Լույսի մասին չեն խոսում. այն հարկավոր է տեսնել. Խաչիկ Հարությունյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը նշում է, որ իր նկարների միջոցով փորձում է փոխանցել լույսի գաղափարը: Իսկ «լույս» բառը, նրա խոսքով, պետք չէ բացատրել, դրա նշանակությունն անհայտ է, եւ լավ է, որ դա գաղտնի է մնում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է նաեւ նկարիչների միությանը, UNESCO-ի նկարիչների խորհրդին անդամակցելու մասին` համարելով դա անպտուղ գործ:

-Պարո՛ն Հարությունյան, սովորել եք ակադեմիկոս Ղուկաս Չուբարյանի մոտ, նկարիչ Էդուարդ Արծրունյանին համարում եք Ձեր ուսուցիչը. նրանք ի՞նչ ազդեցություն են ունեցել Ձեր աշխարհայացքի ձեւավորման հարցում:

10011461_1024287234294843_2172725073911361360_n

 

-Ես շատ ուրախ եմ, որ ինձ նման նկարիչներ են դասավանդել, թե չէ հիմա դասավանդման հարցը լուրջ է, բնագավառում շատ պատահական մարդիկ կան, որոնց աշխատանքը որակ չի ապահովում: Արծրունյանի հետ աշխատել եմ, օրինակ, «Հայաստան» որմնանկարի, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի 700-ամյակի ձեւավորումների վրա: Հիշում եմ, որ Արծրունյանն ինձ միշտ տանում էր պատկերասրահ` Սարյան եւ Սուրենյանց դիտելու: Նրանց գործերը նայելով՝ հասկանում ես, որ գոյություն ունի տրադիցիոն գեղանկարչություն:

12321546_1024287237628176_1119952279001468860_n

 

Դրա մեջ մի գաղտնիք կա, որն անըմբռնելի է, ու մենք պետք է ծառայենք այդ գաղտնիությանը, երբեք չպետք է կասկածենք դրա գոյության վրա. այն, երեւի, մեր գեների մեջ է, չգիտեմ… Ոչ ոք այդ գենի գաղտնիքը չի կարող բացատրել, բայց ամենքն էլ ապրում են դրանով: Մի բան էլ կա. չպետք է կորցնել բնության հետ ունեցած կապը…Արծրունյանն, օրինակ, ասում էր` սպիտակը բնության մեջ սպիտակ չի, այսինքն` սպիտակը բնության մեջ ինչպե՞ս է նայվում. համարյա գոյություն չունի, բայց մենք սպիտակն օգտագործում ենք, չէ՞: Նկարիչն այդ հոտառությունը բնազդի պես պետք է ունենա: Եվ հետո շատ կարեւոր է պատկեր ներկայացնելու խնդիրը:

12359980_1024287214294845_7424681245553550238_n

-Չին նկարիչ ու բանաստեղծ Տին-Նունը ասում էր. «Նկարելով ճյուղը` պետք է լսել` ինչպես է սուլում քամին»:

-Արշիլ Գորկին էլ ասում էր. «Ես ուզում եմ նկարել ծիրանի բույրը»: Պատկերացրեք` ես զգում եմ այդ բույրը, նրա նկարները տեսնելով` ծիրանի հոտն առնում եմ: Օրինակ` տեսեք, կարդում ենք Չարենցի «Մորս համար գազել»-ը, նա գրում է. «Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին»: Հետո կարդում ենք ուրիշ բանաստեղծների գրվածքները մոր մասին: Նրանք ներկայացնում են մի տեսակ «քրքրված», գիշերները չքնած, կարոտախտով «տառապող» մոր կերպար, դրանք եւս զգայական աշխարհում ծնված գործեր են, բայց միայն Չարենցն է, որ պատկեր է ներկայացնում. նույնը երաժշտության մեջ է, նկարչության մեջ է:

12347617_1024287247628175_4932310951177606537_n

 

-Անհատական ցուցահանդեսներով հանդես եք եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլ երկրներում: Նկարիչների միության անդամ լինելու հանգամանքն օգնո՞ւմ է դրսում ցուցադրվելուն:

-Նույնիսկ հայրենիքում չեն ուզում, որ մեր նկարները ցուցադրվեն, էլ ուր մնաց` դրանից դուրս: Մոսկվայում, օրինակ, «Գարնանային սալոն» անունով ամենամյա ցուցադրություն կա: Դրան մասնակցում են տարբեր երկրներ: Տարիներ շարունակ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի նկարներից բացի՝ ոչ մի հայաստանցի նկարչի գործեր այնտեղ չեն ցուցադրվում: Երբ ես լինում եմ Ռուսաստանում, գնում եմ այդ ցուցադրությանը, տեսնում եմ, որ Հայաստանից միայն Կարենի նկարներն են ներկայացված:

-Բայց ինչպե՞ս:

-Մեզ չեն իրազեկում, հասկանո՞ւմ եք… Ոչ մեկ (եթե իրենց շարքերից չի) չգիտի, որ Հայաստանը մասնակցում է, օրինակ, այդ ցուցահանդեսին: Եվ սա միակ դեպքը չէ. նման օրինակները բազմաթիվ են:

-UNESCO-ի նկարիչների խորհրդի անդամ եք: Սա Ձեզ ի՞նչ է տալիս:

-Ինձ այդ խորհրդի շարքերն ընդունեցին դեռեւս Սովետմիության տարիներին: Հիմա այդ խորհրդի անդամությունը դարձրել են վճարովի, բիզնես են անում, թեեւ դա ինձ չի վերաբերում, քանի որ, իրենց խոսքով, վաղուց եմ անդամակցում խորհրդին: Բայց դա բացարձակ ոչինչ չի տալիս ինձ, խաբկանք է: Խորհրդային տարիներին, գոնե, խորհրդի անդամների մուտքը թանգարաններ անվճար էր, հիմա դա էլ չկա…

-Եվ վերջում` Ձեր ներկայացրած աբստրակտն ինչպե՞ս կբնութագրեք:

-Իմ նկարներում ես փորձում եմ փոխանցել լույսի գաղափարը: Իսկ «լույս» բառը պետք չէ բացատրել, դրա նշանակությունն անհայտ է, եւ լավ է, որ դա գաղտնի է մնում: Շատ ստեղծագործողների հարցնում են, ասում են. «Այս ի՞նչ ես ստեղծել», իսկ նրանք ձեռքերը վերեւ են բարձրացնում ու ասում. «Չգիտեմ…»: Լույսի մասին չեն խոսում. այն հարկավոր է տեսնել: Նայում ես Սարյանի նկարներին, ու դրանցից լույս է ճառագում: Դա հենց մարդու հոգու լույսն է, որը պետք է նկատել ու ապրել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս