ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ հակված են հանել երթեւեկությունների սահմանափակումները միասնական տոմսային համակարգ ներդնելու նախագծից։

 

Սուրեն Գրիգորյանն այս մասին ասել է Երեւանի ավագանու նիստում՝ հանդես գալով հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու նախագծի վերաբերյալ զեկույցով։ «Նախագծի քննարկման շրջանակներում, բացի տոմսերի փաթեթների քանակից ու գնից,  պետք է անդրադարձ կատարել նաեւ  սահմանափակումների հարցին։ Պետք է հակվենք այն տարբերակին, որպեսզի նախագծով առաջարկվող  տոմսային փաթեթներից վերացվի սահմանափակումների հարցը, եւ ուղեւորությունների քանակն անսահմանափակ լինի»,- ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով առաջարկված նախագծին՝ քաղաքապետի տեղակալը նշեց, որ շարունակական բարեփոխումների ենթարկվող հասարակական տրանսպորտի համակարգը կատարյալին մոտ չէ, բայց միաժամանակ չկա այն համակարգը, որի  ժամանակ ձեւավորվել է գործող սակագինը, ուստի պետք է դրանց համահունչ կառուցվի նաեւ քաղաքականությունը։

Նա հավելել է, որ առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել, քանի որ գործող շարժակազմը ներդրվել  է ոչ միայն համայնքային միջոցներով, եւ ոլորտը ներկայում էլ էական չափով սուբսիդավորվում է համայնքային բյուջեից։

«Ավտոբուսների, մետրոպոլիտենի եւ տրոլեյբուսների սուբսիդավորման չափը հասել է 7 միլիարդ դրամի, որը գնալով աճում է, քանի որ քաղաքն անընդհատ համալրվում է նոր շարժակազմերով»,-ասել է քաղաքապետի տեղակալը՝ հավելելով, որ այդ գործընթացը  միտված է խոստմանը, որ ոչ արժանապատիվ կերպով երթեւեկությունը պետք է վերացվի։

Նրա հավաստմամբ՝  նույնիսկ առաջարկվող նախագծի ընդունման պարագայում սուբսիդավորման տրամաբանությունը կշարունակվի. «Մենք էլի տեսնում ենք, որ ոլորտը շարունակական սուբսիդավորման կարիք է ունենալու։ Ուղղակի հարցն այն է, որ ամեն ինչ պետք է ունենա իր տրամաբանական սահմանները։ Այսօր մեզ համար շատ լավ է, շատ ուրախալի է, որ ունենք նոր շարժակազմ, շարունակաբար այն համալրում ենք, բայց եթե չենք ուզում 10 տարի հետո կանգնել նույն կոտրված տաշտակի առաջ, որ նորից չհասկանանք, թե որտեղից պետք է գումար հայթայթենք, այլ ոլորտներից անհամաչափ կտրենք  եւ ուղղենք նոր շարժակազմերի ձեռքբերմանը, ապա պետք է ունենանք նոր համակարգ»,-համոզմունք է հայտնել Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ տրանսպորտից մշտապես օգտվողների եւ խոցելի խմբերի համար սակագինը վերանայելու դեպքում բարձրացումը պետք է նվազագույն չափով լինի։

«Հազվադեպ օգտվողների դեպքում, ում համար տրանսպորտի թանկացումը դրամատիկ փոփոխության չի բերում, օրինակ՝ զբոսաշրջիկների պարագայում, տրամաբանություն չկա, որ այդ ուղեւորափոխադրումները սուբսիդավորվեն։ Այդ ուղեւորափոխադրումների հաշվին պետք է հնարավորություն ունենանք գեներացնել բյուջե, որպեսզի կարողանանք մեզ թույլ տալ տրանսպորտից  հիմնականում օգտվող երեւանցիների համար այն սարքել որակյալ եւ հասանելի»,-ասել է փոխքաղաքապետը։

Թեեւ որոշում էր կայացվել տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագիծը հանել ավագանու նիստի օրակարգից, նիստի մեկնարկին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ որոշում են կայացրել հարցն այնուամենայնիվ քննարկել, սակայն քվեարկությունից առաջ այն օրակարգից հանել։

Երեւանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծ էր ներկայացրել, որը ենթադրում էր տրանսպորտի սակագնի որոշակի բարձրացում։ Քաղաքապետարանն այդ նախագծով առաջարկում էր ամսական (60 ուղեւորություն՝ 30 օրվա ընթացքում), եռամսյակային (180 ուղեւորություն՝ 90 օրվա ընթացքում,  տարեկան (1000 ուղեւորություն՝ 365 օրվա ընթացքում) տոմսեր։ Առաջարկվում էին նաեւ մեկօրյա, մեկշաբաթյա տոմսեր, ինչպես նաեւ տոմսեր, որոնք ուժի մեջ կլինեն 70 րոպե՝ երկու ուղեւորության հնարավորությամբ։ Քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը լայն հանրային քննարկման թեմա դարձավ։ Հաշվի առնելով հնչող քննադատություններն ու մտահոգությունները՝ Երեւանի քաղաքապետարանը որոշում կայացրեց հարցը հանել Երեւանի ավագանու՝ փետրվարի 13-ի նիստի օրակարգից։

 

 

 

«ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

Հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամը ներկայացնում է «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի երրորդ հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կկայանա փետրվարի 16-ին՝ ժամը 19։30, «Էպիգրաֆ» գրախանութում /հասցե՝ Երեւան, Մաշտոց 43/:

Մանկավարժության դոկտոր, հոգեբան Աիդա Մարկոսյանը դեռ 1990-ականներին մշակել է հայերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդիկա։ Դրանից հետո, զարգացնելով իր մոտեցումը, այն հասցրել է հազարավոր ուսանողների՝ թարգմանելով ուսուցումն այլ լեզուներով եւ հասանելի դարձնելով այն առցանց:

Դասական դասագրքի երրորդ հրատարակությունն ամփոփում է քառորդդարյա փորձ, այն հիմնովին վերանայված աշխատանք է, չափազանց արդիական այսօր, երբ կտրուկ աճել է հայոց լեզվի ուսուցման անհրաժեշտությունը։

Դասագիրքը բաղկացած է չորս մասերից, որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Դրանցից երեքը, ըստ լեզվի իմացության եվրոպական ընդունված սանդղակի, համապատասխանում են A1 եւ A2, B1 եւ B2, C1 եւ C2 մակարդակներին:

Շնորհանդեսի օրը դասագրքի 4 հատորը կարելի է ձեռք բերել հատուկ գնով։

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խմբի միջխորհրդարանական միության տնօրեն Ռիկ Նիմոն, Միջխորհրդանական Միության Բրիտանական Խմբի միջազգային ծրագրերի ղեկավար Ջո Փերրին, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն։

Ինչպես  տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ ՀՀ ԿԸՀ-ն ՄԹ-ի հետ համագործակցության հարուստ փորձ ունի: Նա շնորհակալություն է հայտնել դեռեւս նախորդ տարի ստորագրված «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի համար։

Հյուրերը եւս կարեւորել են ՀՀ ԿԸՀ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ կարեւորում են ազատ ու թափանցիկ ընտրությունների կայացումը, ինչպիսին իրականացնում է ՀՀ ԿԸՀ-ն։

 

 

ՀԱՆԵԼ ԵՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ

Երեւանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծում կատարված հաշվարկների հիմքում դրվել է քիչ սուբսիդավորման կամ ոլորտի ինքնածախսածածկ դառնալու գաղափարը։

Այս մասին Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստին ասել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախագծի հիմքում ընկած որոշ հաշվարկների։

Նրա խոսքով՝  ելակետային են համարել օրական 550 հազար ուղեւորի կանխավարկածը՝ հիմք ընդունելով վերգետնյա տրանսպորտի 2014 թվականի համապատասխան  ուսումնասիրություններն ու 2018-ի կետային ստուգումները, իսկ մետրոպոլիտենի դեպքում միջինացված թիվը կազմում է օրական մոտ 85 հազար։

Ըստ փոխքաղաքապետի՝ նախագծով առաջարկվող  սակագինը հաշվարկվել է առանց ստվերի գործոնի՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանը 100 տոկոս հավաքագրում է ապահովելու։

Գրիգորյանը հնչեցրել է նաեւ մեկ ուղեւորության ինքնարժեքը, որը կազմում է ավելի քան 200 դրամ։

Քննարկմանը նա ավելի վաղ նշել էր, որ համայնքային  բյուջեից սուբսիդավորումը 2023 թվականին կազմել է 7 միլիարդ դրամ, որն աճի տենդենց ունի։

Անդրադառնալով ավագանու անդամների համապատասխան հարցերին՝  փոխքաղաքապետը պարզաբանել է, որ միասնական տոմսային համակարգի որոշ փաթեթներ կլինեն անվանական, եւ ուղեւորը միայն ինքն իր համար կվճարի։

Համակարգի ներդրումը ենթադրում է, որ հնարավորություն է տրվելու մեկ տոմսով օգտվել տրոլեյբուսից, ավտոբուսից եւ մետրոյից։

Ինչ վերաբերում է արտոնությունների սահմանմանը ու առաջարկվող փաթեթների սակագներին, ապա, ըստ Գրիգորյանի, արտոնյալ խմբերի եւ տրամադրվող արտոնությունների չափի, ինչպես նաեւ սակագները վերանայելու վերաբերյալ պետք է լրացուցիչ քննարկումներ լինեն։

Երեւանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծ էր ներկայացրել, որը ենթադրում էր տրանսպորտի սակագնի որոշակի բարձրացում։ Քաղաքապետարանն այդ նախագծով առաջարկում էր ամսական (60 ուղեւորություն՝ 30 օրվա ընթացքում), եռամսյակային (180 ուղեւորություն՝ 90 օրվա ընթացքում,  տարեկան (1000 ուղեւորություն՝ 365 օրվա ընթացքում) տոմսեր։ Առաջարկվում էին նաեւ մեկօրյա, մեկշաբաթյա տոմսեր, ինչպես նաեւ տոմսեր, որոնք ուժի մեջ կլինեն 70 րոպե՝ երկու ուղեւորության հնարավորությամբ։ Քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը լայն հանրային քննարկման թեմա դարձավ։ Հաշվի առնելով հնչող քննադատություններն ու մտահոգությունները՝ Երեւանի քաղաքապետարանը որոշում կայացրեց հարցը հանել Երեւանի ավագանու՝ փետրվարի 13-ի նիստի օրակարգից։

 

 




Լրահոս