ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Նորայրի Մովսիսյանը 2022 թվականի հուլիսի 04-ից մինչեւ 2023 թվականի հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում նախ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնակատարի, այնուհետեւ նույն բաժնի քննիչի պաշտոնը եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վերապահված լիազորությունների սահմաններում օժտված է եղել նախաքննություն իրականացնելու իրավասությամբ:

 

ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժին է ուղարկվել Արմենուհի Փանոսյանի՝ Երեւան քաղաքի Արղության փողոցի 3-րդ նրբանցք 17-րդ հասցեում շագանակագույն-դարչնագույն թութունանման զանգվածով ծանրոց հայտնաբերելու վերաբերյալ ահազանգի հիման վրա կազմված զեկուցագիրը եւ կից փաստաթղթերը:

Նշված զեկուցագիրը եւ կից փաստաթղթերը իրավասու վերադասի կողմից մակագրվել է Էդգար Մովսիսյանին։

Արդյունքում 2022 թվականի օգոստոսի 28-ին Էդգար Մովսիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնել է թիվ 14801122 քրեական վարույթը եւ ձեռնամուխ եղել նախաքննության կատարմանը։

Նույն օրը Էդգար Մովսիսյանի կողմից Երեւան քաղաքի Արղության փողոց 3-րդ նրբանցք 17-րդ հասցեի դիմացի հատվածում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել է 290 գրամ քաշով դարչնագույն զանգված, որը թիվ 14801122 քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված դատանյութագիտական փորձաքննության 1169-22 եզրակացության համաձայն՝ հանդիսացել է 259,54 գրամ հաստատուն քաշով բուսական զանգված եւ իր վրա կրել է MDMB(N)-022 կրճատ անվանմամբ թմրամիջոց։ Փորձագետի հիշյալ եզրակացությունը եւ թմրամիջոցը պարունակող, կնիքված փաթեթը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում եւ հանձնվել Էդգար Մովսիսյանին:

Էդգար Մովսիսյանը 2022 թվականի հոկտեմբերի 28-ից մինչեւ 2023 թվականի մայիսի 31-ն ներառյալ ընկած ժամանակահատվածում, ծառայողական լիազորություններն իրականացնելու հանգամանքով պայմանավորված, փաստացի իրեն հանձնված MDMB(N)-022 կրճատ անվանմամբ, թմրամիջոց պարունակող 259.54 գրամ հաստատուն քաշով բուսական զանգվածից հափշտակել է 132.6 գրամը եւ այն ծխելու եղանակով օգտագործել:

Բացի այդ, Էդգար Մովսիսյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնակատարի, այնուհետեւ նաեւ նույն բաժնի քննիչի պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, 2022 թվականի օգոստոսի 22-ից մինչեւ 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում, ծառայողական լիազորություններն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված թմրամիջոցը:

Այսպես, Էդգար Մովսիսյանը 2022 թվականի հուլիսի 04-ից մինչեւ 2023 թվականի հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում նախ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնակատարի, այնուհետեւ՝ նույն բաժնի քննիչի պաշտոնը եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վերապահված լիազորությունների սահմաններում օժտված է եղել նախաքննություն իրականացնելու իրավասությամբ:

2022 թվականի հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի օպերլիազոր Գ. Մելքոնյանի կողմից կատարվել է քաղաքացի Վահագն Խաչատրյանի անձնական խուզարկություն, որի ընթացքում վերջինիս մոտից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, 2.34 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով թղթյա փաթեթ: Նշվածի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի օպերլիազորի կողմից կազմված զեկուցագիրը՝ կից փաթեթներով, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժին, որը իրավասու վերադասի կողմից մակագրվել է Էդգար Մովսիսյանին:

2022 թվականի հուլիսի 13-ին Էդգար Մովսիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնել է թիվ 14117222 քրեական վարույթը եւ ձեռնամուխ եղել նախաքննության կատարմանը:

Վահագն Խաչատրյանի մոտից հայտնաբերված զանգվածի վերաբերյալ թիվ 14117222 քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված դատանյութագիտական փորձաքննության թիվ 929ք-22 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված 0.54 գրամ հաստատուն չոր քաշով կանեփի բուսական մանրացված զանգվածը հանդիսացել է մարիխուաննա տեսակի թմրամիջոց: Փորձագետի հիշյալ եզրակացությունը եւ թմրամիջոցը պարունակող, կնիքված փաթեթը 2022 թվականի օգոստոսի 08-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում եւ հանձնվել Էդգար Մովսիսյանին:

Էդգար Մովսիսյանը 2022 թվականի օգոստոսի 8-ից մինչեւ 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում հափշտակել է ծառայողական լիազորություններն իրականացնելու հանգամանքով պայմանավորված՝ փաստացի իրեն հանձնված 0.54 գրամ հաստատուն չոր քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոցը եւ այն ծխելու եղանակով օգտագործել:

Լյովա Թորոսյանը 2022 թվականի հուլիսի 04-ից մինչեւ 2023 թվականի հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում նախ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնակատարի, այնուհետեւ նույն բաժնի քննիչի պաշտոնը եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վերապահված լիազորությունների սահմաններում օժտված է եղել նախաքննություն իրականացնելու իրավասությամբ:

Հունան Բաբայանի՝ գողության վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 08-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել Սուրիկ Հովսեփյանը եւ Գորիկ Քոսփուլյանը:

Նույն օրը ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում Սուրիկ Հովսեփյանի անձնական խուզարկությամբ, ի թիվս այլնի, հայտնաբերվել է 1 հատ 20.000, 6 հատ 10.000 եւ 2 հատ 1.000 ՀՀ թղթադրամներ, իսկ Գորիկ Քուփալյանի անձնական խուզարկությամբ, ի թիվս այլնի, հայտնաբերվել է 4 հատ 20.000, 2 հատ 1.000, 1 հատ 2.000 ՀՀ թղթադրամներ, 950 ՀՀ մետաղադրամներ եւ ոսկյա շղթա` խաչով:

Նախապատրաստված նյութերը 2022 թվականի հուլիսի 08-ին ստացվել են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժին եւ իրավասու վերադասի կողմից մակագրվել նույն բաժնի քննիչ Ա. Զոհրաբյանին։

2022 թվականի հուլիսի 8-ին Ա. Զոհրաբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնել է թիվ 14114122 քրեական վարույթը:

2022 թվականի սեպտեմբերի 29-ին հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով հիշյալ քրեական վարույթի նյութերը եւ մեկ փաթեթ իրավասու վերադասի կողմից հանձնվել է Լյովա Թորոսյանին:

Լյովա Թորոսյանը 2022 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ 2023 թվականի մայիսի 31-ն ներառյալ ժամանակահատվածում հափշտակել է ծառայողական լիազորություններն իրականացնելու հանգամանքով պայմանավորված իր տնօրինմանը եւ տիրապետմանը փաստացի հանձնված 164.000 ՀՀ դրամը եւ 333.000 ՀՀ դրամ արժողությամբ, 20.823 գրամանոց ոսկյա շղթան՝ խաչով, որից 164.000 ՀՀ դրամն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ ոսկյա շղթան՝ խաչով, որպես 291.000 ՀՀ դրամ վարկի ապահովման միջոց գրավադրել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում:

Բացի այդ, Լյովա Թորոսյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնակատարի, այնուհետեւ նաեւ նույն բաժնի քննիչի պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, 2023 թվականի մայիսի 17-ից մինչեւ 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում, ծառայողական լիազորություններն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով` 425.000 ՀՀ դրամը եւ 1400 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 540,316 ՀՀ դրամը, ընդհանուր՝ 965.316 ՀՀ դրամ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՈՒՂԱՐԿԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին՝ որպես վկա հարցաքննելու համար: Ղուկասյանը դատարան չի ներկայացել, ու դիմումը դատավորը անհարգելի համարեց։ Նկատենք, որ վկաներից մեկին դատարանը չի կարողանում գտնել, իսկ մյուսն էլ երկրում չէ։

Հիշեցնենք, որ թաղապետը դատարան պետք է գնար իր ենթակաների՝ պաշտոնեական դիրքի չարաշահման գործով: Իրավապահները կալանավորել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանին, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանին:

Ըստ նախաքննական մարմնի պաշտոնական տեղեկության՝ վերջիններս նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, ինչպես նաեւ նույն մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։

Նկատենք, որ նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին այն բանի համար, թե ինչպես եղավ, որ նրա ենթակաները, առանց իր իմացության, նման պատժելի քայլի գնացին։

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս