ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈԳՐԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության վերականգնող վարպետները  պարգեւատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատվոգրերով: 

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Վերականգնող մասնագետների շուրջ 5 տարվա  ջանադիր աշխատանքից հետո օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայտնի կտավի ցուցադրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ դիտել է Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը, ծանոթացել  վերականգնման աշխատանքների ընթացքը ներկայացնող Էքսպոզիցիոն առաջին սրահի ցուցադրությանը, որտեղ վերարտադրված է վերականգնման արվեստանոցը՝ համապատասխան գործիքներով, օգտագործված նյութերով, աշխատանքային սեղանով, մանրադիտակով եւ ուլտրամանուշակագույն լամպ-նկարակալով: Այստեղ ներկայացված է նաեւ «Սալոմե» կտավի կրկնօրինակը, որը պատրաստվել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ու վերականգնող մասնագետները պատմել են   վերականգնման ընթացքի մասին՝ սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչեւ դրանց ավարտը՝ շեշտելով, որ Սուրենյանցի կտավի հետ աշխատելիս պատասխանտվությունը շատ մեծ է եղել.  «Նախապատրաստական աշխատանքները բավական երկար տեւեցին. շուրջ երկու տարի ընթանում էին ուսումնասիրման գործընթացները»,- նշել են վերականգնող մասնագետները:

Նախարարը կտավը դիտել է՝ նշելով, որ շատ տպավորված է կատարած աշխատանքով եւ  վերկանգնված «Սալոմե»-ի ցուցադրության համար ընտրված  ձեւաչափով. «Կատարվել է շատ կարեւոր աշխատանք, որը ցուցադրության այս ձեւաչափի շնորհիվ առանձնակի կարեւորվում է:  Թանգարանում ստեղծվում է մի միջավայր, որը կարող է դիտարկվել նաեւ որպես մասնագիտական կողմնորոշման հատուկ եղանակ երեխաների համար, որոնք կարող են սրահ այցելելով պատկերացում կազմել վերականգնողի մասնագիտության մասին՝ միաժամանակ արժեւորելով նաեւ արվեստի մեծարժեք գործը՝ «Սալոմե»  կտավը, որը, անշուշտ, շատ հետաքրքիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարության աշխատանքային սրահներից մեկում եւս տեղադրված է Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» ստեղծագործության կրկնօրինակը. «Մի տեսակ սովորություն է դարձել՝ աշխատանքային քննարկումների ժամանակ հաճախ եմ նայում այդ նկարին. ինչ-որ մոգական, ձգող ուժ ունի»:

Այցի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար  Ժաննա Անդրեասյանը եւ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության պատվոգրեր են հանձնել  Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման եւ կոնսերվացման բաժնի  վարիչ Իգոր Պողոսյանին, նույն բաժնի մասնագետներ Տաթեւիկ Ամիրխանյանին եւ Արտաշես Աբրահամյանին՝ մշակութային արժեքների վերականգնման գործում նշանակալի ավանդի եւ երկարամյա աշխատանքային գործունեության համար:

«Մեծ ջանքեր ենք ներդրել ու շատ կարեւոր է, որ այդ ջանքերը նախեւառաջ բավարար լինեն ձեզ համար՝ որպես մասնագետի եւ սրտացավ մարդու: Տարիներ տեւած վերականգնման աշխատանքից զատ նաեւ կարողացել եք այնպես ներկայացնել ձեր աշխատանքը, որ տեսանելի լինի նաեւ վերականգնողների բարդ գործը: Կարծում եմ՝ հրաշալի է ստացվել»,- շնորհավորելով նրանց՝ նշել է նախարարը:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում եւ իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու եւ ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Այս պահին հայտնի են «Լուսակերտ Էլիտ» ՍՊ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ, «Աշտարակ ձու» ՍՊ, Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերություններում անցկացված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց՝ նշված արտադրություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Նմուշառված ձվերի լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ դրանք համապատասխանում են սեղանի ձվի նկատմամբ օրենքով եւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Հայտնի են նաեւ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երկու մասնաճյուղերում իրականացված դիտարկման արդյունքները: Մասնավորապես՝

l Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 26/1 հասցեում գործող խանութում հայտնաբերվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրության պիտանիության ժամկետն անցած 20 հավի ձու, որոնց իրացումը կասեցվել է, ձվերը ոչնչացվել են,

l Երեւանի Դավիթ Բեկի 7/3 հասցեում գործող մասնաճյուղում հայտնաբերվել է «Մհեր Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող 22.03.2024թ. արտադրության թերի մակնշմամբ 11 տուփ լորի ձու (յուրաքանչյուրում 20 հատ), որոնց իրացումը կասեցվել է, տուփերը վերադարձվել են մատակարարին՝ թերի մակնշումը շտկելու հանձնարարականով։

Վերահսկողողական միջոցառումները դեռ շարունակվում են, ամփոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՆՁՆՎԵԼ

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը մարտի 26-ին մարզպետարանում ընդունել է Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերի վարչական ղեկավարների։ Հանդիպումը վերաբերել է նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնմանը, Կիրանց-Ոսկեպար հատվածում նոր ճանապարհի կառուցմանը։ Ընդ որում՝ մարզպետը որոշակի չի հայտնել, թե որ տեղանքով է ձգվելու սահմանագոտում կառուցվելիք այդ ճանապարհը։ Մեր տեղեկություններով ՝ մարզպետը նույն խնդրով նման հանդիպում ունենալու է նաեւ Իջեւան համայնքի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարների հետ, այդ հարցով  Նոյեմբերյան եւ Իջեւան խոշոր համայնքներից ձեւավորվելու են 5-հոգիանոց խմբեր։ Սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարների համոզմամբ՝ չնայած Նիկոլ Փաշինյանի նպատակին ու ջանքերին, վռազ-վռազ, միակողմանի կերպով Ադրբեջանին տարածքներ չեն կարող հանձնվել։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

Բարձրագույն կրթություն չունենալու պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում այս ուսումնական տարում աշխատանքից ազատվել է 55 ուսուցիչ, ինչն ավելացրել է մարզի դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի թիվը։ Հայաստանի  մարզեր ուսուցիչների գործուղման վերաբերյալ kadrer.emis.am ինտերնետային կայքում տեղեկություններ կան  Հայաստանի մարզերի հանրակրթական դպրոցներում տարբեր առարկաների ուսուցիչների թափուր տեղերի, այդ տեղերը զբաղեցնելու դեպքում ուսուցիչների աշխատավարձերի չափերի վերաբերյալ։ Ըստ այդ կայքի՝ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ուսուցչի 8 թափուր տեղեր կան, ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր տեղեր կան Վարագավանի միջնակարգ, Բերդի թիվ 1 հիմնական (2 տեղ), Լուսահովտի հիմնական եւ Ակնաղբյուրի հիմնական դպրոցներում, անգլերենի ուսուցչի թափուր 2  տեղ կա Մովսեսի միջնակարգ դպրոցում, աշխարհագրության ուսուցչի թափուր հաստիք է  առկա  Գոշի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել, թե ինչու մարզպետարանի ենթակայության ներքո գործող հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի  վերաբերյալ հայտարարությունները  չեն տեղադրվում մարզպետարանի ինտերնետային կայքում։ Մարզպետարանից պատասխանել են. «Դպրոցում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում դպրոցը մարզպետի աշխատակազմ է ներկայացնում համապատասխան գրություն, որի հիման վրա Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքում տեղադրվում է մրցույթի մասին հայտարարություն»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս