ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՆԱԽՕՐՈՔ ՉԵՆ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի հրամանով քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու և «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները։

 

Նշենք, որ քաղաքապետարանի հաղորդմամբ՝ քանդման մասին նախօրոք տեղեկացվել էր բնակիչներին, սակայն բնակիչների պնդմամբ՝ ոչինչ էլ նախօրոք չեն իմացել։

ArmLur.am-ը կապ հաստատեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ, ով եղել է դեպքի վայրում, պարզելու համար՝ հարցին ինչ լուծում է տրվել։

«Իմ տեղեկություններով այսօր հանդիպում է ունեցել քաղաքապետի տեղակալը, որոշ ներկայացուցիչներ հանդիպել են նաեւ բնակիչների հետ. դեռ ընթացքում է, բայց այն ինչ հասցրեցին այդ օրը քանդել՝ քանդել են իհարկե»,- մեզ հետ զրույցում ասաց Աբգարյանը։

Աբգարյանի խոսքով՝ նա նաեւ տեղյակ է, որ այդտեղ եղել են ընտանիքներ, որոնք բնակվում էին եւ հիմա դարձել են անօթեւան, սակայն նրանց առաջարկվել են ժամանակավոր կացարաններ։

«Մի ընտանիքի առաջարկվել էր ապրանքները տեղադրել մանկապարտեզում։ Այդ մարդիկ, բնականաբանար, դժգոհ են, որովհետեւ դա հարցի լուծում չէ իրենց համար։ Քաղաքապետարանը մտադրություն է հայտնել, որ ամբողջը քանդելու է։ Այստեղ հարցը այն է, որ տեղի է ունեցել ոչ իրավաչափ վարչարարություն, այսինքն՝ մարդկանց չի տրվել խելամիտ ժամանակ, որպեսզի նրանք կարողանան ազատել տարածքը կամ գտնեն իրենց բնակության համար այլ վայր։ Այս գործողությունները առաջին օրը բարբարոսաբար իրականացվեցին. իրականացվեցին անապահով մարդկանց նկատմամբ, որոնք չէին կարող իրենց ապաստան գտնել, եւ միեւնույն ժամանակ մյուսները, բնականաբար տեսնելով դա, արդեն ժամանակ ունեին դիմելու դատարան. իսկ դա քաղաքացու իրավունքն է»,- ասաց Աբգարյանը։

Աբգարյանը նաեւ նշեց, որ տարածքները, որոնք քանդվեցին, մաքսիմալ չափով կանաչ տարածքներ են եղել, որոնք տեղի բնակիչները իրենց ձեռքով են ստեղծել՝ քարերից ու օձերից մաքրելով։

«Իսկ որտեղ մեծ շինություններ են, այդտեղ նրանք չմտան այդ օրը։ Սա, իհարկե, սարսափելի անարդար, ոչ իրավաչափ մոտեցում է քաղաքապետարանի կողմից»,- ասաց Աբգարյանը՝ եզրափակելով զրույցը։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ

«Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջեւ՝ Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան. Երեւանը պետք է կողմնորոշվի՝ իր անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ԱԺ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

 

Ըստ նրա՝ Հայաստանն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի։

«Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արեւմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արեւմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է՝ Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետեւ վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է. երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», – ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ չբացառեց՝ Հայաստանը կարող է նաեւ դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Կազմակերպության վերաբերյալ Երեւանից հնչող գնահատականներին շաբաթավերջին արձագանքեց նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ընդգծեց՝ հետեւում են Հայաստանի ղեկավարության հայտարարություններին եւ հետեւություններ կանեն սեփական գործնական քայլերը պլանավորելիս: Լավրովի խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ:

Հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ֆոնին Երեւանը խոսում է ոչ միայն ՀԱՊԿ-ին անդամակցությունը դե յուրե սառեցնելու մասին, այլեւ կասկածի տակ է դնում երեք տասնամյակից ավելի Հայաստանի սահմաններին տեղակայված ռուս սահմանապահների գործունեության արդյունավետությունը: Նրանք, բացի հայ-ռուսական պայմանագրով սահմանված գործառույթներից, 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ տեղակայված են նաեւ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, ընդ որում՝ առանց հստակ իրավական հիմքերի եւ մանդատի:

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր պաշտպանական ոլորտում երկկողմ համաձայնագրի շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

«Այսօր մենք ականատես ենք շատ անկայուն իրավիճակի, քանի որ գործ ունենք էքսպանսիոնիստական ուժերի հետ, որոնք անտեսում են միջազգային իրավունքը, միջազգային պայմանագրերը, արժեքները, ՄԱԿ-ի սկզբունքները: Միջազգային հանրության ընդհանուր խնդիրը պետք է լինի այդ մարտահրավերներին դիմակայելը։ Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք կանխել հակամարտությունների էսկալացիան եւ փորձել վերադառնալ խաղաղ իրավիճակին։ Միշտ պետք է գործել միջազգային իրավունքին համապատասխան»,- ընդգծեց Դենդիասը։

Նա նշեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման գործնական քայլերը։

«Այս տարի մենք ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիրը, որին կմասնակցեն երկու երկրների զինված ուժերը։ Նախկինում եւս կարեւոր արդյունքներ ենք ունեցել. Հունաստանի ռազմական դպրոցներում սովորելու համար Հայաստանից բազմաթիվ առաջարկներ են եղել։ Եվ մենք նախատեսում ենք հյուրընկալել շատ ուրիշների եկող տարիների ընթացքում»,- ասաց նախարարը։

Միեւնույն ժամանակ, նախարարը հայտնեց, որ երկու երկրները կարող են հաջող համագործակցություն հաստատել պաշտպանության ոլորտում նորարարական լուծումներ փնտրելու հարցում։

«Ուրախ էի ձեզ տեղեկացնելու Հունաստանի նոր օրենսդրության մասին, որը վերաբերում է հետազոտությունների եւ նորարարությունների նոր կենտրոնին։ Մենք ուրախ կլինենք, եթե Հայաստանի ընկերությունները իրենց ներդրումը ունենան այդ համակարգում»,-եզրափակեց Հունաստանի պաշտպանության նախարարը։

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին վերահաստատել է իրանական կողմի այն դիրքորոշումը, որ իրենց համար անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, որը կհանգեցնի տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ մեջբերելով խոսնակի պատասխանը մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հարցին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ:

«Իրանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է: Այդ դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել եւ չի լինի»,- նշել է Քանանին:

 




Լրահոս