ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առեւտրային ցանցերի եւ մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ եւ այլ շահագրգիռ անձինք:

 

Միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները եւ ուղղորդելու նրանց մինչեւ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելն իրենց վարքագիծը համապատասխանեցնել նոր պահանջներին՝ ձեռնպահ մնալով հնարավոր խախտումներից:

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ հանձնաժողովը դիտարկել էր շահերի որոշակի անհավասարակշռվածություն՝ պայմանավորված ցանցերի՝ մատակարարների նկատմամբ ունեցած բանակցային կամ պայմանագրային առավելությամբ, որը հաշվի առնելով՝ հանձնաժողովը Էկոնոմիկայի նախարարության եւ ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համատեղ նախորդ տարի ձեռնամուխ եղավ օրենսդրական փոփոխությունների մշակմանը:

Նոր կարգավորումներն ընդունվել են եւ կսկսեն գործել մայիսի 6-ից: Օրենքի կարգավորման տիրույթում կհայտնվեն այն ընկերությունները, որոնք ունեն կամ որոնց բրենդի ներքո գործում են 4 եւ ավելի առեւտրային օբյեկտներ, եւ նրանց ընդհանուր շրջանառությունը գերազանցում է 3 մլրդ դրամը: Դրանց համաձայն՝ առեւտրային ցանցը պարտավոր է ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները եւ սկզբունքները: Բոլոր պայմանագրային հարաբերությունները պետք է լինեն գրավոր:

«Սա չափացանց կարեւոր է, որովհետեւ կլինի հստակ հետագծելիություն, եւ պարզ կլինի՝ իրականում առեւտրային ցանցը դրսեւորել է խտրական վերաբերմունք կոնկրետ մատակարարի նկատմամբ, թե դա եղել է հստակ չափորոշիչների վրա հիմնված, ինչն էլ հնարավորություն կտա հանձնաժողովին հստակ արձանագրելու խախտումները կամ դրանց բացակայությունը: Մյուս կողմից՝ սրանով մենք հատկապես պաշտպանում ենք ՓՄՁ-ների մուտքը ցանցեր»,-նշել է Տիգրան Մարկոսյանը:

Առանցքային փոփոխություններից է վճարումների իրականացման համար առավելագույն ժամկետների սահմանումը՝ սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օր:

Ընդ որում՝ վերոնշյալ վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանցը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման եւ տուգանքի կիրառման:

Միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները մանրամասնորեն ներկայացրեցին իրականացված օրենսդրական փոփոխությունները եւ պարզաբանումներ տվեցին ներկաներին մտահոգող տարաբնույթ հարցերի: Առանձին դեպքերի մասով առաջարկվեց եզրակացություն ստանալու դիմումներ ներկայացնել հանձնաժողով:

 

 

 

 

ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՒՄ

ArmLur.am-ին ահազանգում են քաղաքացիներն այն մասին, որ համար 15 հասարակական տրանսպորտային երթուղու վարորդն անջատել է «Կանգ առ» կոճակը, եւ ուղեւորները ստիպված են լինում ծայրից ծայր գոռալու. «Կանգնե՛ք, իջնող կա»: Քաղաքացիները հայտնում են նաեւ, որ այլ տրանսպորտային երթուղիներում եւս նկատել են այդ խնդիրը: ArmLur.am-ը հասկանալու համար, թե որն է պատճառը, կապ է հաստատել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի շահագործման բաժնի պետ Խաչիկ Մալոյանի հետ: Նա նշեց, որ խնդրին տեղյակ է, եւ որ այն կապված է անսարքության հետ: «Հիմնականում անսարքության խնդիր է, այդտեղ վարորդները մեղք չունեն: Անսարքությունն էլ առաջանում է հիմնականում այն պատճառով, որ ուղեւորները երկար սեղմում են այդ կոճակը, թեեւ նրանք էլ մեղք չունեն, որովհետեւ հասկանալի է, որ ակամայից է ստացվում: Մենք տեղյակ ենք խնդրին, տվել ենք նորոգման, եւ կարճ ժամանակում կգործեն «Կանգ առ» կոճակները»,- ասաց Խաչիկ Մալոյանը:

 

 

 

ԳԼԽԱՑԱՎԱՆՔ Է

ArmLur.am-ին քաղաքացիներն ահազանգում են այն մասին, որ էլեկտրոնային համակարգով դեղատոմսեր ձեռք բերելու համար ստիպված են լինում մի քանի անգամ մոտենալ դեղատուն եւ դեղատոմսը ստանալ լավագույն դեպքում 15 րոպեի ընթացքում: «Օնլայն դեղատոմսերը մեծ գլխացավանք են առաջացրել քաղաքացիների համար, հատկապես՝ այն մարդկանց, ովքեր մշտապես են դեղեր գնում: Armed-ն ավելորդ հերթեր է գոյացնում. ցերեկը սկեսուրս գնաց դեղատուն, բայց նրան պատասխանեցին, որ երկար պրոցես է, եւ դեռ չեն կարող օգնել: Ստացվում է՝ քաղաքացին պիտի մնա առանց դեղի՞: Ծրագրին ո՛չ բժիշկներն են լավ տիրապետում, ո՛չ էլ դեղատան աշխատողները: Համակարգն էլ իր հերթին եւս խնդիրներ է ստեղծում: Մի դեղի համար երկու անգամ դեղատուն եմ գնացել, ինչ է թե աշխատողը համակարգին լավ չի տիրապետում եւ չի կարող սպասարկել: Ծրագիրը լավ չի աշխատում, ինչի պատճառով էլ հերթեր են գոյանում, մի դեղ գնելու համար 15 րոպե դեղատանը ստիպված կանգնում ենք»,- ArmLur.am-ի հետ իր բողոքն է ներկայացրել քաղաքացին: Նա նաեւ նշեց, որ էլեկտրոնային դեղատոմսերի պատճառով քաղաքացիները ստիպված են գնել դեղի ողջ թերթիկը (սՌրՑ) քանի որ համակարգը հատավաճառք չի թույլատրում կատարել:

Լուրերը՝ ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԻ

 

 




Լրահոս