ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա` գնալով արտահերթ ընտրությունների:
«Կարծում եմ` Սարգսյանը միտք ունի արտահերթ ընտրությունների»,-ասաց Արամ Կարապետյանը եւ ընդգծեց, որ կատեգորիկ դեմ է արտահերթ ընտրություններին,  քանի որ խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, իսկ դրանից կարճ անց էլ տեղի կունենան նախագահական ընտրությունները: Չնայած վերջինս մեծ ցանկություն ունի օր առաջ տեսնել  ուրիշ իշխանություն, բայց ռեալ մտածելով` հասկանում է, որ դա սխալ կլինի: «Բոլորը գիտեն արդեն բաժանվող ընտրակաշառքների մասին, եւ չեմ կասկածում, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներն ավելի շատ են լինելու: Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ ասաց, որ շուրջ 500 հազար ձայն կկեղծվի, ու ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ, էլ ինչների՞ս են պետք այս պահին արտահերթ ընտրությունները»,-հարցրեց Ա.Կարապետյանը:
ՆԺԿ նախագահի խոսքերով` Հայաստանում այսօր անտրամաբանական իրավիճակ է. «Շտաբի պետ չկա, տեղակալ կա (խոսքը ՀՀԿ-ի նախընտրական շտաբի մասին է): Նախընտրական շտաբում էլ, օրինակ, շատ ավելի կարեւորում են բեյջերը: Ես վախենում եմ` մի օր էլ մեր նախագահը զարթնի, ասի` մենք Սուրինամի մի մասն ենք, ոնց որ Հովիկն առավոտը զարթնեց, ասաց` ես այլեւս չեմ ուզում լինել ԱԺ նախագահ»:
Արամ Կարապետյանը կարծում է, որ «Պաշտոնանկությունները պետք է տրամաբանված լինեին, որ մենք հասկանայինք` ինչու է դա արվում: Դա բացատրված չէ: Ալիկ Սարգսյանը հեռանալուց առաջ մի ճիշտ խոսք ասաց` մի օր նշանակում են, մի օր էլ պիտի հեռացնեն: Է, բոլորս էլ գիտենք այդ մասին»,-նկատեց բանախոսը` հավելելով, որ Հայաստանում այսօր ոչ մի տեսակի խմբային ու թիմային մտածելակերպ չկա, եւ նրա բնորոշմամբ` անհասկանալի միքս է առաջացել, որտեղ բոլորը զբաղված են անհասկանալի գործերով:
 Իսկ ինչ վերաբերում է ՆԺԿ-ին, ապա նշեց, որ ապագայում կներկայացնեն իրենց ծրագիրը: «Մենք հակված ենք մենակ գնալ ընտրությունների: Իրավիճակը Հայաստանում դրական չէ, մարդիկ ավելի լավ չեն ապրում, մենք վերջին տարիներին ամբողջ ընդդիմադիր պայքարին մասնակից ենք եղել: Մեր ծրագրային դրույթներից մեկը` Եվրասիական միությունը, կյանքի է կոչվում. դա ապագայում շատ կարեւոր քննարկման թեմա է դառնալու»,-վստահեցրեց Կարապետյանը:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս