ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ՊԱՀՎԱԾՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուք նո՞ւյնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին

 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բաց նամակ-հարցում է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Տիկի՛ն դեսպան, Ձեզ գրում եմ ժողովրդավարության բաստիոնի «Արմավիր» ՔԿՀ-ից: Վստահ եմ` տեղյակ եք, որ ինձ եւ ընկերոջս` «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին, Հայաստանի իշխանությունները երկու ամսով կալանավորել են բացառապես մեդիագործունեության համար: Գործի մանրամասները չներկայացնեմ, Դուք վստահաբար տիրապետում եք:

Ձեզ բաց նամակ գրելուս հիմնական պատճառը մի քանի` ինձ եւ հանրության զգալի հատվածի համար կարեւոր հարցերի պատասխանները ստանալն է, կուզեք՝ հրապարակային, կուզեք` ոչ: Տիկի՛ն դեսպան, փետրվարի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած դրամահավաքի ժամանակ, արտահայտվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, բառացի ասաց «that crazy son of a bitch» (թերեւս սա հայերեն թարգմանելու կարիք չունի): Նախագահ Բայդենի այս բնորոշումը լսեց եւ կարդաց ողջ աշխարհը, կամ չչափազանցնելու համար ասենք` միլիարդավոր մարդիկ: Նախագահ Բայդենից առաջ պակաս «պերճախոս» չէր նախագահ Թրամփը, որն էլ հայտնի էր իր հակառակորդների մասին հանրային հայհոյաբանությամբ: Մի քանի օրինակներ էլ Ձեր նախորդ նախագահի բառապաշարից՝ «stupid son of a bitch», «dumb son of a bitch», «sleeping son of a bitch», «fuck you son of a bitch», «that bitch» եւ այլն:

Հիմա, տիկի՛ն դեսպան, մենք երկրի նախագահ չենք եւ ոչ էլ ունենք հետաքրքության այն աստիճանի 5 տոկոսը, որն ունեին Ձեր նախագահները, եւ մենք մեր մեդիագործունեությամբ ազատ ենք եղել մեր նեղ լսարանում մեր երկրի փաստացի կառավարչի մասին ասել ճիշտ նույն բանը, ինչ Ձեր գործող նախագահն ասաց միլիարդավոր լսարանի առաջ ՌԴ նախագահին, եւ դրա պատճառով կալանավորված ենք «ժողովրդավարության բաստիոնում»: Ի դեպ, մեղադրանքի տեքստում հենց այդպես էլ գրված է. «…հայհոյել են երկրի վարչապետին եւ իշխանության ներկայացուցիչներին…»: Հիմա, ստացվում է, որ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք, եւ հաշվի առնելով լսարանների ծավալների բացահայտ տարբերությունները, ըստ փաշինյանական ռեժիմի, Ձեր նախագահները շատ ավելի վտանգավոր խուլիգաններ են: Ելնելով վերոգրյալից` առաջին հարցս. տիկի՛ն դեսպան, Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է. եթե ոչ, ապա ի՞նչ եք պատրաստվում անել այդ կապակցությամբ:

Շարադրեմ հաջորդ հարցս. վերջին տասնամյակում սոցիալական մեդիայի տարածման արդյունքում ավանդական մեդիա հարթակներին փոխարինելու են եկել նոր ձեւաչափով մեդիա պրոդուկտներ: Դրանցից ամենատարածված ձեւաչափերից մեկը փոդքասթն է, որը ենթադրում է ավելի անմիջական եւ երկար շփում լսարանի հետ: Վերոգրյալին զուգահեռ (ըստ մասնագետների պնդման)` նույն սոցիալական մեդիայի զարգացումը բերել է քաղաքականության հանրայնացման (popularisation), եւ դրա հետեւանքով էլ քաղաքական դիալեկտիկան ողջ աշխարհում որակական ռեգրես է ապրել: Քաղաքականության հանրայնացման հետեւանքով էլ իրենց հերթին քաղաքականությամբ զբաղվող անհատներին (հատկապես՝ իշխանություն կրողներին) հանդուրժողականության ավելի բարձր աստիճանով են կաշկանդել, իսկ ժողովրդավարություններում, հատկապես՝ «ժողովրդավարության բաստիոնում», հանդուրժողականության աստիճանը պետք է անգամներով բարձր լինի: Հիմա, մեզ` մեդիա գործունեությամբ զբաղվող անհատներիս, որոնց փոդքասթն արդեն մեկ տարի է՝ եթերում է, որն ունեցել է շուրջ 90 թողարկումներ եւ ավելի քանի 100 հյուր, երկու ամսով կալանավորել են իշխանության ներկայացուցիչներին եւ անձամբ վարչապետին «son of a bitch» ասելու համար: Ձեւակերպեմ հարցս. տիկի՛ն դեսպան, վարչակազմի ո՞ր տարատեսակին է հատուկ նման ամենաթողությունը, ի՞նչ եք կարծում, սա ժողովրդավարակա՞ն, թե՞ կայուն զարգացող ավտորիտարիզմին բնորոշ պահվածք է: Ո՞րն է Ձեր գնահատականը:

Եվ ձեւակերպեմ թերեւս վերջին հարցը. տիկի՛ն դեսպան, Դուք դիտե՞լ եք իմ ձերբակալության կադրերը (եթե ոչ, նամակս Ձեզ փոխանցելիս անպայման կրիչով կտրամադրեն այդ կադրերը). եթե այո, ապա կխնդրեի պատասխանել, եթե, օրինակ, Ձեր աշխարհաքաղաքական հակառակորդ երկրներից ցանկացածում նման կերպ բերման ենթարկեին որեւէ մեդիա գործչի, Դուք ինչպե՞ս կարձագանքեիք: Կարծում եմ, որ անգամ Սպիտակ տանը նրա կնոջն ընդունելության կարժանացնեին: Իսկ ինչու՞մ է կայանում մեր պարագայում Ձեր քար լռությունը: Չե՞ք կարծում, որ հենց այս պատճառով է նաեւ, որ լիբերալ դեմոկրատիայի արժեքային եւ գաղափարական մասը վերջին երկու տասնամյակում տոտալ ֆիասկոյի է հանդիպում:

Հ.Գ. Վստահ չեմ, որ տրվածս հարցերը նույնկերպ պատասխանի կարժանան, բայց սա գրում եմ պատմության համար:

«Ժողովրդավարության բաստիոնի» «Արմավիր» ՔԿՀ-ից քաղբանտարկյալ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյան»

 

 

ԿԱՅՈՒՆ ԱՃ Է ԳՐԱՆՑԵԼ

Հանցագործությունների թիվը ՀՀ-ում կայուն աճ է գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ. այս մասին փաստում է ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ իրավախախտումների մասին վիճակագրությունը։ Այսպիսով, 2023 թվականի հունվարին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 2 200 դեպք, այս տարի՝ 2024 թվականի հունվարին, այն աճել է՝ դառնալով 2 550 դեպք։

 

2024 թվականի տվյալների մեջ մտնում են 1 030 ոչ մեծ ծանրության, 769՝ միջին ծանրության, 424՝ ծանր, 327՝ առանձնապես ծանր հանցագործությունները։ Հանցագործությունների ընդհանուր քանակից կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ 2023 թվականին 3, 2024-ին՝ 7 դեպք։ Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները 2023 թվականին կազմել են 611 դեպք, 2024 թվականին՝ 681 դեպք։ Հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները 2023 թվականին աճել են 194 դեպքով։ Նախորդ տարի՝ 2023 թվականի հունարին, նշված հանցագործությունների թիվը կազմել է 746 դեպք, իսկ 2024 թվականին՝ 940 դեպք։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում՝ գույքի հափշտակման, կողոպուտի եւ գողության դեպքերը 2024 թվականին կազմել են 632՝ նախորդ տարվա 569-ի համեմատ աճելով 63-ով։ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները  թիվը կազմել է 79 դեպք, որից 31-ը՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու մասով։ Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը, նախորդ տարվա համեմատ, աճել են 33-ով, 2023 թվականին այս մասով կատարվել է 170 հանցագործություն, իսկ 2024 թվականին՝ 203, այդ թվում՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու եւ անցնելու 42 դեպք, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության մասով 22 դեպք, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 4 դեպք, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների 135 դեպք։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐԻՑ՝ ԲԱԺՆԻ ՊԵՏ

Նախկինների ժամանակ կոռուպցիոն դեպքերի պատճառով աշխատանքից հեռացվածը պաշտոնի անցավ: ArmLur.am-ը ֆիքսել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար կոռուպցիոներներին պաշտոնների նշանակելը դարձել է ապրելակերպ։ Զորօրինակ՝ 2016 թվականին աշխատանքից հեռացվեց Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Սահակ Հարությունյանը։ Այդ ժամանակահատվածում լուրեր տարածվեցին, որ Հարությունյանը «մենակով» «գործ է արել» ու շինաշխատանքների թույլտվություններ է տվել նրանց, որոնց չի հասնում։  Ըստ այդ օրերի մամուլի հրապարակումների՝ Հարությունյանը 1500 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց «չէր նկատել» Գայի պողոտայի հարակից տարածքում գտնվող ապօրինի շինարարությունը։ Մեր օրերում՝ ազնիվ հեղափոխականների օրոք, Սահակ Հարությունյանը նշանակվում է Արաբկիրի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ։

 

 

ՄԱՀԵՐԸ՝ ԲԱՆԱԿՈՒՄ

Հայաստանում 2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել (2022 թվականին՝ 32)։

Այս մասին  տեղեկացանք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։

Նշված դեպքերից՝ հակառակորդի կողմից սպանություն` 19, սպանություն՝ 3, ավտովթարից` 2, վտանգ ներկայացնող ռազմամթերքի եւ այլ նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 17, անզգուշությամբ ինքնասպանության հասցնել՝ 5, ինքնասպանության հասցնել՝ 2, կայծակահարություն՝ 1, հոսանքահարում՝ 1, հիվանդություն`4:

«2023 թվականի ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահվան դեպքերի 22 դեպքով կամ 69 տոկոսով աճ (2022 թվականին՝ 32)։ Նշված ցուցանիշը պայմանավորող էական գործոն է հանդիսացել Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով 15 զինծառայողների մահվան դեպքը, ինչպես նաեւ աճ է գրանցվել հակառակորդի կողմից կատարված սպանությունների դեպքերի թվում (2022 թվականին՝ 14, 2023 թվականին՝ 19)։ Հաշվետու ժամանակաշրջանում ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 645 զինծառայող՝ նախորդ տարվա 959-ի դիմաց. նվազում է արձանագրվել 314-ով կամ 33 տոկոսով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդորդման համաձայն՝ 67 զինծառայող ստացել է ծանր մարմնական վնասվածք (2022 թվականին՝ 71), 532-ը` միջին ծանրության, թեթեւ եւ թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք (2022 թվականին՝ 679), իսկ 46-ի ծանրության աստիճանը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարզված չի եղել (2022 թվականին՝ 0):

«Վերոնշյալ 645-ից 343 կամ 53.1 տոկոս դեպքերով մարմնական վնասվածքը պատճառվել է հանցագործությունների հետեւանքով (2022 թվականին՝ 380-ը կամ 39.6 տոկոսը)»,- նշված է Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։




Լրահոս