Անիմաստ նվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրի առաջիկա նիստում 20 միլիոն դրամ է հատկացվելու Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին: Նման հկ-ներ իրականում կան, թե չէ ՝  դժվար է ասել: Ամեն դեպքում կառավարությունը որոշել է, որ մեր երկրում բնակվող ասորիների, բելոռուսների, գերմանացիների, եզդիների, լեհերի, հույների, հրեաների, վրացիների, քրդերի և ուկրաինացիների միջև այդքան գումար պետք է կիսվի:

Գործադիրն առայժմ չի մանրամսանում, թե ինչպե՞ս են բաժանվելու փողերը, և արդյո՞ք բոլորին է ներառել այս շարքում: Չի բացառվում, որ պատահաբար մոռացված լինեն ՀՀ-ում բնակվող այլ ազգություններ ու Տիգրան Սարգսյանը անկախ իր կամքից փոքրամասնություններին նույն աչքով չնայելու խնդրի առաջ հայտնվի:

Ամեն դեպքում, եթե 20 միլիոն դրամը հավասարապես բաժանվի, ապա նշված գումարից թվարկված ազգություններից յուրաքանչուրին 2 միլիոն դրամ կհատկացվի: Մեծ բան չէ, եթե հաշվի առնենք, որ միայն Պարույր Հայրիկյանի բուժման համար կառավարությունն այդքան գումար նվիրեց: Բյուջեն իհարկե լիքը չէ, բայց և հնարավո՞ր  է 20 միլիոնով 10 ազգությունների սիրտը շահել:

Ի վերջո մեծագույն ցանկության դեպքում անգամ նրանք այդ գումարով ո՛չ թերթ կարող են հրատարակել, ո՛չ դասագիրք տպագրել, ո՛չ էլ ինչպես գործադիրի հաղորդագրությունում է նշվում հասարակական գործունեություն ծավալել: Եվ ստացվում է, որ գործադիրը հենց այնպես փող է նվիրում:




Լրահոս