«ՀՀ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՀՀ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է տրանսպորտի թանկացման նախագծի եւ դրա հետեւանքների մասին:

 

-Տրանսպորտի գինն ունի ինքնարժեք. դրա ինքնարժեքն այսօրվա դրությամբ  230 դրամ է: Խնդիրը հետեւյալն է. սուբսիդիայի չափը որքա՞ն պետք է պակասեցնենք:  Հիմա 7 միլիարդ դրամ տարեկան սուբսիդիա է տրվում տրանսպորտին: Այն, որ պետք է միասնական տոմսային համակարգ ներդրվի, դա միանշանակ է, որպեսզի նաեւ  վերահսկողություն իրականացվի, հնարավոր լինի կանխատեսելի դարձնել  ծախսերը եւ մուտքերը: Այս ամբողջը պետք է իրար հետ համադրվի եւ, այո, դա մեր նախընտրական քարոզարշավին էլ մենք ներկայացրել ենք, մեր ծրագրերի մեջ է մտնում, այո, պետք է սուբսիդիան պակասեցվի: 7 միլիարդ մենք չենք կարող տրամադրել տրանսպորտին: Այն, որ սուբսիդիա կմնա, դա  էլ է հասկանալի, բայց այն պետք է պակասեցվի:

-Պարո՛ն Զեյնալյան, խնդիրն այն է, թե ինչ գնով է սա արվում: Այս ամենը արվում է առանց հասարակության սոցիալական վիճակը  հաշվի առնելու: Գիտեք՝ ինչ լուրջ սոցիալական խնդիրներ կան. կան ընտանիքներ, որտեղ երկու, երեք ուսանողներ կան. հիմա ինչպե՞ս է ազդելու նրանց սոցիալական վիճակի վրա այս ամենը:

-Տեսեք, Դուք լրագրողից անցաք քարոզիչի, սահուն անցում կատարեցիք, չպետք է կատարեք՝ կա՛մ լրագրող եք, կա՛մ քարոզիչ: Ես Ձեզ հետ՝ որպես քարոզչի, համաձայն չեմ. մենք նաեւ ունենք արտոնությունների որոշում, որով կտրամադրվեն համապատասխան արտոնություններ, եւ սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են եւ ՀՀ բովանդակության կրողն են, նրանք օտար չեն եւ  օտարի պետության մեջ չեն գտնվում: Սա իրականացվում է Հայաստանի ժողովրդի համար Հայաստանի ժողովրդի անունից: Այո, պետք է յուրաքանչյուրը մասնակցություն ունենա Հայաստանի կառավարմանը, Երեւանի կառավարմանը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Եթե մենք այս ծրագիրը անենք միայն ԼՂՀ բնակիչների համար, լարում կառաջանա ՀՀ քաղաքացիների մոտ: Մենք ուզում ենք այնպիսի ծրագիր ստեղծել, որ միայն բռնի տեղահանվածներին չվերաբերի: Մարդիկ կարող են ասել, թե ինչու մենք ծառայում ենք բանակում, բնակարանի խնդիր ունենք եւ պետական բյուջեի միջոցներից մեզ ոչինչ չեք տալիս:

 

3 մլն դրամը մենք դիտարկել ենք որպես բազային չափ, որի վրա կարող են լինել եւ կլինեն գործակիցներ: Ցանկեր կլինեն, որով պայմանավորված՝ կավելանա գումարը: Օրինակ՝ զոհվածի ընտանիք է, ծառայող է, վիրավոր է եւ այլն»,- երեկ՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ որոշում ունի՝ բռնի տեղահանված արցախցիներին փոխանցված միջազգային գումարների հետ կապված։ Հիշեցնենք, որ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է այս գումարները այլ կերպ ծախսել։ Նա սահմանել է թեորեմ, ըստ որի՝ չեն առանձնացվելու արցախցիները, իսկ գումարները ծախսվելու են ոչ թե հենց արցախցիների, այլեւ ՀՀ բոլոր անտուն քաղաքացիների համար։

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆԻ ԿԻՆԸ՝ ՔՊ-Ի ԴԵ՞Մ

Կոմիտասի անվան կոնսերվատորիան դուրս է գալիս ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, եւ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը պատրաստվում է քննարկում կազմակերպել եւ ընդդեմ նախարարության որոշում կայացնել։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ հայտնի է դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման եւ կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 4 ուղղություններ՝ հետեւյալ բաշխումով՝

«Արվեստների», «Կրթական», «Դասական», «Տեխնոլոգիական»։

Հավելենք նաեւ, որ Կոնսերվատորիայի ռեկտորը՝ Սոնա Հովհաննիսյանը, ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, այժմ ՀՌՀ անդամ Արթուր Մանուկյանի կինն է։

Ստացվում է, որ ՔՊ խմբակցության նախկին պատգամավորի կինը դուրս է եկել իշխանության դեմ՝ ի նպաստ կրթական համակարգի։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՀԱՄԱՐԻ

«Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները զարգանում են, դրանք պետք է նոր դրսեւորումներ ու արտահայտություններ ունենան, եւ այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում:

Վարչապետը հիշեցրեց իր հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:

«Հիմա մենք պետք է հասկանանք, թե ԵՄ-ն ինչքան հնարավոր կհամարի: Դրանից հետո անենք հետեւություններ, բայց նաեւ կարեւոր է, թե ՀՀ ժողովուրդը որքան հնարավոր կհամարի: Բայց այս փուլում մենք գործընթացը տեսնում ենք այսպես՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են: Եվ հիմա ԵՄ-ն է ասում, որ Հայաստանիեւ ԵՄ-ի հարաբերությունները երբեք այսքան խորը եւ ամուր չեն եղել: Եվ ես հուսով եմ, որ առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն այդ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ այնպես չէ, որ մինչեւ հիմա այդ արտահայտությունները չեն եղել: Հարաբերությունները զարգանում են, այն նոր դրսեւորումներ ու արտահայտություններ պետք է ունենա: Ըստ վարչապետի՝ օրինակ՝ այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Հաջորդ թեմաներից մեկը կարող է լինել առեւտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ-ում արտադրված ապրանքներին:

Հայաստանն ու ԵՄ-ն ունեն շատ լայն օրակարգ: ՀՀ-ն պատրաստ է այդ օրակարգն ընդլայնել ու խորացնել:

 

 

 




Լրահոս