Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ս․թ․ մարտի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Լոս Անջելես մեկնարկել է պաշտոնական հանդիպումներով։ Այցի առաջին օրը դեսպան Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Դեսպան Մակունցը քաղաքապետ Բասսին փոխանցել է Երևանի քաղաքապետ Տիգրանի Ավինյանի նամակը՝ երկու քաղաքների միջև համագործակցությունը խթանելու վերաբերյալ։ Զրուցակիցները պայմանավորվել են կապի մեջ դնել քաղաքապետարանների ներկայացուցիչներին՝ փոխգործակցության բազմոլորտ օրակարգ մշակելու համար։
Հաջորդիվ՝ դեսպան Մակունցը առանձին հանդիպում է ունեցել նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանի հետ, որի ընթացքում ուրվագծվեցին երկկողմ աշխատանքներն առաջ մղելու հնարավորությունները:
Նույն օրը դեսպան Մակունցը հանդիպել է նաև Լոս Անջելեսի ոստիկանապետի տեղակալ Դանիել Ռանդոլֆի հետ: Դեսպան Մակունցը զրուցակցին ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունում բարեփոխումների հիմնական ուղղությունները, փոխանցել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի նամակն՝ ուղղված Լոս Անջելեսի ոստիկանապետին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ սկսել հատկապես կրթական, փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով: