Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում կայացած հանրահավաքում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքական քայլերին՝ այդ թվում խոսելով Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում, Սև ու Միջերկրական ծովերում գործողությունների մասին։
Նա նշել է, որ արևմտյան որոշ ուժեր տարիներ շարունակ սադրանքներ են իրականացրել Թուրքիայի և տարածաշրջանի կայունությունը խաթարելու համար։ «Համոզված եղեք, որ նրանք, որոնք անտարբեր են մնում Գազայում թափվող մուսուլմանների արյան նկատմամբ, նույնը կանեն, եթե վաղը մեզ հետ նման դժբախտություն պատահի։ Այն ժամանակաշրջանում, երբ մենք տարաձայնություններ ունեինք Ռուսաստանի հետ, երբ ահաբեկչական կազմակերպությունները հասան մեր սահմանները, արևմտյան պետությունները հետ կանչեցին իրենց ՀՕՊ համակարգերը մեր հարավային քաղաքներից։ Մենք մեր ուժերով, պայքարով այն ժամանակ հաղթահարեցինք դժվարությունները։ Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք Սիրիայում, Լիբիայում, Միջերկրական ծովում, Սև ծովում, Ղարաբաղում, մենք բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը», – նշել է Էրդողանը։