Փոշիացնում են հասարակության էներգիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն»-ը, հին սովորույթի համաձայն, դարձյալ մանեւրում է: 4-ի դաշինքը դեռ մի կարգին չկայացած այս կուսակցությունում արդեն քննարկում են մի կողմ քաշվելու հարցը: Ընդ որում, ակնհայտ է, որ քառյակը եռյակ դարձնելու հարցը առաջ եկավ ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո: Ասել, թե Գագիկ Ծառուկյանի գլխավորած հավաքից ժառանգականներն այլ սպասելիքներ կարող էին ունենալ սխալ կլինի: Գոնե քաղաքական շրջանակները համոզված էին, որ առավելապես իներտ այս ուժերը կոտորով թվարկված, խիստ որոշակի ու պարզ պայմանավորվածություններով փաստաթուղթ հաստատ չէին տարածելու:

Անգամ ՀԱԿ-ին (ում նախաձեռնողականության պակասի համար հաստատ չես մեղադրի) չհաջողվեց Գ. Ծառուկյանից որոշակի պայմանավորվածություններ կորզել, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ ԲՀԿ առաջնորդը ինքն էլ չգիտի, թե ինչ է անելու քառյակը կամ էլ իր բոլոր ժամանակների հայտարարություններից այն կողմ չի ուզում անցնել: Իր հերթին նույնատիպ ու կրկնվող կեցվածքով է ներկայանում նաեւ «Ժառանգություն»-ը: Դարձյալ ձեռնպահ մնալով հանդիպման առարկայական մանրամասները հրապարակելուց վերջիններս ԶԼՄ-ներին են մեղադրում այսպես կոչված ապատեղեկատվություն տարածելու համար: Այլ հարց է, որ ապատեղեկատվության հիմքեր հենց «Ժառանագություն»-ում են ստեղծվում: «Քառյակի հանդիպումները շարունակվում են խորհրդակցությունների մակարդակով եւ որեւէ խնդիր այս պահին գոյություն չունի»: Ահա այսքանը:

Հասկականք, որ քաղուժերը միշտ էլ կարող են հանդիպել: Այլ հարց է, որ դրանց վերաբերյալ հասարակությանը կամ գոնե ընդդիմադիր զանգվածին չարժե ինչ-որ հույսեր ներշնչել: Ազնիվ չէ հասարակության էներգիան փոշիացնելը:




Լրահոս