Պահպանվում է հեղուկ գազի, բենզինի և սննդամթերքի բարձր գները․ մանրամասնում է տնտեսագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պահպանվում է բենզինի, հեղուկ գազի և սննդամթերքի բարձր գները։ Նոյեմբերի 21-ի դրությամբ՝ հեղուկ գազի գինը 200 դրամ է, «պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 570 դրամով։

Գների բարձրացման հետ կապված՝ ArmLur.am-ին մանրամասներ է ներկայացրել տնտեսագետ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Թադևոս Ավետիսյանը:

-Ինչի՞ հետ է կապված բենզինի, հեղուկ գազի եվ սննդամթերքի թանկացումները․

-«Վառելիքի շուկայում որոշակի գնաճ կա, միջազգային շուկաներում, այդ ռեսուրսները մենք ամբողջությամբ ներկրում ենք, բայց նաև ազդող գործոններից է այդ օբյեկտիվ փոքր շուկան, և բարձր մենաշնորհման աստիճանը շարունակվում է։ Մյուսը կենտրոնացվածության բարձր աստիճանն է շուկայի, այսինքն ներմուծող ընկերությունները նաև մանրածախում ունեն առյուծի բաժինը։Գնալով նաև, այսպես ասած իրենց ձեռքն են վերցնում վառելիքի բոլոր տեսակների վաճառքը, այսինքն՝ բենզալցակայաններում ավելանում է նաև հեղուկ գազի վաճառքը, դրան գումարած նաև, այսպես ասած մնացած որոշակի ծառայություններ։ Դա մրցակցության սահմանափակում է, և այդպիսի շուկաներում գնաճի հակվածությունը ինտենսիվ է լինում, այսինքն՝ փոքր օբյեկտի գործոնը կարող է ավելի մեծ գնաճ առաջացնել և հակառակը՝ գնանկման օբյեկտիվ ազդակները կարող են էական ազդեցություն չունենալ, այսինքն՝ գները պահպանվեն բարձր մակարդակի վրա։ Նաև որոշակի քանակական սահմանափակումներ են կիրառում արտահանող երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ կապված իրենց ներքին պահանջարկի հետ․ դա էլ մատակարարումների որոշակի խնդիրներ է առաջացնում և բնական է, որ որոշակի դեֆիցիտային ազդեցությունները բերում են գնաճի։

Սննդամթերքի թանկացման պատճառը հետևյալն է՝ մենք ունենք պահանջարկով հաշվող տնտեսական աճ, այսինքն՝ այն բարձր տնտեսական աճը, որ 2022թ․-ին արձանագրվեց և շարունակվեց 2023-ի առաջին կիսամյակում, ուղեկցվում էր բարձր գնաճով։ Ավելացել է պահանջարկը և դա ոչ միայն տնտեսական աճի էր բերում, այլ նաև գնաճի։ Երկրորդ պատճառն այն է, որ այդ պահանջարկի ավելացումը համարժեք կերպով տնտեսական ներուժի և առաջարկի ավելացման չհանգեցրեց, հակառակը՝ մենք ունենք առաջարկի զրոյական աճ կամ անկում։ Խոսքը վերաբերում է արդյունաբերական ոլորտին և հատկապես գյուղատնտեսությանը։ Գյուղատնտեսությունը վերջին տարիներին, չնայած գյուղմթերքի նկատմամբ պահանջարկի էական աճին, գյուղատնտեսության ծավալները ոչ թե աճում են, այլ հակառակը՝ ազատ անկման մեջ են։ Դա հանգեցնում է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի։ Չմոռանանք, որ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ հացահատիկից մինչև գյուղմթերք, Հայաստանը ներմուծում էր Արցախի Հանրապետությունից, իսկ այս տարի՝ նախ շրջափակումով պայմանավորված, այնուհետև բռնի տեղահանման հետևանքով, մենք չունեցանք տնտեսական այդ արդյունքը, որովհետև էժան ներկրումը փոխարինվեց այլ երկրներից ավելի թանկ ներկրմամբ»։

-Ձեր կարծիքով, առաջիկայում սպասվու՞մ է գների նվազում կամ թանկացում։

-«Կախված է, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, ըստ էության, արտաքին գործոնը թուլանում է և պահանջարկը ըստ այդմ նվազում է։ Բացի դրանից կենտրոնական բանկը ինտենսիվ միջամտում է շուկայում և բարձր է պահում վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը հակազդում է նաև պահանջարկով պայմանավորված գնաճին։ Աշխարհաքաղաքական անընդհատ փոփոխվող իրավիճակում՝ դժվար է հստակ երկարաժամկետ կամ միջնաժամկետ կանխատեսում անել։ Եթե իրավիճակը մնա այսպիսին, ապա մենք կունենանք տնտեսական աճի տեմպերի թուլացում, ինչը ունենք այսօր, նաև դրանով պայմանավորված՝ պահանջարկի կրճատում և գնաճի որոշակի տեմպերի նվազում»։

Հայկ Ավանեսյան




Լրահոս