ԲԱՑՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդների կարողությունների զարգացմանը, նոր հմտությունների ու գիտելիքների ձեռք բերմանը, մոտիվացմանն ու ներուժի բացահայտմանը, սոցիալականացմանը, զբաղվածության խթանմանը, առողջ ապրելակերպին եւ ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը նպաստելու նպատակով Դիլիջան խոշորացված համայնքում հանդիսավոր արարողությամբ բացվեց երիտասարդական կենտրոն:

 

Դիլիջանի «ԴՈւԿՈ» անվանումը կրող  երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի համագործակցության արդյունքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով հայտարարված դրամաշնորհի շրջանակներում։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախատեսվում է մինչեւ 2026 թվականը Հայաստանում ստեղծել 25 երիտասարդական կենտրոն:

Ըստ նրա՝ Դիլիջանում բացված կենտրոնը լուծելու է երիտասարդների ինտելեկտուալ եւ կրթամշակութային ժամանցի ապահովման հարցը:

«Վստահ եմ՝ այստեղ հնարավոր կլինի կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ, ծրագրեր: Երիտասարդները հնարավորություն կունենան այցելել այստեղ իրենց օրակարգով, կենտրոնը կնպաստի նաեւ պետական ծրագրերի մասին իրազեկվածության բարձրացմանը»,- նշեց նա։

Նախարարը տեղեկացրեց՝ երիտասարդական կենտրոնների բացումը կառավարության ծրագրի մի մաս է: Նախորդ տարի կառավարության օժանդակությամբ բացվել է 2 կենտրոն: «Այսօր բացվեց Դիլիջանի կենտրոնը, իսկ մի քանի օր առաջ բացվեց Ապարանի երիտասարդական կենտրոնը: 4 կենտրոնի մրցույթ էլ կամփոփվի առաջիկա օրերին, որից հետո պարզ կլինեն այն մարզերի անունները, որտեղ առաջիկայում երիտասարդական կենտրոններ կլինեն»,- ասաց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կենտրոնների ստեղծման ուղղությամբ իրենց քաղաքականությունը տարածքային համաչափ բաշխվածություն ապահովելն է, որպեսզի բոլոր մարզերում հավասարապես բացվեն նմանատիպ կենտրոններ։

Նախարարը, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարին   կից հասարակական խորհրդի նիստի  ընթացքում քննարկվող «Երիտասարդական   քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծին նշեց, որ ներկայումս նախարարությունը մշակում է եւ մինչեւ 2024 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնի «Երիտասարդական քաղաքականութան մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվել են նաեւ Երիտասարդական միջավայրերի տեսակները եւ դրանց գործունեության առանձնահատկությունները, ինչը մեծապես կնպաստի արդեն ստեղծված եւ հետագայում ստեղծվող երիտասարդական կենտրոնների գործունեության որակի բարելավմանը։

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Արթուր Ղազարյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը, որի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել եւ գործարկվում է «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնը, ունի 15 տարվա փորձ երիտասարների, կանանց, սոցիալապես առավել խոցելի խմբերի հետ տարաբնույթ ծրագրերի իրականացման գործում: Ուստի «ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնի ստեղծումը լավագույն աջակցությունը կդառնա ՀԿ-ի աշխատանքներին՝ ավելի լայնամասշտաբ ու արդյունավետ դարձնելով այս հանրօգուտ գործունեությունը:

««ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի նպատակն է Դիլիջան խոշորացված համայնքի երիտասարդների ներգրավման համար հատուկ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու միջոցով նպաստել նրանց կարողությունների զարգացմանը, նոր հմտությունների ու գիտելիքների ձեռք բերմանը, մոտիվացմանն ու ներուժի բացահայտմանը, սոցիալականացմանը, զբաղվածության խթանմանը, առողջ ապրելակերպին, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, շարժունությանը եւ տեղական մակարդակով որոշումների կայացմանը երիտասարդների ներգրավմանը»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ կենտրոնը նախատեսում է տարեկան կտրվածքով ունենալ 600-800 շահառու, որոնք կմասնակցեն առաջարկվող բազմապրոֆիլ միջոցառումներին՝ սկսած ոչ ֆորմալ կրթական մեթոդներով կարողությունների բացահայտման զարգացման դասընթացներից, վերջացրած հետազոտական, վերլուծական աշխատանքով համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններով:

Ղազարյանի խոսքով՝ պլանավորվող կրթական միջոցառումներից զատ կենտրոնում նախատեսվում է կազմակերպել համայնքի անդամների ինտելեկտուալ ժամանցը, որին մասնակից կդառնան ոչ միայն երիտասարդները, այլեւ համայնքի տարբեր տարիքի անձիք, իսկ մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկների համար կենտրոնում կգործի երեխաների խնամքի ու ժամանցի սենյակ՝ ավելի դյուրին դարձնելով մայրիկների՝ կենտրոնի ծառայություններից օգտվելու գործընթացը:

 

 

 

 

ԱՐՏՈՒՅՏԻ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՍ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվող շուրջօրյա վերահսկողության ընթացքում Արագածոտնի մարզում արձանագրել են որսագողության 2 դեպք: Այս մասին հաղորդագրություն է տարածել է ԲԸՏՄ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Թալին համայնքի տարածքում որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում քաղաքացիներ Տ.Հ.-ն ու Ա.Բ.-ն «MP 155» եւ «ԻԺ-17» տեսակի որսորդական հրացաններով իրականացրել են 26 արտույտի ապօրինի որս:

«Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ապօրինի որս կատարած անձանց պատկանող օրինական զենքերն առգրավված են: Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։ Միջոցառումները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք  գյուղում  ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին  կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ եւ ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։

Ինչպես տեղեկացանք Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 35 միլիոն 86 հազար 435  դրամ, որից 16 միլիոն 913  հազար դրամը ՀՀ կառավարության, 18 միլիոն 173 հազար 435 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Հայրավանքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում  է 5 միլիոն 515 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից  եւ ավարտվել 2023 թվականի սկզբին։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Հայրավանքի Համալիրի, Կոլխոզնիկների, Բարի գալուստ, փողոցներում եւ կենտրոնական փողոցի 1-ին եւ 3-րդ նրբանցքներում,   շուրջ  1600 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 46 լուսատու։ Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։

Հայրավանքի    մանկական խաղահրապարակի եւ պուրակի  կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 23 միլիոն 631 հազար 435 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից եւ ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Խաղահրապարակը եւ պուրակը կառուցվել է Հայրավանքի կենտրոնական մասում։ Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել   է  մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կառուցվել է լուսավորության ցանց, ցայտաղբյուր։  Ծրագրի շահառու են հանդիսանում Հայրավանք  գյուղի մանկահասակ բոլոր երեխաները։

Հայրավանքի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից եւ ավարտվել նույն տարվա օգոստոսին։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Սեւան-Գավառ մայրուղու Հայրավանքի հատվածում, գյուղի մուտքի մոտ։ Ծրագրի շահառու են հանդիսանում Հայրավանք  գյուղի  բոլոր բնակիչները։

 




Լրահոս