«Հայֆիլմը»՝ ֆինանսական կոլապսի առջև. աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, ինչ «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերի հեղինակային իրավունքները փոխանցվել են «Հայաստանի ազգային կինոկենտրոնին», «Հայֆիլմը» կանգնել է ֆինանսական կոլապսի առջեւ: Քանի որ «Հայֆիլմը» ՓԲԸ է, այն պետությունից ֆինանսական աջակցություն չի ստանում: Բոլոր ծախսերը կինոստուդիան հոգում է ինքնաֆինանսավորման միջոցով: Նախկինում «Հայֆիլմի» եկամուտների զգալի մասը ձեւավորվում էր հենց ֆիլմերի հեղինակային իրավունքները տնօրինելու հաշվին: Այսօր կինոստուդիայի եկամուտը գոյանում է տարածքները եւ ռեկվիզիտային գույքը վարձակալության հանձնելու հաշվին:

Վերջին շրջանում, սակայն, այդ միջոցով հնարավոր չի լինում բավարար եկամուտ ապահովել. արդյունքում կինոստուդիայի տնօրենն արդեն 16 ամիս աշխատավարձ չի ստացել, աշխատակիցները՝ 6 ամիս: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Դավիթ Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Կարապետյան, կոնկրետ ի՞նչ խնդիրներ էր լուծում «Հայֆիլմը» ֆիլմերի հեղինակային իրավունքները տնօրինելու հաշվին: Արդյոք դիմե՞լ եք ինչ-որ կառույցի ֆինանսական խնդիրները լուծելու համար, աջակցության հնարավորություն կա՞:

-Հեռուստատեսությունների եւ այլ կառույցների վճարած գումարները թույլ էին տալիս հոգալ ոչ միայն պահպանման ծախսերը, այլեւ գրանցել աճի տենդենցներ: Մենք այդ գումարներով տանիքներ վերանորոգեցինք, տաղավարներ վերագործարկեցինք, արեցինք այն, ինչ հնարավոր էր: Իսկ հիմա «Հայֆիլմի» ֆիլմերի հեղինակային իրավունքները փոխանցվել են Ազգային կինոկենտրոնին, արդյունքում մի կառույցի գոյության կարեւոր միջոցներից մեկը դարձել է մյուս կառույցի արտաբյուջե: Ընդ որում, տուժող կառույցը՝ ի դեմս մեզ, այսօր կանգնած է ֆինանսական լուրջ խնդրի առջեւ: Այդ թեմայով դիմել ենք մի քանի կառույցների, կա բանավոր համաձայնություն առ այն, որ առաջիկայում խնդիրը կլուծվի: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

-Ազգային ժողովում կինոոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ Ձեր ելույթը որեւէ դրական արդյունք տվե՞ց:

-Այսպես ասեմ, այնտեղ ոլորտի ներկայացուցիչներ կային, որոնք ասում էին, որ այսօր մեզ «Հայֆիլմ» պետք չէ: Ռեժիսորներ կան, որոնք ասում են՝ «Հայֆիլմն» այսօր արդիական չէ, պատկերացնո՞ւմ եք:

-Բայց ոլորտում կան գործիչներ, որոնք «Հայֆիլմը» որպես ազգային բրենդ վերականգնելու, նախկին հեղինակությունը վերադարձնելու ցանկություն, նպատակ ունեն:

-Այո, դա էլ կա: Կինոոլորտում ունենք երեք պետական կառույց՝ Ազգային կինոկենտրոնը, «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան եւ «Հայֆիլմը»: Կինոկենտրոնն, օրինակ, ունի 50-ից ավել հաստիք, բայց կարծես փող բաժանող կառույց լինի: Ի՞նչ նպատակ ունի պահել այդքան ուռճացված հաստիքացուցակ: Կարծում եմ՝ ոլորտը պետք է լինի ճշգրիտ կառավարման տիրույթում, այսինքն՝ այդ երեք կառույցի փոխարեն պետք է լինի մեկը, որը կունենա կառավարման մեկ օղակ: Չեմ ասում՝ կառույցը մեկ անձի կողմից պետք է կառավարվի. կարող է լինել տնօրենների խորհուրդ: Պետք է գնալ օպտիմալացման հաստիքների եւ ծախսերի առումով:

-Ի վերջո, պետք է պետական մակարդակով արձագանք լինի՝ «Հայֆիլմը» կինոարտադրությանը պետք է, թե ոչ: Եթե այո, ինչպե՞ս պետք է իր ֆունկցիան իրականացնի. եթե ոչ, ինչո՞ւ ոչ, համաձա՞յն եք:

-Այո, պետք է շատ կոնկրետ քայլերի գնալ: Եվ, ի վերջո, հարկավոր է լուծել «Հայֆիլմ» ՓԲԸ-ի ֆինանսական խնդիրները, այլապես այսպես անհնար է շարունակել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս