ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՆՉ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ
Երեկ կրկին հետաձգվել է  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացի Մարգարիտա Մարտիրոսյանի` «168 ժամ» թերթի դեմ հայցի քննությունը: Նիստը հետաձգվել է, մինչեւ Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի վերաբերյալ:

ՀԱՐՎԱՐԴՅԱՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐ
«Հայաստանին սպասվում են ավելի խորը եւ ծանր մարտահրավերներ,  եւ եթե քաղաքական էլիտայի որակը բարձր լինի, շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել դրանք»,-հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի եւ քաղաքական էլիտայի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, որի կարծիքով «երկիրը կանգնած է ապստամբության շեմին»: Մանուչարյանը կարեւորել է, որ ապստամբությունը խթանող կետերը լինեն հայաստանյան, ոչ թե դրսից: Անդրադառնալով վերջին շրջանի կադրային փոփոխություններին՝ Մանուչարյանն ասել է. «Իրականում այդ փոփոխություններն ավելի շատ խորամանկություններ են պարունակում, քան կարող ենք պատկերացնել: Հաստավիզ օլիգարխներին փոխարինելու են գալու, այսպես կոչված, հարվարդյան երիտասարդները, որոնք ավելի վտանգավոր կլինեն, քան օլիգարխները»:

ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
Նոյեմբերի 11-ին տեղացած առատ ձյան ու ձնաբքի պատճառով փակվել է Սելիմի լեռնանցքը: ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին տեղեկացրել են, որ նոյեմբերի 11-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են:

«ԳՈԼԴ» ՕՐԱԿԱՐԳ
Երեկ դեռեւս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ  նոյեմբերի 14-17-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագծերը: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 111 հարց, միջազգային 18 պայմանագիր: Հիշեցնենք, որ այս քառօրյայում հրաժարական է ներկայացնելու Հովիկ Աբրահամյանը:

ՀԴՄ ԳՈՎԱԶԴ
Հայաստանի կառավարության նիստում որոշում է ընդունվել հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով անցկացվող վիճակահանության ժամանակ, բացի 15 ավտոմեքենայից, որպես պարգեւավճար տրամադրել նաեւ այլ գույք կամ իրավունք: Ընդունված որոշման համապատասխան` Պետական եկամուտների կոմիտեն նաեւ մրցույթ է հայտարարել ՀԴՄ կտրոնի դարձերեսին ֆիրմային անվանումներ կամ ապրանքային եւ սպասարկման նշաններ տեղադրելու համար:

ԴԵՂԱԴԻՏԱՐԿՈՒՄ
Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միությունն առողջապահության նախարարության հետ միասին առաջիկայում հանրապետության բոլոր հիվանդանոցներում եւ դեղատներում դիտարկումներ է իրականացնելու: «Դեղերի թունավորման մասին ամեն մի դեպք, որը կհայտնվի մամուլում կամ հիվանդանոցում, ինքնակարգավորման սկզբունքով մեր միությունը կպարզի դրանց պատճառները»,-հավաստիացրել է միության նախագահ  Սամվել Զաքարյանը:




Լրահոս