասել, թե ընդդիմադիրներից անցել է իր թիմակիցներին, այդպիսի բան չկա, որովհետեւ նախարարն էլ անգամ իր թիմակիցը չէ, եթե իրական նայենք. ուղղակի ժամանակավոր նախարար է, եւ բազմաթիվ այդպիսի նախարարներ եկել-գնացել են։

-Պարո՛ն Բադալյան, իսկ ի՞նչ եք կարծում, այս գործընթացը շարունակական կլինի՞, էլի պատժվողներ կլինե՞ն։

-Ոչ ոք չի կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ Հայաստանը իրավական պետություն չէ, որ ասենք՝ այստեղ կասկածելի գործարքներ կան, եւ իրավապահ մարմինները անպայման դրա վրա ուշադրություն կդարձնեն։ Հայաստանում իրավապահ համակարգը անկախ մարմին չէ, դրա համար ոչ ոք չի կարող ասել՝ կլինի, թե ոչ։ Կլինի հրահանգ՝ կանեն, չի լինի՝ չեն անի։ Կլինի հրահանգ՝ ոչ ցանկալի մարդկանց նկատմամբ քրեական գործ հարուցել, կհարուցեն: Ոչ ոք չի կարող Ձեր հարցին պատասխանել։

-Պարո՛ն Բադալյան, նաեւ ընդդիմադիր դաշտում այսպիսի մի տեսակետ է շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է առաջիկայում սպասվող արտաքին անվտանգային լուրջ գործընթացներից ուշադրությունը շեղել։ Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը։

-Ո՛չ, չեմ կիսում, որովհետեւ ես չեմ կարծում, որ հանրությունը հինգ տարեկան երեխա է, որ կոնֆետ տաս, ինքն էլ նայի քո ձեռքի կոնֆետին եւ անվտանգային խնդիրների մասին մոռանա։ Հանրությունը հինգ տարեկան չէ, եւ ձերբակալությունները չեն կարող նրա ուշադրությունը շեղել։ Պետք չէ հանրությանը դեգեներատի տեղ դնել։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս