ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՅՏԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 8-ի N 1775-Ա/2 հրամանով հաստատված մասնագիտական խորհուրդը սահմանել է «1124. Գրահրատարակչության եւ գրադարանների ծրագրի» «1102. Թարգմանական ծրագրեր եւ աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը: «Ժողովուրդ» օրաթերթին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։

 

««11002. Թարգմանական ծրագրեր եւ աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2024թ. դրամաշնորհ ստացող ֆիզիկական, իրավաբանական անձանց, արտերկրի հրատարակիչների ցանկի ձեւավորման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պաշտոնականեւ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի կայքերում հրապարակվել էին համապատասխան հայտարարություններ: Դրանց հիման վրա ֆիզիկական անձինք՝ թարգմանիչները, հետազոտողները, ստեղծագործողները եւ արտերկրի հրատարակիչները, ներկայացրել էին դրամաշնորհի ստացման հայտեր՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի «2024 թ. «Թարգմանական ծրագրեր եւ աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ դրամաշնորհ ստացողների ցանկը ձեւավորելու համար մրցույթ հայտարարելու մասին» 2023 թ. նոյեմբերի 22-ի N 2428-Ա/2 հրամանով հաստատված մրցութային կարգի:

Այս միջոցառմամբ ստեղծագործական, հետազոտական եւ թարգմանական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհի դիմած ֆիզիկական անձինք աջակցություն են ստանում ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով դրանք նաեւ հրատարակվում են:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ հրատարակիչներն աջակցություն կստանան արտերկրում հայ գրականություն թարգմանաբար հրատարակելու համար:

Դրամաշնորհ տրվում է հետեւյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

ա) Ստեղծագործական աշխատանքներ,

բ) Հետազոտական աշխատանքներ,

գ) Թարգմանական աշխատանքներ (այլ լեզուներից հայերեն),

դ ) Հայ գրականությունը թարգմանություններում (հայերենից այլ լեզուներ):

Թերի տվյալներ պարունակող, մրցութային ուղղություններին չհամապատասխանող, նախկինում հրապարակված աշխատանքների համար ներկայացված հայտերը խորհուրդը չի դիտարկել։

Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ հայտարարված մրցույթին համապատասխանությունը, արդիականության հիմնավորումը, փաստական նյութի հետ աշխատելու կարողությունը, մասնագիտական նորույթը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ գեղարվեստական, լեզվաոճական առանձնահատկությունները, գրական ինքնատիպությունը, թեմատիկ-բովանդակային արդիականությունը:

Թարգմանական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ թարգմանվող երկի ընտրության հիմնավորումը, թարգմանության լեզվաոճական որակները, համարժեքությունը բնագրին:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ ներկայացված հայտերի գնահատման չափանիշներն են՝ թարգմանվող գրքի գեղարվեստական արժեքը, դիմող հրատարակչության հեղինակությունը, թարգմանվող լեզվի մասսայականությունը, թարգմանչի պրոֆեսիոնալիզմը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի անդամները հայտերի ստացումից հետո սահմանված ժամկետում, ըստ չափորոշիչների, գնահատել են հայտերը եւ հանձնաժողովի քարտուղարին փոխանցել գնահատման թերթիկները: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են հանձնաժողովի եզրափակիչ նիստում` հանձնաժողովի անդամների վերջնական գնահատականների հիման վրա:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

 

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի ոսկե մեդալակիրը դուրս եկավ Եվրոպայի ընթացիկ առաջնության կիսաեզրափակիչ: 97 կգ քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնը հաջորդաբար հաղթեց Թուրքիան եւ Նիդերլանդները ներկայացնող մարզիկներին` համապատասխանաբար 9:1 եւ 8:3 հաշվով: Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Պայքարի մեջ են մտել նաեւ Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները։

60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթեց հույն Իլիաս Զաիրակիսին: 67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը հաղթանակով մեկնարկեց` առավելության հասնելով շվեդ Նիկլաս Օեհլենի նկատմամբ (12:4), սակայն քառորդ եզրափակչում զիջեց Ռուսլան Բիչուինին 8:0 հաշվով: Գալստյանը կշարունակի պայքարը, եթե Բիչուինը դուրս գա եզրափակիչ:

72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը պարտություն կրեց անդրանիկ գոտեմարտում` զիջելով խորվաթ Դոմինիկ Էտլինգերին:

82 կգ քաշում Կարեն Խաչատրյանն առավելության հասավ խորվաթ Ֆիլիպ Ցավիչի նկատմամբ 8:6 հաշվով:

 

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի կանանց հավաքականն ունի երկու ներկայացուցիչ: 55 կգ քաշային կարգում կմրցեն Իզաբելլա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը: Նախորդ տարի Երեւանում կայացած Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Ալեքսանդրա Գրիգորյանը միայն 6-րդն էր: «Արմենպրես»-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից կլուսաբանի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

 

 

 

 

ՀԱՂԹԵՑ 2:1 ՀԱՇՎՈՎ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանը մրցեց Մոլդովայից Ալեքսանդրին Գուտուի հետ: Ամոյանը հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ:

Ամոյանի մրցակիցը եզրափակչում կլինի թուրք Էմրե Բասարը:

55 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խաչատրյանը մրցեց Մոլդովան ներկայացնող Արտյոմ Դոլինուի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2, ու քանի որ վերջին միավորը վաստակել էր մոլդով մարզիկը, հենց ինքն էլ դուրս եկավ եզրափակիչ: Մանվել Խաչատրյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար: Գոտեմարտը կկայանա փետրվարի 13-ին:

 




Լրահոս