Այսօր՝ փետրվարի 27-ին Աթենքում՝ Հայաստանի և Հունաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել է. «ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Հունաստանում, տնտեսական լավ աճ ու դինամիկա կա, սա լավ հնարավորություն է, որ կարողանանք քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու ու մասշտաբները մեծացնելու համար»։
ArmLur.am-ը կապ հաստատեց տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞վ է պայմանավորված տնտեսական աճը և ո՞ր ոլորտում է այն գրանցվել.
«Տնտեսական աճ գրանցվել է ծառայությունների ոլորտում, առևտրի ոլորտում, IT ոլորտում, անշարժ գույքի ու շուկայի ոլորտում և հանքային համակարգում: Եթե նայենք մնացած այլ ոլորտներ աճը՝ չնչին է, գյուղատնտեսությունում աճը բացասական է: Հիմա եթե նայենք միջինով տնտեսությունը զարգացել է, բայց միջին ցուցանիշի բավականին մեծ ազդեցություն ունեն, ասենք՝ հարուստների եկամուտները, որովհետև, եթե հարուստների եկամուտները շատանում են, իսկ ժողովրդի մնացած հատվածների եկամուտները մնում է նույնը, իհարկե, միջինը աճելու է»:
Տնտեսագետի խոսքով՝ բանկային ոլորտի աշխատավարձը 2 տարի առաջ մոտ 400.000 դրամ էր, իսկ հիմա 600.000 դրամը անցնում է: IT ոլորտի աշխատավարձը 1 մլն դրամը անցնում է: Ուսուցիչների աշխատավարձը, ոնց որ նախկինում էր 130.000 դրամ, հիմա գրեթե ոչինչ չի փոխվել:
Աղասի Թավադյանը հավելում է, որ տնտեսական աճ է տեղի ունեցել, քանի որ մեծ թվով կապիտալ է ներհոսել Ռուսաստանից, որը հիմնականում բաշխվել է բանկային համակարգում, IT ոլորտում և շինարարությանը, իսկ տնտեսության այլ ոլորտներում մեծ աճ չի գրանցվել:
Էմմա Մարտիրոսյան