«ՆՐԱՆՔ ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ԱԺ ղեկավար կազմը հանդիպել է Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ։

 

Քննարկվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային հիմնավոր երաշխիքների ներքո ստեղծելու անվտանգ ու իրավական դրույթներով ամրագրված միջավայր՝ արցախահայության հայրենադարձման եւ անվտանգ կյանքի համար:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացից:

-Տիկի՛ն Հակոբյան, երեկ հայտնի դարձավ, որ Արցախի ղեկավարությունը հանդիպել է հատուկ հանձնաժողովի հետ, որը զբաղվում է արցախահայերի վերադարձի հարցով, ու նշվեց, որ անվտանգային երաշխիքներ են փորձում ձեռք բերվել, որ որոշ ժամանակ հետո հնարավոր լինի արցախահայերի վերադարձը: Այս գործընթացը ին՞չ փուլում է, ու որքանո՞վ եք Դուք հավանական համարում, որ հաջողությամբ կպսակվի այս գործընթացը, ու արցախահայերը կվերադառնան:

-Այո՛, երեկ տեղի է ունեցել հանդիպում հանձնախմբի համակարգողի՝ պարոն Օսկանյանի հետ, որին նաեւ ես էի մասնակցում: Միանշանակ հանձնախմբի ստեղծումը հիմքում ուներ հենց այդ գաղափարը՝ հնարավորություններ ստեղծել անվտանգային ողջ համակարգով, որպեսզի Արցախի հայերը հնարավորություն ունենան վերադառնալ եւ ապրել իրենց տներում: Հանձնախումբը այդ միտումով էլ հենց ստեղծվեց, ու արդեն իրենք իրենց կազմակերպչական աշխատանքները ավարտել են, հիմա իրենց գործունեության ուղություններն են մշակվում, թե իրենք ինչպես պիտի միջազգային հարթակներում կարողանան գործունեություն ծավալել, որպեսզի այդ հարցի շուրջ տեղի ունենան բանակցություններ: Ըստ մեր կանոնադրության՝ իրենք լիազորված են խոսել Արցախի Ազգային ժողովի անունից, հետեւաբար նաեւ Արցախի ժողովրդի անունից:

-Տիկի՛ն Հակոբյան, կխնդրեմ մանրամասնեք, թե բանակցությունները հայկական կողմը ում հետ է տանում:

-Դեռ չեն սկսվել, որպես այդպիսին: Քանի որ հանձնախմբում կոնկրետ Հայաստանում ապրող հայեր չեն միայն, նաեւ նախատեսվում է, որ կլինեն այլ ազգերից շահագրգիռ մարդիկ, որոնք միջազգային դիվանագիտական փորձ ունեն, հետեւաբար այդ բանակցությունները տարբեր հարթակներում լինելու են: Չեմ կարող դեռեւս ասել. իրենք այդ ուղղությամբ հայտարարություն կտան նախապես մեզ հետ քննարկման արդյունքում՝ առաջին հանդիպումը որ հարթակում է լինելու, բայց արդեն տեղեկացված եմ, որ մոտ ժամանակներս հանձնախումբը արտերկրում հնարավորություն է ունենալու հանդիպում կազմակերպելու, եւ արդեն իրենց առաջին քայլը մենք այդ ժամանակ կտեսնենք:

-Տիկի՛ն Հակոբյան, նաեւ երեկ երեկոյան հանրահավաք էր նախատեսված, որի հիմնական պահանջը ՀՀ իշխանությունների հրաժարականն էր ու Արցախի ընդդիմադիր պատգամավորները եւս հայտարարել էին, որ մասնակցելու են: Ի՞նչ սպասումներ ունեք այս հանրահավաքներից:

-Ես ի սկզբանե հանրահավաքները դիտարկում եմ որպես տեղեկացնելու, նորից հայ ժողովրդի ոգին բարձրացնելու նպատակով: Երեւի բոլորը այդ նպատակով են գալիս: Ինձ համար կարեւոր է Արցախի օրվա խորհրդի գիտակցումը, թե 30 տարի առաջ մենք ինչ որոշում կայացրինք. այդ որոշումը, ես կարծում եմ, հայերի մեծամասնության մոտ նույնն է մնացել, հետեւաբար պետք էր հավաքվել, օրվա խորհրդի շուրջ խոսել, պետք է ցույց տալ հենց այդ միասնությունը: Երբ մենք կլինենք իրականում միասնական, ես կարծում եմ՝ այդ ժամանակ այլեւս խնդիր չի լինի բարձրացնելու ներկայիս իշխանությունների հրաժարականը, նրանք ուղղակի այլեւս անելիք չեն ունենա:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՍԱՌԵՑՎԵԼ ԵՆ

Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուր ափի Ռոքբրուն կապ Մարտեն հանգստավայրում գտնվող Irina Maria վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը: Պաշտոնապես այն պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա իրական շահառուն ռուսական նավթագազային հսկայի՝ «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունն է: Այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, գրել է ֆրանսիական Le Monde թերթը։

 

Ինչպես նշում է Le Monde-ը, վիլլան, որը տեղանքում հայտնի է Villa del Mare անունով, գտնվում է 3 հեկտար հողատարածքում: Այն, բացի բազմահարկ գլխավոր շենքից, ներառում է նաեւ երեք լողավազան, թենիսի կորտ եւ ուղղաթիռի հարթակ։ Այս գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։

Վիլլայի սեփականության իրավունքը, ինչպես նաեւ սեփականատեր ընկերության՝ SNC Maritime Villa Holding-ի բաժնետոմսերը սառեցնելու հրամանը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ով։

 

Ինչպես նշում է AFP-ն, Irina Maria վիլլայի նկատմամբ հետաքննությունը վարել է Փարիզի դատախազության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը (Junalco)՝ 2009 թվականի դեկտեմբերի 11-ից Փարիզում, Կիպրոսում, Ռուսաստանում եւ Ռոկբրուն-Կապ Մարտինում կատարված փողերի լվացման փաստերով:

Նշվում է, որ 2016 թվականին «Գազպրոմ Նեֆտ»-ը՝ «Գազպրոմ»-ի նավթային դուստր ձեռնարկությունը, վիլլան վաճառել է Սամվել Կարապետյանին։ Այնուամենայնիվ, Junalco-ի նախաքննության ընթացքում բազմաթիվ փաստեր են բացահայտվել, որոնք վկայում են այն մասին, որ վիլլան իրականում երբեք դուրս չի եկել «Գազպրոմ Նեֆտ»-ի վերահսկողությունից. հայտնում է Le Monde-ը:

Լրագրողների կողմից վերլուծված փաստաթղթերի համաձայն՝ Սամվել Կարապետյանը «Գազպրոմ Նեֆտ»-ից անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող Maritime Villa Holding SNC ընկերության բաժնետոմսերը գնել է «Գազպրոմբանկ»-ի կողմից տրամադրված 115 միլիոն եվրոյի վարկի շնորհիվ։ Վերջինս պատկանում է «Գազպրոմ»-ին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը համարվող Յուրի Կովալչուկին։

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը նախորդ տարի իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ճանապարհային վթարների պատճառներին։ Ըստ նրա՝ վթարների մեջ իր ուրույն եւ վատ իմաստով «ծանրակշիռ» դերն ունի նաեւ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատումը, որը բերում է տեսանելիության կտրուկ անկման, ինչն էլ հենց ինքնին հաճախ պատճառ է դառնում վթարների: Այս գրառումից եւ առաջարկվող օրենքի փոփոխությունից հետո վարորդների շրջանում սկսվեց խուճապը, եւ բոլորը համատարած «ազատագրեցին» մեքենաների դիմային եւ կողային ապակիները մուգ թաղանթապատումից։ Հետո սկսվեցին տուգանքներ հորդել դեպի պետական բյուջե։ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ասում էր, որ մգեցված ապակիներով մեքենա վարելը հանրապետության օրենսդրությամբ շատ ավելի վաղ արգելված էր, սակայն տուգանքներ չէին կիրառվում, քանի որ ոստիկանությունը հագեցած չէր մթության աստիճանը չափող սարքերով (տաումետրերով): Հավելենք նաեւ, որ վարորդներին տուգանելու հիմքում ընկած է «Անիվային տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը։ Սակայն, օրերս՝ ArmLur.am-ի պատրաստած ռեպորտաժից հետո, որտեղ խոսվում էր այս օրենքի գործարկման եւ արտոնյալ վարորդների մասին, քաղաքացիներից մեկն արձագանքեց՝ հիմնավորելով, որ իրեն 25 հազար դրամ տուգանելուց հետո դիմել է դատարան եւ շահել դատը։ Բանն այն է, որ մեր զրուցակցին ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի շեմը գերազանցելու համար ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունը տուգանել էր՝ ՀՀ կառավարության թիվ 955-Ն որոշման հավելված 2-ի 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության եւ Մաքսային միության հանձնաժողովի թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 8-րդ հոդվածի 4.3 կետի հիմքով: Քաղաքացին բողոքարկել էր տուգանքը՝ գտնելով, որ այն անհիմն է եւ ենթակա է վերացման։ Հայցվորը պարեկից պահանջել է, որ նշվի, թե ինչ տեխնիկական սարքով են կատարում չափումը, եւ նշում արվի արձանագրության մեջ, սակայն պարեկը պատասխանել է, որ ինչ սարք տրամադրել են, նրանով էլ կատարել են չափումը: Հայցվորի պահանջները որեըէ կերպ չեն կատարվել, խախտվել են վերջինիս իրավունքները, եւ անհիմն ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հայցվորը ներկայացնում է նաեւ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից ներկայացված նյութերից բացակայում է նշված ստուգաչափող սարքավորման՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական բնութագրի, ինչպես նաեւ ՀՀ տարածքում թիվ 092191 ստուգաչափման վկայականով սարքավորումներն օգտագործելու թույլտվության վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումները, որը ՀՀ օրենսդրական պարտադիր պահանջ է՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածով:

Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 




Լրահոս