ԵՌՕՐՅԱ ԱՅՑ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եռօրյա աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում է:

 

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այցի շրջանակում Աննա Վարդապետյանը մարտի 5-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազ Սյու Փրինենին (ՆԹ գլխավոր դատախազների խորհրդի անդամ):

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպման պատրաստակամության համար եւ վստահություն հայտնել, որ հանդիպումը որակապես նոր փուլ կտեղափոխի երկու երկրների դատախազությունների միջեւ առկա համագործակցությունը։

Գլխավոր դատախազների զրույցի ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել քրեական գործերով համագործակցության արդյունավետության բարձրացմանը, փոխգործակցության շրջանակում շարունակական վերապատրաստումների միջոցով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությանը:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարեւորել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագիրը՝ ուղղված Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցման հմտությունների արդյունավետության բարձրացմանն ու զարգացմանը։

ՀՀ գլխավոր դատախազը գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է Երեւանում նախորդ տարի կայացած՝ դատախազության հիմնադրման 105-ամյակին  նվիրված խորհրդաժողովի արդյունքներին եւ տեղեկացրել, որ այս տարվա ապրիլին կրկին Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանում կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով՝ Եվրոպայի խորհրդի եւ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Խորհրդաժողովի նպատակն է համախմբել Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրների բարձրաստիճան դատախազներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու այն մարտահրավերներն ու հեռանկարները, որոնք առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում:

Միջազգային գործընկեր կառույցների հետ համագործակցության հարցերին անդրադառնալով՝ Աննա Վարդապետյանը կարեւորել  է 2024 թվականին նախատեսվող՝ Հայաստանի եւ Եվրաջասթի միջեւ քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի կնքումը եւ առանձնացրել շաբաթներ առաջ գրանցված ձեռքբերումը՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդգրկումը Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում (ENPE)՝ որպես դիտորդ:

Սյու Փրինենի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաեւ Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված փողերի լվացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարին:

Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համագործակցությունը խորացնելու  պատրաստակամություն է հայտնել եւ անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության հարցը շատ կարեւոր է, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսանկյունից։ Այս մասին հայտարարեց Freedom Holding-ի հիմնադիր եւ գլխավոր սեփականատեր Թիմուր Տուրլովը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» Հայաստանում առաջին ներդրումային եւ ֆինանսական համաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ:

 

«Կարծում եմ՝ սա եզակի հնարավորություն է, որը պետք է օգտագործենք, որպեսզի նոր տեխնոլոգիաներ բերենք, մոբիլիզացնենք այն հրաշալի տաղանդներին, որոնցով լի է Հայաստանը: Իրականում, ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության հարցը շատ կարեւոր է, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսանկյունից։ Որքան բարձր է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը, այնքան բարձր է հասարակության բարեկեցության մակարդակը։ Որքան շատ են հանրային կազմակերպությունները, այնքան տվյալ երկրում լավ է կազմակերպվում հարկահավաքությունը։ Որքան շատ են ներդրողները, այնքան ավելի ակտիվ է տնտեսությունը»,- համաժողովի բացման իր խոսքում ընդգծեց նա:

Թիմուր Տուրլովի դիտարկմամբ՝ որպես ներդրող՝ իրեն հետաքրքիր է այն քննարկումը, թե այսօր ինչ հնարավորություններ գոյություն ունեն Հայաստանի համար, եւ ինչպես կարող են ակտիվորեն օգտագործել այդ հնարավորությունները.

«Ներկայումս «Freedom»-ն ավելի քան 1 մլն դոլարի կապիտալ ունեցող ընկերություն է, որը բազմաթիվ տաղանդավոր աշխատակիցներ ունի Հայաստանում, որոնք շատ ուրախ կլինեն իրենց ներդրումն ունենալ ֆինանսական այս ծրագիրը զարգացնելու գործում: Այդկերպ ավելի կայուն ֆինանսական համակարգ կունենանք եւ ավելի երկարաժամկետ ներդրումներ կկատարենք մեր զարգացման մեջ։ Կարծում եմ՝ սա իսկապես կարեւոր քայլ կլինի երկար ճանապարհի համար, որը կնպաստի մեր բարեկեցության աճին, ինչպես նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրացիային հատկապես այն ծրագրերի շրջանակներում, որոնցով հետաքրքրված է Հայաստանի կառավարությունը»:

Բանախոսը նկատեց՝ ֆինանսական շուկաները տարբեր կերպ կարող են զարգանալ. նրանք սկսում են զարգանալ, օրինակ, երբ ներդրողներն ազգային եւ օտարերկրյա արժեթղթեր են ներդնում, նաեւ կորպորատիվ արժետոմսեր եւ պարտատոմսեր։

 

 

 

ԿՈՂՄ ԵՆ ԾՐԱԳՐԻՆ

Փետրվարի 29-ին Իջեւան համայնքի սահմանամերձ Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի են ունցել «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։ Սա  երկրորդ քննարկումն էր Վազաշենում: Հայցվող տարածքը գտնվում է Վազաշեն գյուղից 1,5-1,6 կմ հարավ արեւելք, երեւակման տարածքում առանձնացվում է Կարմիր քարի տեղամասը։ «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է հետախուզումն իրականացնել երկրաբանական երթուղիների, մեխանիկական սյունակային հորատանցքերի, հետախուզաառուների անցմամբ եւ նմուշարկման միջոցով։ 2023-ի սեպտեմբերին Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին է դիմել  «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ն, որին պատկանում է Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ընդերքօգտագործման իրավունքը: 2023թ. սեպտեմբերի 22-ին Իջեւան համայնքի ավագանին որոշել է հավանություն տալ Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար 6,924հա մակերեսով տարածք «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ին հատկացնելու՝ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ երկարաձգելով հողի սերվիտուտի պայմանագիրը մինչեւ 2024թ.-ի մարտի 24-ը, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ: Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ հանրային լսումներին «Էյթի Գրուպ» ՍՊԸ ղեկավարները ներկայացրել են երկրաբանական ուսումնասիրությունների ծրագիրը, լսումներին մասնակցել են Վազաշենի բնակիչները, Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի տեղակալը, մարզպետարանի աշխատակիցներ, բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ: Վազաշենի բնակիչները կողմ են արտահայտվել երկրաբանական ուսումնասիրությունների ծրագրին, քանի որ Վազաշենի հողերի մեծ մասը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, այդ ծրագիրը սահմանամերձ գյուղում որոշակի թվով աշխատատեղեր կապահովի։ Բնապահպանական նկատառումներով  ծրագրին դեմ են արտահայտվել Երեւանից  ժամանած բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով հորատանցքեր փորելու համար «Էյթի Գրուպ» ՍՊԸ-ն  պետք է ստանա «Հայանտառի»  թույլտվությունը, քանի որ այդ տարածքը համարվում է անտառային հողերի գոտի։  «Էյթի գրուպ» ՍՊԸ-ն գրանցվել է 2019թ. նոյեմբերին, այն հիմնադրել են Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում հաշվառված Արմեն Բորիսի Չապուխյանն ու Արաբկիր համայնքում գրանցված Տիգրան Արամի Ավետիսյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս