Ժողովուրդ-ի դեմ դատական հայցի լսումը հետաձգվել է. Հայցվորը դատարան չի ներկայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, այսօր լսվել է Հայաստանում ֆիզիկական առողջության պաշտպանման կենտրոնի տնօրեն, պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի հայցն ընդդեմ “Ժողովուրդ” օրաթերթի: “Ժողովուրդ” թերթից տեղեկացնում են, որ նախնական դատական նիստը կարճ է տևել:Պատճառն այն էր, որ հայցվոր կողմը, ի դեմս Բենիկ Հարությունյանը, չի ստացել հայցադիմումի պատասխանը, քանի որ նա հայցում նշված հասցեում (Հրազդան քաղաք) չի բնակվում: Հայցադիմումը հետ է եկել` գրությամբ, որ Հարությունյանը բնակվում է Երևանում: Այս պատճառով դատավոր Ափինյանը որոշել է հետաձգել “Ժողովուրդ”-ի դեմ ներկայացված հայցով դատական նիստը` տեղափոխելով այն նոյեմբերի 29-ին, ժամը 10.00-ին:Հիշեցնենք, որ “Ժողովուրդ”-ն իր սեպտեմբերի 9-ի համարում (N151) հրապարակել էր հոդված “Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում” վերտառությամբ, որտեղ ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի և նրա գործընկեր Արմեն Ասրյանի խոսքերը, որոնք պատմել են, թե ինչպես է Հարությունյանն իրենցից վերցրել 294 հազար ԱՄՆ դոլար ու չի վերադարձնում: Թեև հրապարակման մեջ ներկայացված է նաև Բենիկ Հարությունյանի և նրա փաստաբանի խոսքը, այնուամենայնիվ, ՊՆ խորհրդականը դիմել է դատարան՝ օրաթերթից պահանջելով 2.2 միլիոն դրամ:




Լրահոս