Ձերբակալվել են ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանը եւ Հայկ Գրիգորյանը: Այս մասին հայտնել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Այսօր մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երևանի ավագանու մեր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում Երևանի կանաչ ֆոնդի ոչնչացմանը միտված՝ ՔՊ իշխանության քաղաքականության հանդեպ։
Ներկայումս ոստիկանությունը ձերբակալված է պահում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանին եւ Հայկ Գրիգորյանին։
Իշխանության որդեգրած՝ քաղաքական հալածանքների այս գործելաոճը պայմանավորված է բացառապես նրանց ստեղծված թայֆայական համերաշխության եւ անպատժելիության մթնոլորտով։ Իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք համապատասխան գնահատական տալ իշխանության կամայականություններին», – նշել է Մարությանը։