«Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է «Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 29-ամյա բնակիչը, 2021թ․ ընթացքում տարբեր կարգավիճակներում աշխատելով «Վահագնի» ռեստորանային համալիրում և տեղյակ լինելով ռեստորանում գումարների առկայության, դրանց պահպանմանն առնչվող հարցերին, իր ծանոթ 40 և 44-ամյա տղամարդկանց տեղեկություններ է տրամադրել այդ մասին, ովքեր մտադրվել են հափշտակել դրանք:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2023թ․ օգոստոսի 5֊ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդն իր կողմից վարվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ տղամարդկանց տեղափոխել է նշված ռեստորանային համալիրի հարակից տարածք: Այնտեղ վերջիններս, հագնելով սև դիմակներ և սև հագուստներ, ապօրինի մուտք են գործել նշված ռեստորանային համալիրի սրահ, կպչուն ժապավենով կապել են որպես պահակ աշխատող անձին՝ զրկելով դիմադրելու հնարավորությունից և ատրճանակով սպառնացել են վնաս պատճառել նրա առողջությանը, եթե շարժվի։ Այնուհետև հիշյալ տղամարդիկ նույն ռեստորանային համալիրից հափշտակել են գումար, բջջային հեռախոս, գինիներ և այլ իրեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.025.800 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հանցավոր գործողությունները կատարելուց հետո 29-ամյա երիտասարդը նշված ավտոմեքենայով տղամարդկանց տեղափոխել է դեպքի վայրից, որից հետո հափշտակված իրերը վերջիններս պահել են իրենց ծանոթ, Երևանի 39-ամյա բնակչին պատկանող, վերջիններիս բնակության վայր հանդիսացող տանը։

Քննությամբ պարզվել է նաև, որ 29-ամյա երիտասարդը, 44 և 40-ամյա տղամարդիկ ապօրինի ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող ատրճանակներ, ինքնաձիգ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, մարտական պայթուցիչ և մարտական ձեռքի նռնակ, ինչպես նաև 44-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերի «Հերոին» տեսակի, 40-ամյա տղամարդը՝ խոշոր չափերի, իսկ 39-ամյա տղամարդը՝ զգալի չափերի «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերվել են վերջիններիս բնակության վայրից։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 29-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, 44-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, 40-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252֊րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 39–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։




Լրահոս