ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԵՐՋԻՆ ԱԼԻՔ
Երեկ` երեկոյան, երբ մեզանից շատերը սրտի թրթիռով սպասում էին Փարիզում ընթացող աշխարհի առաջնության շրջանակներում հայ ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի ելույթին, Հ1-ը 20:50-ի սահմաններում ընդհատեց մեր մարզիկի ելույթը եւ սկսեց ցուցադրել գովազդային հոլովակներ ամբողջ 10 րոպե, իսկ հետո, երբ սկսվեց «Առաջին լրատվական»-ը եւ միացում եղավ Փարիզի հետ, մեր մարզիկն արդեն ավարտել էր իր ելույթը: Հետաքրքիր է` պետական փողերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը մինչեւ երբ է նյարդայնացնելու հայ հասարակությանը:

ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՀԱՅՑԸ ԼՍՎՈՒՄ Է
Նախորդ օրը կայացել է ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի` ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Օտարերկրացուն ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու մերժման վերաբերյալ» հուլիսի 19-ի որոշումը վերանայելու պահանջով նախնական դատական նիստը: Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 5-ին` ժ.15:30-ին: Հնարավոր է` այն լինի դռնփակ:

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ ՏՈՒԺՈՒՄ

«Շատ բնական եմ համարում պետական բուհերի ռեկտորների արձագանքը: Եթե շրջանցվում է պետական կառավարման լիազոր մարմինը` ի դեմս ԿԳ նախարարության, ապա հարցը համակարգային քննարկման եւ լուծման ենթակա չէ»,-Aravot.am-ին ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով վերջերս մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը խուսափել է դիմել ՀՀԿ-ական նախարարին եւ  «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անունից դիմել է մի շարք բուհերի ռեկտորների` խնդրելով  ներկայացնել լավ սովորող ուսանողների անուններ, սակայն պատասխան չի ստացել:

ԻՆՉՊԻՍԻ՜ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Կարապետյանը հիասթափվել է ՀԱԿ-ից, քանի որ Կոնգրեսի վերջին հանրահավաքին գնացած Կարապետիչի վրա ուշադրություն չեն դարձրել. «Ոչ ոք չմոտեցավ ինձ, ոչինչ չասաց, էլ չեմ ասում, որ անգամ ժողովրդին տեղյակ չպահեցին իմ այնտեղ գնալու մասին: Էլ ինչի՞ պիտի ասեին, որ հանկարծ կուրախանային, կծափահարեին, իրենցից բացի, ուրիշ մեկին»: Ամենից շատ, սակայն, Կարապետիչին հիասթափեցրել է Հրանտ Բագրատյանը. «Ասում է` իշխանություններն այնքան էլ ճիշտ չեն գործում, այնինչ պիտի ասի, որ իշխանություններն ամեն րոպե խաբում են, քցում ու թալանում»:

ԲՀԿ-ԱԿԱՆԸ ԳՈՎՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ
«Դիրքի ամրապնդում իրականացնում են այն ուժերը, որոնք գտնում են, որ դա պետք է, իսկ ԲՀԿ-ում նման պաշտոնանկությունների ու վերադասավորումների անհրաժեշտությունը չկա»,-անդրադառնալով վերջին կադրային փոփոխություններին` ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Մեզ մոտ` ԲՀԿ-ում, չկա այդ մոտեցումը` բաժանել մարդկանց յուրայինների եւ ոչ յուրայինների, ահա թե ինչու մեր թիմում կարող են աշխատել ե՛ւ ՕԵԿ-ականներ, ե՛ւ չի բացառվում, եթե անհրաժեշտ լինի, նաեւ ՀԱԿ-ից: ՀԱԿ-ը մի ժամանակ խելոք մարդկանց հավաքատեղի է եղել, որոնք կառուցել են էս երկիրը, նրանց ընդդիմադիր կեցվածքը նույնպես կառուցողական է»,-ասաց Վարդան Բոստանջյանը:




Լրահոս