ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՑԱՆՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024թ. փետրվարի 29-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ երկու երիտասարդ կապույտ գույնի «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են թմրամիջոցներ եւ բջջային հեռախոսով նկարել են տեղադրման վայրերը՝ հետագայում համացանցով վաճառելու համար։

 

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից նույն օրը նշված անձինք ավտոմեքենայով հայտնաբերվել են Ստեփանավան քաղաքի «Ձորագետի կիրճ» կոչվող տեղանքում եւ տեղափոխվել ոստիկանության բաժին։ Պարզվել է, որ վերջիններս Երեւան քաղաքի 29 եւ 37 տարեկան բնակիչներ են։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նշված տղամարդիկ, առերեւույթ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են։

Նախաքննության շրջանակում իրականացված վարութային եւ ապացուցողական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված անձինք նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հավելվածում գրանցված համապատասխան կայքէջի օգտատիրոջ կողմից նախօրոք ուղարկված՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող տեղակայման վայրից 2024թ. փետրվարի 24-ից 25-ին քննությամբ դեռեւս չպարզված անձից իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել ընդհանուր 19,42 գրամ քաշով 34 առանձին, սեւ եւ սպիտակ փաթեթներում փաթեթավորված «Մարի­խուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք փետրվարի 29-ին ավտոմեքենայով տեղա­փոխել են Լոռու մարզ։ Հետագայում վարձատրություն ստանալու նպատակով առանձնացված փաթեթները նրանք տեղադրել են Ալավերդի, Ստեփանավան քաղաքների տարբեր վայրերում, որոնք հայտնաբերվել եւ վերցվել են համապատասխան քննչական գործողության արդյունքում։

Դատարանի որոշման հիման վրա՝ խուզարկություն է կատարվել նաեւ «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել եւ վերցվել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված ընդհանուր շուրջ 498.11 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով 385 փաթեթ, ինչպես նաեւ ապակյա սրվակներով հեղուկներ, մետաղյա տարաներ, որոնց մեջ առկա են եղել կասկածելի փոշենման զանգվածներ։ Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնավերված զանգվածների պարունակությունը պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ նշված երկու երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը, ինչպես նաեւ դեպքի մյուս հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

 

 

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ Է ՆԵՏԵԼ

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հարեւանի տուն պայթուցիկ նետած անձանցից մեկին իրավապահները հայտնաբերել են, ու խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փորձեցինք տեղեկությունը պարզել ՆԳՆ-ից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ մեկ անձ կա կալանավորված, եւ այլ մանրամասներ չհայտնեցին:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվածը խոստովանել է, որ ինքն է պայթուցիկը նետել, իսկ թե ինչ նպատակով, նախաքննությանը չվնասելու համար այս պահին չենք հրապարակում:

ArmLur.am-ը զրուցել էր Նոյ թաղամասի 143/1 տան բնակիչ Արթուր Բաղդասարյանի հետ, որի տան բակում ենթադրյալ հանցագործները պայթուցիկ նյութ էին նետել: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեպքը ո՛չ իր հարազատների, ո՛չ ընտանիքի անդամների հետ չի կարող առնչություն ունենալ: Ավելին՝ վստահեցրեց, որ դեպքից առաջ որեւէ միջադեպ չի եղել, որից դրդված՝ ենթադրյալ հանցագործները կարող էին գալ ու իր բակ պայթուցիկ նյութ նետել: Իսկ թե ինչի են հատկապես իր բակ նետել, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ միգուցե կատարվածը թյուրիմացություն է, ու ամեն ինչ կպարզեն իրավապահները:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները պարզել են, որ փետրվարի 10-ին ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտակայքում ռումբի տեղադրումը որեւէ առնչություն չունի նրա գործունեության կամ, առհասարակ, նրա ընտանիքի անդամների հետ: Իրավապահները պարզել են, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել են Մելքոնյանի հարեւաններին վախեցնելու կամ որեւէ բան հասկացնելու համար:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ենթադրյալ հանցագործները պայթուցիկը գցել են Նոյ թաղամասի 143/1 տան բակ, որը պայթել է, վնասել է Արթուր Բաղդասարյանի տան ապակիները, նրան հասցրել են մոտ 350 հազար դրամի վնաս:

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՍԵՎԱՆՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սեւանի թերակղզում մի խումբ մարդիկ անխնա ծեծել են միմյանց, բանը հասել է դանակահարությանը: Դեպքի վայր են գնացել իրավապահները եւ պարզել են, որ Սեւանի թերակղզու հրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Ս. Սողոմոնյանի, Ն. Սողոմոնյանի, Ա. Ալեքսանյանի միջեւ, որի ժամանակ ծեծկռտուքն այն աստիճանի է թեժացել, որ դանակով հարվածել են Ս. Սողոմոնյանին, եւ նրան դանակահարված տեղափոխել են հիվանդանոց:

Իրավապահները ձերբակալել են Ա. Ալեքսանյանին: Իսկ ինչի՞ց է սկսվել կռիվը:

Ըստ նախնական վարկածի՝ վիճաբանողները Սեւանի թերակղզում մոմավաճառությամբ են զբաղվում, վիճաբանել են միմյանց հետ, որից հետո հանել են դանակը ու դանակահարել վեճի մասնակիցներից մեկին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԿԱՆԱՆՑ ԲԱԽՈՒՄԸ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երեւանի բնակիչ  47-ամյա Նարինե Մ.-ն  եւ հայտնել, որ Մեսրոպ Մաշտոցի պողոտա եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում  բախվել են իր «Range Rover» եւ մեկ այլ վարորդի  «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ երբ ինքն իր ավտոմեքենայի ներսում հեռախոսով խոսել է ԱՊՊԱ աշխատակցի հետ, «Լադա»-ի վարորդը քաշել եւ ճանկռել է իր ձեռքերը՝ պահանջելով դրսում խոսել, իսկ ինքը իջնելուց պատահաբար կանգնել է նրա ոտքին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ոստիկանություն ահազանգ է ստացվել «Լադա»-ի  վարորդ, Երեւանի բնակիչ 31-ամյա Էլիզաբետ Մ.-ից, որը հայտնել է, որ «Range Rover»-ի վարորդը ոտքով հարվածել է իրեն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները Մաշտոցի պողոտա եւ Ամիրյան փողոցի խաչմերուկից ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել երկու վարորդներին։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 




Լրահոս