«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք նախորդ ներխուժումներից հետո Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը եւ ռազմական էսկալացիայի հրահրման փորձերը դեռ շարունակվում են: Ապօրինի ուժի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջների: Ներկայումս Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արեւմտյան Ադրբեջան», եւ դրա նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի իր ելույթում։
Իր ելույթի սկզբում Միրզոյանը Հայաստանի անունից շնորհավորել է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր Բյուրոյին՝ Մարոկկոյի դեսպան Ն.Գ. Օմար Զնիբերի նախագայությամբ, եւ մաղթել լավագույնն այս հեղինակավոր կառույցի ղեկավարման գործում:
«Մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՄԱԿ գլխավոր քարտուղարը զգուշացնում էր մարդու իրավունքների նկատմամբ հանրային անտարբերության եւ անհատական արհամարհանքի աճի մասին: Նա կոչ արեց լինել պատմության ճիշտ կողմում, նեցուկ կանգնել մարդու իրավունքներին ամենուր եւ բոլորի համար:
Անշուշտ, աշխարհն ավելի վտանգավոր վայր է դառնում, երբ մարդու իրավունքների նկատմամբ հավատարմությունը նվազում է, երբ մեր ընդհանուր սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես՝ միջազգային իրավունքը, մարդու իրավունքները եւ հումանիտար իրավունքը անտեսվում եւ զանգվածային կերպով ոտնահարվում են:
Հայաստանն այս հեղինակավոր խորհուրդը դիտարկում է որպես աշխարհով մեկ մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման առանցքային հենասյուներից մեկը: Սա է պատճառը, որ Հայաստանն այս նստաշրջանում վերստին ներկայացրել է Ցեղասպանության կանխարգելման բանաձեւը: Վստահ ենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է շարունակի իր ներդրումը ցեղասպանության ողբերգությանը հակազդելուն ուղղված միջազգային ջանքերում, այդ թվում՝ գտնելով վաղ կանխարգելման եւ վաղ գործողությունների կարողությունների կատարելագործման ուղիներ»,- նշել է Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարի պնդմամբ՝ սկսած 2020-ից մարդու իրավունքների միջազգային իրավունքը ու միջազգային հումանիտար իրավունքը Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակաբար խախտվել են, եւ վերջին երեք ու կես տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է ագրեսիայի ու պատերազմի, արտադատական սպանությունների, կամայական կալանքների, բռնի անհետացումների, կտտանքների, սովահարության եւ անմարդկային վերաբերմունքի այլ դրսեւորումների տառապանքներով: «Նրանք ստիպված էին դիմակայել Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ միակ կապը հանդիսացող Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակմանը, որից հետո Ադրբեջանի կողմից իրականացված նոր ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանի բնիկ հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
«ԱՅԴ ՎՏԱՆԳԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է»
ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի մյունխենյան բանակցություններից:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ մեծ է Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունը, պատգամավորը նշում է՝ նման վտանգ միշտ էլ կա:
-Պարո՛ն Խանդանյան, երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իշխանական պատգամավորների հետ, ամփոփել են Մյունխեն այցի արդյունքները: Կխնդրեմ, որքանով հնարավոր է, մի փոքր մանրամասնել՝ ինչ է նա ասել, մասնավորապես՝ նա Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ շատ հավանական է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Ինչո՞ւ, ի՞նչ են այնտեղ զրուցել, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց:
-Ուղիղ չեք մեջբերում վարչապետին. վարչապետը խոսել է լարվածության աճի մասին, այնուամենայնիվ, Մյունխենի հանդիպումից հետո այլ հայտարարություններ էլ են եղել: Տեղի է ունեցել հանդիպում, որտեղ խոսվել է սկզբունքների մասին, որոնք հայտնի են եւ կողմերի միջեւ դեռեւս համաձայնեցվել էին անցած տարվա ամռանը, եւ ընդհանուր տրամաբանությունն այն է, որ պետք է աշխատանքները շարունակվեն խաղաղության պայմանագրի շուրջ, դրա համար էլ առաջիկայում արտգործնախարարները կհանդիպեն:
-Պարո՛ն Խանդանյան, այդ դեպքում ինչո՞ւ հանկարծ Նիկոլ Փաշինյանը նման եզրահանգման եկավ, արդյոք Ադրբեջանի նախագահի հետ բանակցություննե՞րն են նման առիթ տվել. ինչո՞ւ նման գնահատական տվեց, որ, հնարավոր է, Ադրբեջանը կրկին հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա:
-Այդ եզրակացության համար հանդիպել պետք չէր. Դուք հիշում եք սահմանային լարումը եւ նաեւ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչեցված հայտարարությունները, հռետորաբանության ագրեսիվացումը, եւ այս իրավիճակում, քանի դեռ համաձայնություններ ձեռք չեն բերվել, կա նման վտանգ: Այդ վտանգը հենց այս պահին չծագեց, այդ վտանգը շարունակական է: Դա ընդհանուր իրավիճակի վերլուծության արդյունք է, դա հանդիպման հետ ուղղակի կապ չունի:
-Պարո՛ն Խանդանյան, նաեւ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, ըստ էության, ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության գործունեությունը այս պահի դրությամբ սառեցված է, ինչին հաջորդեց ՀԱՊԿ-ի արձագանքը, այնուհետեւ այլ երկրներ նույնպես արձագանքեցին: Արդյոք Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությամբ սկիզբ դրե՞ց ՀԱՊԿ-ից դուրս գալու գրոծընթացին:
-Դա իրականում վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունների՝ գոյություն ունեցող իրավիճակի արձանագրումն է: Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ ֆորմատով հանդիպումներին եւ վեհաժողովներին: Պատճառների մասին մենք գիտենք. ՀԱՊԿ-ի գործողությունների կամ գործողությունների բացակայության հետեւանքով: Այո՛, այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ պետք է արձանագրել, որ բովանդակային առումով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են: Իսկ ինչ վերաբերում է՝ դուրս գալու մեկնարկ է, թե ոչ, սա ժամանակի հարց է, ես չեմ կարող հիմա նման հայտարարություն կամ պնդում անել, բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել այս իրավիճակը եւ այս իրավիճակում ՀՀ-ն, ըստ էության, չի մասնացում ՀԱՊԿ-ի աշխատանքներին:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՏԵՂԱԿԱԼԻ ԿՆՈՋ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի հայտարարագրերը լավագույնս արտացոլում են ՔՊ-ական իշխանավորի հետհեղափոխական դասական կյանքի ուղին։ ՀՀ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Արտյոմ Սմբատյանը մինչեւ 2018-ը աշխատում էր Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունում որպես օպերլիազոր։ Հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ի հուլիսից մինչեւ սեպտեմբեր, աշխատել է Առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, նոյեմբերից դեկտեմբեր՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 2019թ.-ի մարտից մինչ դեկտեմբեր Սմբատյանը եղել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։ Այդ ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Սմբատյանն իրավունք չուներ զբաղեցնելու Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ չի համապատասխանել այդ պաշտոնին առաջադրված պահանջներին։ Գլխավոր քարտուղարից հետո Սմբատյանը նշանակվեց առողջապահության փոխնախարար, պաշտոնավարեց երկու տարի, իսկ 2021թ.-ի օգոստոսին նշանակվեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Առողջապահական ոլորտում Սմբատյանի անցած ուղին մեծ հնարավորություններ է տվել ոչ միայն իրեն, այլ նաեւ կնոջը եւ զոքանչին։ Այսպիսով, եթե Սմբատյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը, 2019 թվականին «Սուրբ Գրիգոր Լուսավորչ» ԲԿ-ում վարձատրվում էր տարին 3,4 միլիոն դրամ, ապա մեկ տարի անց նրա տարեկան աշխատավարձը գրեթե կրկնապատկվում է` դառնալով 5,1 միլիոն դրամ։ Եվ այս կտրուկ փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Մկրտչյանի ամուսինը ճամփորդում է առողջապահական ոլորտի ցանկալի պաշտոններով։ Ավելին՝ 2020 թվականին բժշկուհին՝ Գոհար Մկրտչյանը, սկսում է աշխատել միանգամից 3 հիվանդանոցում, իսկ մեկ տարի անց վաճառում է իր Nissan մակնիշի ավտոմեքենան եւ նույն օրը եռակի թանկ՝ 6,2 միլիոն դրամով, ձեռք է բերում BMW մակնիշի ավտոմեքենա։ Սմբատյանի զոքանչի մասին դեռ 2022 թվականին մամուլը գրել էր, որ Կարինե Համբարյանի նյութական վիճակը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ 2019թ.-ին իր անունով ուներ գրանցված միայն մեկ բնակելի տուն, որը ժառանգություն է։ Նա հասցրել է ձեռք բերել նաեւ մեկ բնակելի տուն Աջափնյակ վարչական շրջանում եւ բնակարան Աջափնյակում։ Համբարյանի անունով գրանցված գույքերից ամենատպավորիչը Երեւանի Աբովյան փողոցում ձեռք բերված երկհարկանի բնակարանն է։ Ստացվում է, որ ոչ միայն պատգամավորներն ու նախարարներն են օգտվում իրենց ընձեռնված «հնարավորությունից», այլ նաեւ նրանց ընկերները։ Այդ ընկերները, ստացվում է, ավելի շատ ունեցվածք են կուտակում, քան նրանց հովանավորողները։