Այսօր՝ մարտի 7-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ տնտեսության դիվերսիֆիկացումը այն իրավիճակը չէ, երբ քո մեկ խոշոր առևտրային գործընկերը փոխարինվում է մեկ այլով, այլ այն, երբ դու ունես մի քանի խոշոր առևտրային գործընկերներ և բազմաթիվ փոքր առևտրային գործընկերներ:
«Տնտեսության դիվերսիֆիկացումը մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, և աշխարհի երկրներն էլ իրենց չափով համաչափ կախված են լինում Հայաստանից: Սա փոխադարձ գործընթաց է»,-ասել է նա:
ArmLur.am-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ է սա իրենից ենթադրում և ի՞նչ զարգացումներ կարող է լինի.
«Հայաստանի արտահանման 40 %-ը կամ 35%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, սա ցույց է տալիս, որ ռուսական քաղաքականության փոփոխության արդյունքում Հայաստանը կարող է բավականին լուրջ տնտեսական խնդիրների առջև կանգնել: Նման իրավիճակ է նաև մեր ներքին տնտեսության կառուցվածքում՝ առևտուր, ծառայություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն: Վերջին տարիներին առևտրի ծառայության մասնաբաժինը աճում է այն դեպքում, երբ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, որի հիմնական արտադրանքը ունի բավական փոքր աճ կամ անկում: Այսինքն՝ մենք վերջին 6 տարիների ընթացքում ճիշտ հակառակ ուղղությամբ ենք գնացել»:
Էմմա Մարտիրոսյան