Քաղաքացին ահազանգում է․ ժամկետանց սննդամթերք է վաճառվում․ համապատասխան մարմիններից քաղաքացու ահազանգը մերժել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ահազանգում են, որ «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում գործող «Հնոտիների շուկայում», առավել հայտնի որպես «Քրչի բազար», վաճառվում է ժամկետանց ուտելիք։

Ահազանգած քաղաքացին նշում է, որ նա հնություններ է հավաքում և հերթական այցի ժամանակ «Հնությունների շուկա»-յում նկատել է, որ ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում սնունդ է վաճառվում։

«Ես արդեն մի քանի տարի է հնություններ եմ հավաքում, կոլեկցիոներ եմ և արդեն մի քանի տարի է գնում եմ Հրազդան ստադիոնի հնաշուկա։ Վերջին մեկ տարում այդտեղ ի հայտ է եկել բացօթյա տեղ՝ հակահիգիենիկ պայմաններով, որտեղ վաճառվում է խանութներից դուրս գրված ապրանքներ, որոնց մեջ կա կաթնամթերք, մսամթերք, մակարոնեղեն, հատիկեղեն, քաղցրավենիք, ալկոհոլային խմիչքներ»։

Քաղաքացին նշում է, որ ստուգել է այդ սննդամթերքի ժամկետները․շատերի վրա կա՛մ բացակայում է ժամկետի մասին ինչ-որ գրությունը, կա՛մ էլ ժամկետը արդեն անցած է մի քանի ամիս կամ տարի։

«Ես հինգշաբթի օրը որոշեցի զանգահարել սննդի անվտանգության տեսչության թեժ գիծ և հայտնեցի այն, ինչը տեսել եմ։ Նշեցի, որ թունավոր և ժամկետանց սնունդ է վաճառվում, ժողովուրդն էլ, տեղյակ չլինելով, գնում է այդ սննդամթերքը։ Ասացի, որ պետք է գնան և ստուգումներ անցկացնեն, արգելեն վաճառքը, հարկ եղած դեպքում՝ տուգանեն, բայց ինձ պատասխանեցին, որ պետք է այդ մթերքը գնեմ, կտրոն պահանջեմ, լուսանկարահանեմ և ուղարկեմ իրենց, որպեսզի դրա հիման վրա տեսուչները համապատասխան գործն անեն»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացին։

Քաղաքացին ասաց, որ նա ուղղակի ահազանգում է, սննդից չի թունավորվել և այս ամենը ասել է նաև սննդի անվտանգության տեսչության թեժ գծին, որտեղից նրան պատասխանել են, որ յուրաքանչյուր դեպքում պետք է լուսանկարահանել։

«Զանգահարել եմ նաև պետական վերահսկողության ծառայություն, որպեսզի իրենց հայտնեմ բողոքս, բայց այստեղից էլ առաջարկեցին, որ նորից զանգահարեմ սննդի անվտանգության տեսչություն և իմ զանգի հիման վրա արձանագրություն կազմեն և գնան։ Իհարկե ես չզանգեցի, որովհետև այդտեղից արդեն մերժել էին»։

Քաղաքացին մեզ հայտնեց, որ շատ տեղեր է դիմել այս հարցով, բայց բոլոր տեղերից էլ նույն պատասխանն են տվել․

«Զանգել եմ նաև շուկայի վերահսկողական ծառայության մարմնի թեժ գծին, այնտեղից էլ պատասխանեցին, որ դա իրենց ֆունկցիան չի, չնայած նրան, որ պարտավոր են գնալ, քանի որ այնտեղ ապօրինի շուկա է գոյացել»։

Քաղաքացու խոսքով՝ սնունդը վաճառվում է ոչ սառնարանի մեջ դրված, այլ գետնին, պոլիթիլիենային տոպրակների մեջ փաթաթված, հակահիգիենիկ պայմաններում։

Քաղաքացին նաև զանգահարել է քաղաքապետարան, քանի որ քաղաքապետարանն է զբաղվում փողոցային առևտրի արգելմամբ, սակայն կրկին մերժել են քաղաքացուն՝ տալով նույն պատասխանը։

«Փորձեցի զանգահարել նաև սպառողների իրավունքների պաշտպանության տարբեր ասոցիացիաներ, սակայն ոչ մի տեղից հեռախոս չեն վերցնում։ Աբսուրդային է այս ամենը։ Սա նույնն է, որ ինչ-որ տեղ հրդեհ լինի, զանգահարես հրշեջ ծառայություն և այդտեղից պատասխանեն, որ հրդեհը լուսանկարեք, ուղարկեք մեզ, որ համոզվենք հրդեհ է, նոր գանք»,- ասաց քաղաքացին։

Քաղաքացին ցանկանում է իր ձայնը հանրայնացնել, այս խնդիրը լսելի դարձնել, քանի որ ոչ մի պատկան մարմին չի հետաքրքրվում այս խնդրով։

Աննա Սրապիոնյան

 




Լրահոս