Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճարտարապետական բուհերի ուսանողների մասնակցությամբ «Քաղաք երազների համար–նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Այն «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում իրականացվում է գերմանական «Ճարտարապետական մշակույթի ակադեմիա» (Academy for Architectural Culture (aac)) կազմակերպության կողմից: Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծման համար պատասխանատու գերմանական «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը և «gmp Foundation» հիմնադրամի մաս կազմող Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասը, ներկայացուցիչներ ՃՇՀԱՀ-ից:
Ողջունելով ներկաներին՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ՀՀ ամենահավակնոտ ծրագրերից է, և «Հայֆիլմի» տարածքը ներառվել է՝ որպես ֆիլմարտադրության, արվեստների և ստեղծագործական աշխատանքի համար մեկ միասնական միջավայր, որը կապված կլինի Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի հետ.
«Այս նախաձեռնությունը շատ լավ հնարավորություն է ուսանողների համար իրենց մասնակցությունն ու ներդրումը ունենալու այս մեծ ծրագրին»,- նշել է Սարգիս Հայոցյանը:
Երեք ու կես շաբաթ ընդհանուր տևողությամբ աշխատաժողովի ընթացքում 16 ճարտարապետ ուսանողներ, որոնցից 4-ը Հայաստանից են, գերմանական կազմակերպության 4 ճարտարապետների (tutors) համակարգմամբ կքննարկեն ապագայի արդիական ճարտարապետական մշակումները և կիրականացնեն «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքի նախագծային աշխատանքներ:
Աշխատաժողովի՝ Հայաստանում կայանալիք հատվածը կներառի լսարանային և գործնական աշխատանք, որի մի մասը՝ հենց «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որն ուղղված կլինի գաղափարների գեներացմանը, կոնցեպտի մշակմանը, վերջինիս ձևակերպմանը՝ ճարտարապետական նախագծի տեսքով և էսքիզային տարբերակների ներկայացմամբ:
Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասի խոսքով՝ աշխատաժողովը հնարավորություն կտա ուսանողների և ճարտարապետների հետ միասին տեղում ծանոթանալու տեղանքին, ինչպես նաև գեներացնելու ճարտարապետական լուծումներ և գաղափարներ, որոնք կարող են աջակցել «Հայֆիլմ»-ի տարածքը միջազգային մակարդակի ֆիլմ-քաղաք դարձնելու տեսլականին։
Անդրադառնալով աշխատաժողովի նպատակներին՝ Մաասը նշել է, որ մասնակիցների 4 խմբերին առաջարկվելու է մշակել ճարտարապետական նախագծերի իրենց տարբերակները, որոնք քննարկվելու են բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և ընտրվելու են նախագծի տեսանկյունից առավել նպատակահարմար առաջարկները:
ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանն առանձնահատուկ կարևորել է աշխատաժողովի միջոցով ուսանողների ներգրավվածությունը «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման և ձևավորման գործընթացին, քանի որ այն թույլ է տալիս ուսանողներին իրական փորձի հիման վրա մասնակցել նախագծային աշխատանքներին.
«Ուսանողներն անցնելու են բոլոր այն փուլերով, որոնք նախատեսված են ճարտարապետների համար։ Մասնավորապես՝ նրանք ուսումնասիրելու են տարածքը և խնդիրը իրական պայմաններում, մշակելու և ներկայացնելու են որոշակի լուծումներ, որոնք կօգտագործվեն նախագծային կազմակերպության կողմից «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման իրական ծրագրում»:
Մարտ ամսին աշխատաժողովը կշարունակվի Համբուրգ քաղաքում, որի ժամանակ մարտի 2-ից 20-ն աշխատաժողովի ճարտարապետ ուսանողները, այդ թվում՝ չորս մասնակից Հայաստանից, կավարտեն նախագծային աշխատանքները և կներկայացնեն տարածքի զարգացման կոնցեպտուալ առաջարկներ:
Աշխատաժողովի մասնակիցներն այցելել են նաև «Հայֆիլմ»-ի տարածք, որտեղ տեղակայվելու է Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերը: