ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների համար առաջնային է բնակարանային ապահովման խնդիրը:

 

ՀՀ կառավարության կողմից մշակվող բնակարանային ապահովման աջակցության ծրագրի նախադրյալները վերջերս ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Ծրագիրն իրականացվելու է փուլային եւ, ըստ ծրագրի, յուրաքանչյուր չափահաս անձի տրամադրվելու է 3 մլն ՀՀ դրամ: Ընդ որում՝ անչափահասներին տրվող աջակցության չափը կլինի անվերադարձ, իսկ չափահասներինը՝ վերադարձելի: Ծրագրի դրույթների համաձայն՝ կառուցվող կամ ձեռք բերվող տանը կամ բնակարանում 10 տարի ապրելու եւ ֆինանսական որոշակի պարտավորություններ կատարելու դեպքում այն կանցնի տվյալ ընտանիքի սեփականությանը: Եթե վերադարձվող գումարն ընտանիքի չափահաս անդամները չկարողանան ապահովել, նրանք կշարունակեն ապրել այդ բնակարաններում՝ ուղղակի առանց այն վաճառելու եւ սեփականության իրավունքի: Իսկ եթե սահմանված չափը վերադարձնեն, ապա կստանան սեփականության իրավունք եւ կկարողանան վաճառել գույքը։ Ծրագրից կարող են օգտվել նաեւ այն անձինք, ովքեր Հայաստան էին տեղափոխվել մինչեւ 2023թ. սեպտեմբերը կամ 2020թթ. 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում: Ծրագիրը պարտադրելու է նաեւ ունենալ ՀՀ քաղաքացիություն: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ներկայացրած այս ծրագիրը բավականին անհանգստություն առաջացրեց արցախցիների քաղաքացիների շրջանակներում: Արցախի 32 կազմակերպություններ միահամուռ ուժերով ձեւավորեցին «Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնություն»-ը, որը վերջերս անդրադառնալով բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին՝ առաջ քաշեց իրենց կողմից մշակված ծրագիրը, որը, նրանց կարծիքով, ավելի արդյունավետ կկիրառվի: «Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնությունը» մարտի 5-ին բաց նամակով դիմեց ՀՀ Կառավարությանը՝ ներկայացնելով բռնի տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրերի վերաբերյալ: Բաց նամակում անդրադառնալով արցախցիների բնակարանային կարիքների բավարարման խնդիրներին՝ առաջարկվել է ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով եւ իրագործման ժամկետը սահմանել 2 տարի՝ ներգրավելով նաեւ միջազգային ու սփյուռքյան ֆինանսական ռեսուրսները: Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով առաջարկվել է յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5,000,000 ՀՀ դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին: Ընդ որում՝ առաջարկվել է գումարը հատկացնել անվերադարձելիության սկզբունքով: Առաջարկվել է նաեւ հրաժարվել ՀՀ քաղաքացիության պահանջից եւ աջակցել բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին: Առաջարկվող ծրագրի սկզբունքներից է նաեւ, որ առանց կրճատումների շարունակվի 40,000+10,000 դրամի աջակցության ծրագիրը մինչեւ տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը, փոքրակազմ (մինչեւ 3 անդամ) ընտանիքների համար այլ մոտեցում ցուցաբերել, ըստ անդամների քանակի՝ ընտանիքին հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով, ծրագրում սահմանել առաջնահերթություններ եւ լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար, նախատեսել նաեւ համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց եւ հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար: Առաջարկվել է ծրագրի նախագիծը ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով դնել հանրային լայն քննարկման եւ հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները: Վերոնշյալ ծրագրի դրույթները, ըստ «Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնության», կնպաստի Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաեւ ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: «Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաեւ Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար»,- նշված էր նամակի մեջ: Նամակում նաեւ Արցախի պաշտոնյանները հայտնեցին իրենց պատրաստակամությունը ցանկացած ձեւաչափով հանդիպումների ու քննարկումների անցկացմանը, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՊԻՏԻ ԼԻՆԵՐ ԱՆՎՃԱՐ

Երեւանի քաղաքապետարանը մարտի 8-ին կանանց տոների առիթով կանանց համար տրանսպորտային բոլոր միջոցները անվճար դարձնելու նախաձեռնությունն էլ ձախողեց։

 

ArmLur.am-ը շրջեց եւ մի քանի տրանսպորտային միջոցից օգտվեց։ Երբ փորձում էինք վճարել, ոչ մի առարկություն չէինք լսում, իսկ երբ փորձում էինք չվճարել, ստիպում եւ պահանջում էին վճարել ուղեվարձը։

ArmLur.am-ը նաեւ այս հարցի վերաբերյալ ահազանգեր է ստացել, որ 47, 43  տրանսպորտային միջոցներում վարորդները գումար են պահանջել։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Երեւանում հասարակական տրանսպորտը կանանց համար պիտի լիներ անվճար։ Այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընքացքում հայտնել էր Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ մետրոպոլիտենով, համայնքային «Ժոնգթոնգ», «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոբուսներով եւ տրոլեյբուսներով երթեւեկող աղջիկներից եւ կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու:

Սակայն փաստը մնում է փաստ, որ ոչ մի նվեր էլ չեղավ Երեւանի քաղաքապետարանի կողմից։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԻՐԵՆՑ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐՈՎ

Մարտի 8-ը կանանց դերակատարումն ընդգծելու, խրախուսելու, նրանց ստեղծարար ներուժն արժեւորելու, եղած խնդիրների մասին մտածելու լրացուցիչ առիթ է։ Կանանց դերը մշտապես շրջադարձային եւ որոշիչ է եղել տարբեր հասարակություններում եւ բոլոր ժամանակներում. այս մասին ընդգծել է Ժաննա Անդրեասյանը Կանանց միջազգային օրվա առթիվ իր ուղերձում:

«Սիրով եւ ջերմությամբ շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Մարտի 8-ը կանանց դերակատարումն ընդգծելու, խրախուսելու, նրանց ստեղծարար ներուժն արժեւորելու, եղած խնդիրների մասին մտածելու լրացուցիչ առիթ է։ Կանանց դերը մշտապես շրջադարձային եւ որոշիչ է եղել տարբեր հասարակություններում եւ բոլոր ժամանակներում։ Հատկապես մեր օրերում չկա մի ոլորտ, որտեղ կանայք ասելիք, անելիք եւ նշանակալի ներդրում չունենան։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում կնոջ գործունեությունն առանձնակի կարեւոր է, քանի որ հենց այս ասպարեզներում է ձեւավորվում հասարակության ապագան՝ շնորհիվ արժեքների, ստեղծագործության, նվաճումների եւ հաղթանակների։ Մարտահրավերներին դիմակայելու կանանց միասնականությունն ու համախմբումը չբացահայտված մեծ ներուժ ունեն, որը կարող է հասարակության եւ պետության զարգացմանը հավելյալ խթան հաղորդել եւ առաջընթացի նոր ուղիներ բացել։

Այս ամենը մեզ մղում է ամեն օր խրախուսելու եւ աջակցելու կանանց, ստեղծելու նոր հնարավորություններ նրանց կարողությունները զարգացնելու եւ կատարելագործելու ուղղությամբ։ Եվ, իհարկե, այս համատեքստում չափազանց կարեւոր է նախեւառաջ ճանաչել, գնահատել եւ վերարժեւորել մեր պետության կայացման գործում երբեւէ կարեւոր դերակատարում ունեցած կանանց։

Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ, խիզախորեն գնացեք ձեր երազանքների եւ նպատակների հետեւից՝ համոզմունքով, որ շարունակական ու հետեւողական ջանքերն անպայման արդյունք են տալիս։

Մաղթում եմ ձեզ զորեղություն, անսպառ եռանդ, դժվարություններից չվհատվելու կարողություն, սեր եւ ներդաշնակություն ընտանիքում, նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության, պետության զարգացման ասպարեզում»,-գրել է նա:

 




Լրահոս