«ՍԱ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը՝ նշելով, որ եթե իսկապես թանկանա տրանպսրտի վճարը, ապա իրենք փողոցային ակցիաներ են սկսելու:

 

-Պարո՛ն Թեւանյան, քաղաքային իշխանությունները մտադիր են թանկացնել տրանսպորտի ուղեվարձը, ընդ որում՝ կտրուկ: Կարծես հանրային դժգոհություններից հետո մտադիր են որոշակի զիջումների գնալ. հիմա նախագիծը քննարկման փուլում է, առաջիկայում կրկին ներկայացվելու է ավագանու նիստին: Այս մասին ի՞նչ կասեք, ի՞նչ փոփոխությունների, ըստ Ձեզ, նախագիծը կենթարկվի:

-Քաղաքային իշխանությունները ձեւավորվել են կուլիսային, ստվերային, որ լեգիտիմ տարբերակով, որովհետեւ սա փոքրամասնության իշխանություն է, եւ անընդհատ թանկացումների է գնում՝ տեղական տուրքերը ավելացնել, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները թանկացնել, հիմա էլ անցել են տրանսպորտին: Մենք արդեն ապացուցել ենք  իրենց իսկ տված թվերով, որ իրենք ստում են, երբ ասում են, որ ինքնարժեքը 200-230 դրամ է ավտոբուսի համար: Մենք իրենց թվերով ապացուցել ենք, որ դա 130-ից ավելի չէ: Իրենք ակնհայտորեն հետապնդում են  գերշահույթներ՝ տրանսպորտի գինը թանկացնելով: Այո՛, իրենք վախեցան հանրային դժգոհությունից, կես քայլ արեցին. իրենք ուզում են նոր օրինագիծ մտցնել, որտեղ կոսմետիկ փոփոխություններ  են լինելու, եւ մինչեւ 260 դրամ ավտոբուսի ուղեվարձը թանկացնելը կարող է մեկ կամ երկու տոկոսով իջնել, բայց մեծ հաշվով  թանկացումը մնալու է:

-Այսինքն՝ որոշակի մեղմացումներ կլինե՞ն:

– Մեղմացումները գիտեք ո՞րն է. ոնց որ մարդուն տանես գնդակահարության, եւ գնդակահարությունից առաջ որոշես ծեծել, հետո նոր գնդակահարել, հետո հայտարարում ես, որ, դե լավ, գնդակահարությունից առաջ չենք ծեծի, եւ դա համարվում է հումանիզմ. ի վերջո, գնդակահարելու են, ի վերջո, թանկացնելու են: Իրենք էլ ժամանակին, իբր, պայքարում էին թանկացումների դեմ: Հիմա մենք մեր առաջարկն ենք ներկայացրել, որով առաջարկում ենք, որ գինը մնա նույնը, թոշակառուների, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամների համար տրանսպորտը լինի անվճար, իսկ նրանք, որոնք չորսից ավելի անգամ են օգտվում տրանսպորտից օրվա մեջ, մենք առաջարկում ենք աբոնեմենտ, որն ավելի էժան կդառնա, քան 100 դրամը: Այս դեպքում քաղաքացին նախապես է վճարելու 1 օրվա, 7 օրվա, 1 ամսվա կամ 1 տարվա համար, այդ միջոցները կուտակվելու են տրանսպորտային համակարգի մեջ եւ ցիրկուլացիա են ապահովելու, որովհետեւ մարդն այսօր վճարելու է եւ մեկ տարվա ընթացքում նոր սպառելու է: Իրենք առաջարկում են 110 000 դրամ տարեկան, մենք առաջարկում ենք նույնը  35000 դրամ, որը համարժեք է Թբիլիսիի գներին: Եթե Թբիլիսիում դա հնարավոր է դարձել, մեզ մոտ  էլ կդառնա: Եթե ասում են՝ մենք չունենք այդ հնարավորույթունը, ուրեմն կա հասկացություն, կոչվում է սուբսիդիա կամ լրավճար, որը պետք է արվի ե՛ւ տեղական, ե՛ւ պետական բյուջեից, որովհետեւ Հայաստանը սոցիալական պետություն է հռչակված, եւ տրանսպորտի ոլորտը հատկապես սոցիալական լայն ընդգրկում ունի: Հազար ու մի ուղղություն կա, որտեղից կարելի է գտնել այդ  միջոցները. այդ իրենց անիմաստ թանկարժեք ծախսերը, կեղծ երդման արարողությունները, մեկ անձից գնումները՝ կոռուպցիոն ռիսկերով, պարգեւավճարները. սրանք բոլորը հնարավորություն են տալիս այդ միջոցները ուղղել այն փաթեթին, որը մենք ենք ներկայացնում:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԷԼԻ ՏՈՒԺԵԼՈՒ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ

«Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները շատ կարճ ժամանակահատվածում որոշեցին, որ քաղաքացին իր բարեկեցությունը պետք է ապահովի օրերցօր բարձրացող հարկերի, տուրքերի ու վճարումների հաշվին։ Մի կողմից՝ պետք է վճարի բարձր հարկերը, մյուս կողմից՝ բարեկեցիկ լինի»,- իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Խոպանչիների հետաձգված հարկը միակը չէր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում էապես բարձրացել են հարկերը, տուրքերն ու վճարները։ Առաջիկայում եւս սպասվում են հարկային նոր փոփոխություններ։

2023թ. հուլիսի 1-ից  նոր կարգով են հարկվում միկրոձեռնարկատիրության սուբյեկտները։ Հարկը հաշվարկվում է վճարվող աշխատավարձի 20 տոկոսի չափով։ Այսինքն՝ մեկ աշխատողի համար միկրոձեռնարկատիրության դեպքում ոչ թե հաստատուն 5 հազար դրամի չափով է եկամտային հարկ վճարվում, այլ գործատուն  վճարում է  20 տոկոս եկամտահարկ։ Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի նպատակն էր փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման հարմարավետ եւ պարզ պայմաններ, արդյունքում միկրո-ով աշխատելը դարձել է շատ բարդ եւ ոչ ցանկալի։

Հաջորդ տարվանից ամբողջական ծավալով կգործի գույքահարկի մասին օրենքը։ Մեր քաղաքացիները կզգան գույքահարկի վերջնական բեռը։ Իշխանություններն օրենքն ընդունելիս դիմեցին սանդղակով անցում կատարելու լավ մտածված մեթոդին, որպեսզի գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը անցնցում լինի։ 2025թ. ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ստացել են որպես ժառանգություն, գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից եւ ունեն ցածր եկամուտ։

Երեւանում կտրուկ բարձրացել են  շինթույլտվությունների տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը։ Կառուցապատող ընկերություններն արդեն նախազգուշացնում են, որ նորակառույց շենքերի առանց այն էլ ոչ մատչելի, բնակարանների գները 10-15 տոկոսով կբարձրանան։  Տուժելու են եւ՛ կառուցապատողները, եւ՛ բնակարան ձեռք բերող քաղաքացիները։ 2024թ-ի սեպտեմբերից հավելյալ պետական տուրք են վճարելու տաքսու վարորդները։ Առցանց պատվիրված յուրաքանչյուր տաքսի-փոխադրման համար կգանձվի վճար, որը մինչեւ 2026թ. կհասնի 5 տոկոսի։ Պահանջվելու է նաեւ տաքսիներում ՀԴՄ-ներ ունենալ եւ էլեկտրոնային կտրոն տրամադրել։ Սա կարող է ազդել նաեւ տաքսու գների բարձրացման վրա։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական եւ նոտարական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից բացառել գործունեության այս տեսակները շրջանառության հարկի համակարգում: Ի՞նչ հետանքներ կարող է ունենանալ այս որոշումը. մարզերում տարեկան ընդամենը մի քանի տասնյակ գործարք անող նոտարական գրասենյակները պարզապես կփակվեն, իսկ փաստաբանական ծառայությունների արժեքը կբարձրանա։ Իհարկե էլի տուժելու է սովորական քաղաքացին։

Բայց այստեղ նշմարվում է նաեւ թաքնված դրդապատճառ՝ պատժել փաստաբանական հանրույթին, որը հակադրվում է իշխանության իրավական կամայականություններին»։

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՓԱԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Խորհրդարանում  երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական պատգամավորների փակ հանդիպումը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը 3 ժամից ավել է տեւել: Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է մյունխենյան բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումը:

Ըստ էության, Փաշինյանը թիմակիցներին ակնարկել է, որ առանձնապես մեծ առաջընթաց չկա բանակցային գործընթացում, մյունխենյան հանդիպումն էլ հերթական հանդիպումն էր, ու կարեւոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:

Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականները հարցեր են ուղղել նրան:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը  ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորությամբ: Այս մասին  տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ» (ԱԽՈԵ) ծրագրի ամփոփման եւ նոր ծրագրեր նախաձեռնելու հեռանկարները:

Նախարարը ողջունել է հյուրերին, կարեւորել ԲՏԱ նախարարության եւ Համաշխարհային բանկի միջեւ ձեւավորված գործընկերությունը, ներկայացրել նախարարության գործունեության առաջնահերթ ուղղությունները:

Մխիթար Հայրապետյանը խոսել է տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացմանն ուղղված նոր օրենսդրական փաթեթի մշակման մասին, ներկայացրել մանրամասներ ՏՏ համայնքի հետ անցկացվող քննարկումների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացի վերաբերյալ:

Կարոլին Գեգինատը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, խոսել ԱԽՈԵ-ի կատարման ընթացքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության գործընկերների հետ ձեւավորված արդյունավետ համագործակցության մասին: Կարոլին Գեգինատը նաեւ իր տեսակետն է հայտնել Հայաստանում ՏՀՏ ոլորտի տպավորիչ զարգացման եւ աշխատաշուկայի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում թվայնացման գործընթացին եւ նախարարության առաջատար դերակատարմանը, արհեստական բանականության գործիքների կիրառմանը, ստարտափ էկոհամակարգին, կրթական ծրագրերին:

Նշված համատեքստում նախարարն ընդգծել է, որ հետազոտությունը եւ զարգացումը (R&D) նախարարության առաջնահերթ ուղղություններից է:




Լրահոս