ՖՈՏՈ. Lայք դնելու համար ազատել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային առաջընթաց» կուսակցության խորհրդի անդամ Պեդրո Զարոկյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ հրապարակելով Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Բեգոյանի նամակը:

«Այսպիսով, Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Բեգոյանը ուղարկել է ստորև նշված նամակը, սպառնալով աշխատանքից հեռացնել իր ՀՈԱԿ-ի աշխատակցին, պարոն Մարությանի և իմ ֆեյսբուքյան գրառումներին հավանելու համար:)

Ստորության այս աստիճանն աննախադեպ է Հայաստանի որևէ իշխանության համար»։

Իսկ ահա Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը սոցցանցի իր էջում, հրապարակելով նույն ծանուցագիրը, գրել է.

«ՄԻՊ, ԶԼՄ-ների, իրավապահների և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանը:
Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ծանուցագիր է ուղարկել նույն հիմնարկի աշխատակից Էմիլ Մկրտչյանին, որով սոցիալական ցանցերում Հայկ Մարությանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամների գրառումների տակ հավանում (Like) դնելու հիմքով Մկրտչյանին սպառնում է կիրառել կարգապահական տույժ և պահանջում է բացատրագիր:
Սա 2018-ից ի վեր նախադեպը չունեցող քաղաքական հետապնդում է համայնքային ծառայողի նկատմամբ և հարձակում ՀՀ քաղաքացու մտքի և կարծիքի արտահայտման ազատության վրա: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի և համայնքային հիմնարկների աշխատակիցներն ազատ են սոցիալական ցանցերում հավանել այն, ինչ ցանկանում են, և դրա համար չպետք է պատժվեն:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարտավոր է դատապարտել համայնքային հիմնարկում վախի և ավտորիտար մթնոլորտի տարածումը՝ րոպե առաջ հեռացնելով Բեգոյանին զբաղեցրած պաշտոնից: Հակառակ դեպքում պարզ է դառնում, որ հենց քաղաքապետն է խրախուսում այս ստալինյան ոչ ժողովրդավարական գործելաոճը»:




Լրահոս