Մաշտոցյան Մատենադարանում, մայրենի լեզվի օրա շրջանակներում բացվել է Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» ստեղծագործությունների՝ «Տառի գունադարձումը» խորագրով ցուցադրությունը, որին զուգահեռ ներկայացված են Մատենադարանի հավաքածուներից արժեքավոր ու բացառիկ նմուշներ:
Ցուցադրությունը պաշտոնապես բացվել է փետրվարի 21-ին՝ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանի մասնակցությամբ: Արդեն փետրվարի 22-ին տեղի է ունեցել ցուցադրության հանրային բացման արարողությունը:
Ծնունդով լիբանանահայ Արմենուհի Սաղդասարյանը նկարել սկսել է 2015 թվականին, երբ հաճախել է գործվածքի վրա նկարչության (բատիկ) սիրողական դասընթացների, ապա յուրացրել է նկարչական տեխնիկան և սկսել է հայկական այբուբենը ներկայացնել յուրահատուկ և բարդ արվեստի գործերի միջոցով:
Արվեստի բնագավառում ակադեմիական կրթություն չունեցող, մասնագիտությամբ բուժքույր Արմենուհի Սաղդասարյանը համարձակորեն փորձում է ստեղծել ամենատարբեր ոճեր ու կոմպոզիցիաներ՝ պարզ պատկերներից անցում կատարելով դեպի ավելի բարդ հորինվածքները։ Նրա ստեղծագործություններում իր ուրույն տեղն ունեն հայկական մանրանկարչության նախշերն ու վառ գույները:
Նկարչուհու թվով յոթերորդ ցուցադրությունը Մատենադարանում ներկայացված կլինի շուրջ մեկ ամիս:
Հուրի Բաղդասարյան