ՖՈՏՈ. Նորաձևության առաջին դրսևորումը. ազգային տարազ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային տարազ. նորաձևության առաջին դրսևորումը, որը տարբեր տարածաշրջաններում, տարբեր մշակույթ կրող մարդկանց հնարավորություն է տվել արտաքնապես տարբերվել միմյանցից:

Մարդկության պատմության զարգացման ընթացքում մարդիկ սկսել են հագուստ կրել դեռևս քարե դարում՝ սկզբում տերևների միջոցով ծածկելով մարմինները, ապա մանածագործության ի հայտ գալուց հետո ստեղծվել են առաջին կտորներն ու հագուստները: Ի սկզբանե հագուստն ուներ պաշտպանական նշանակությունը. այն պաշտպանում էր խոնավությունից, փոշուց, քամուց, սակայն ժամանակի ընթացքում այն ստանում է գեղագիտական նշանակություն և սկսում ցույց տալ մարդու դիրքը հասարակությունում:

Տարբեր տարածաշրջաններում հագուստը տարբեր էր՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով, մշակույթով և առկա հումքով: Ավելի ուշ շրջանում, երբ ձևավորվել և զարգացել են ճարտարապետությունն ու նկարչությունը, հագուկապի մշակույթը նույնպես զարգացում է ապրել: Տարբեր երկրների միջև առևտրական կապերն ու ճանապարհորդությունները էլ ավելի են զարգացրել հագուստի արտադրությունը: Այս ընթացքում էլ տարբեր մշակույթ կրող մարդիկ միմյանցից սկսվել են տարբերվել իրենց ազգային տարազով, որն արտացոլում է իրենց մտածողությունն ու ինքնությունը, ազգային խառնվածքը:

Դարեր շարունակ ազգային տարազները ենթարկվել են բազմաթիվ ազդեցությունների և փոփոխությունների՝ մինչև վերջնական ձևավորվելը: Յուրաքանչյուր տարածաշրջանում տարազի գույները արտահայտել են բնության մեջ առկա պիգմենտները: Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ավելի ուշ տարազներում ի հայտ են եկել մանուշակագույնը, որը հատկապես ներառված է հոգևորականների զգեստներում, կանաչը և կապույտը:

Հայ իրականության մեջ տարազը արտացոլում էր կրողի դիրքը, ֆինանսական կարգավիճակը, ամուսնացած լինել-չլինելը: Օրինակ կնոջ հարուստ լինելու մասին կարելի էր հասկանալ տարազի վրա առկա ոսկե կամ արծաթե թելերից ասեղնագործություններից:

Միմյանցից տարբերվել են նաև առօրյա և տոնական հագուստները: Վերջիններս ունեցել են հմայական, պահպանական հատկությունը՝ նպատակ ունենալով կրողին հեռու պահել փորձանքներից: Ֆինանսական կարգավիճակը պարզ է դարձել նաև կտորի որակից. մետաքսե հագուստներ կրել է հարուստ խավը, իսկ միջին և աղքատ խավը կրել է բամբակ, վուշ, բուրդ:

Հայկական կանացի տարազների անբաժան մասն են կազմում ասեղնագործությունները և զարդերը, որոնք, ըստ հասարակության մեջ կնոջ ունեցած դիրքի, պատրաստված են եղել արծաթից կամ ոսկուց: Տղամարդկանց տարազը հիմնականում պատրաստված են եղել բամբակից, մետաքսից կամ բրդից: Տղամարդկանց տարազի դեպքում նույնպես, ասեղնագործությունն իր ուրույն տեղն ունի: Սակայն պետք է առանձնացնել նաև արծաթյա գոտին, որը հասունության խորհրդանիշ է համարվել: Իսկ հարուստ տղամարդիկ ոսկե գոտիներ են կրել:

Հայկական տարազը ձևավորվել է երկու՝ արևմտահայկական և արևելահայկական ուղղություններով, քանի որ դերևս 4-րդ դարից Հայաստանը մասնատված էր և յուրաքանչյուր տարածքում որոշակի ազդեցությունների էին ենթարկվում թե՛ մշակույթը, թե՛ կենցաղը, թե՛ բարքերը: Սակայն երկու ուղղություններում էլ պահպանվել են տարազի հիմնական բաղադրիչները, տեսքն ու գունապնակը:

Կանացի արտաքին հագուստը բավականին բազմազան է՝ զգեստներ, բաճկոնակներ և անթև հագուստներ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից կրել են կարմիր և երկար տաբատներ՝ ստորին մասում ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույնն են եղել, սակայն որոշակի տարբերություններով. շապիկը սպիտակ էր, պարտադիր առկա էր ասեղնագործությունը և գոգնոցը։ Կնոջ հագուստի մաս են կազմել նաև տրեխները, կոպին (գլխարկ) և փուշին՝ թաշկինակը:

Որոշ շրջաններում հագուստի անբաժան մաս է կազմել նաև գլխաշորը և թողը, որոնք հաճախ ցույց են տվել կնոջ դիրքը: Օրինակ Սյունիքում կանայք ամունությունից հետո սպիտակ կտորով փակել են բերանը՝ մինչև առաջնեկ որդու ծնունդը: Դա խորհրդանշել է նորահարսի կարգավիճակը, որը որդու ծնունդով փոխվել է տանտիրուհու կարգավիճակի: Իսկ Արևմտահայաստանի որոշ շրջաններում կանայք սկսել են գոգնոց կրել ամուսնության օրը, ինչը խորհրդանշել է արգասաբերություն և պտղաբերություն:

Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:

Շարունակելի…

Հուրի Բաղդասարյան




Լրահոս