«ԿԱՆԱԶ»-Ը՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանազ» մշակույթի շենքում կհիմնվի միջազգային չափանիշներին համապատասխան երաժշտական կրթության հաստատություն՝ «Երեւան» միջազգային երաժշտական ակադեմիան, որտեղ կկազմակերպվի ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մանուկների,  պատանիների եւ երիտասարդների ուսումնառությունը:

 

Այս մասին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կանազ» մարզամշակութային շենքում շրջայց կատարելուց հետո:

«Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում մնալուց հետո այստեղ քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել հիմնանորոգման ծրագիր: Այստեղ տեղակայվելու է Երեւանի առաջին միջազգային երաժշտական ակադեմիան, որտեղ սովորելու են 6-16 տարեկան երեխաներ: Կարծում եմ, որ շենքը տալիս է հնարավորություն ստանալու մի յուրօրինակ միջավայր միջազգային մասնագետների ներգրավմամբ երաժշտական կրթության ոլորտում ավելի բարձր մակարդակի հասնելու համար: Պլանավորում ենք այստեղ տեղակայել նաեւ «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը: Սա լինելու է սկզբնական կետ այն բոլոր տաղանդավոր երաժիշտ երեխաների համար, որոնք ունեն տաղանդ: Եվ այսուհետ նրանք ունենալու են նաեւ հնարավորություն հասնելու մեծ բարձունքների՝ ստանալով լավ կրթություն հենց Երեւան քաղաքում»,- ներկայացրեց Ավինյանը:

Ակադեմիան ունենալու է գործունեության երկու հիմնական ուղղություն՝ նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների համար: «Երաժշտական նախակրթարան» բաժնում ուսումնառություն կստանան 2-ից 6 տարեկան երեխաներ: 6-ից 16 տարեկան երեխաներն էլ դպրոցում հնարավորություն կունենան ստանալ երաժշտական խորացված կրթություն՝ տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով:

«Թվում է, թե շատ գեղեցիկ, տեղական հուշարձան հանդիսացող շենքը նման վերաբերմունքի չպետք է արժանանար: Երեւանի քաղաքապետարանը շատ կտրուկ որոշում է կայացրել բոլոր այդ ներդրումային ծրագրերը չեղարկել եւ բոլոր այն տեղերում, որտեղ այդ ծրագրերը չեն իրականացվել, մենք ստանձնելու ենք այդ միջավայրերը վերականգնելու պատրաստակամությունը: Սա ընդամենը օրինակներից մեկն է»,- շեշտեց քաղաքապետը:

Քաղաքապետարանից տեղեկացրին՝ ակադեմիայի լսարանների բրենդավորումն ու ձեւավորումը իրականացվելու է Երեւանի կոնցեպտի օգտագործմամբ. կլինեն 12 մայրաքաղաքների անուններով լսարաններ: Ընդհանուր միջավայրի եւ դասասենյակների ձեւավորվումը եւս իրականացվելու է Երեւանի պատկերներով, խորհրդանշող հուշարձանների, տեսարժան վայրերի, քաղաքի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց պատկերներով: Առանձին դասաժամեր են հատկացվելու Երեւանին ներհատուկ մշակույթին, պատմությանը, կենցաղին վերաբերող թեմաներին:

Ավինյանը եզրափակելով նշեց՝ այս տարի կիրականցվի սեյսմիկ վերլուծություն, նախագծի ստեղծում. եթե ամեն ինչ հարթ ընթանա, 2025 թվականին կսկսեն վերանորոգման աշխատանքները:

«Կանազ» մշակույթի տունը կառուցվել է 1958թ.-ին (ճարտարապետներ՝ Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան): Գտնվում է Երեւանի Ազատության պ. 19 հասցեում: ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի հ. 1616-Ն որոշմամբ՝ ընդգրկված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակով:

Մշակույթի տունը ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի (ԽՈվԸի) աշխատակիցների ազատ ժամանցի եւ ստեղծագործական ինքնագործունեության ապահովման նպատակով: Երկար տարիներ մշակույթի տանը գործել են ինքնագործ պարախմբեր, երաժշտական համույթներ, որոնցից շատերը հանրապետական եւ համամիութենական համբավ են ունեցել:

Հետխորհրդային շրջանում մշակույթի տունը առանձնացվել է գործարանից եւ հանձնվել պետգույքին, այնուհետեւ՝ Երեւան համայնքին:

2017թ.-ին շենքը ներդրումային ծրագրի դիմաց 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել «Արվեստի այբուբեն» հիմնադրամին: 2024թ.-ին, պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմքով, շենքը վերադարձվել է Երեւան համայնքին:

 

 

 

 

ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՍԿԶԲԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԻ

Զատկի տոնին ընդառաջ հավկիթներ ներկելը, նապաստակներով եւ ճուտիկներով տունը զարդարելը, թվում է, թե պարզ սովորություններ են, սակայն դրանցից յուրաքանչյուրն իր ծագման պատմությունն ունի:

 

Սուրբ Հարության տոնը, որը համընկնում է գարնան սկզբի հետ, նոր կյանքի սկզբի խորհուրդ ունի եւ նման խորհուրդ ունի նաեւ հավկիթը, որտեղից էլ հենց սկսվում է նոր կյանքը: Ինչ վերաբերում է ճուտիկներին կամ նապաստակներին, ապա կապակցվել են Զատկի տոնի հետ, քանի որ հեթանոսական շրջանում դրանք պտղաբերության եւ նոր կյանքի նշաններն են եղել: Վաղ քրիստոնյաները փոխ են առել նոր կյանքի իմաստը, որովհետեւ այն օգնել է իրենց հիշել Հարության եւ Հիսուսի միջոցով նոր կյանք ունենալու մասին:

Այսօր խոսելու ենք Սուրբ Հարության տոնի վերաբերյալ մի քանի հարցադրումների շուրջ.

Այդ տարի ընտանիքում մարդ է մահացել. հավկիթ ներկե՞լ, թե՞ ոչ

Եթե սովորույթի համաձայն հավկիթ չեք ներկում Զատկին, ապա իմացեք՝ որեւէ եկեղեցական կամ հոգեւոր կանոն չկա եւ ինքներդ եք որոշելու՝ ցանկանում եք հավկիթ ներկել, թե ոչ:

Ո՞վ է հաղթում հավկթախաղի ժամանակ

Քանի որ հավկիթը խորհրդանշում է Քրիստոսի գերեզմանը, որը բացվում է, եւ Քրիստոսը դուրս է գալիս այնտեղից, հետեւաբար խաղում հաղթում է նա, ում հավկիթը կոտրվում է:

Ի՞նչ խորհուրդ ունի հավկիթի կարմիր գույնը եւ ինչու՞ են հնում միայն կարմիր ներկել

Հավկիթի կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՈՉ-ՈՔԻ ԱՎԱՐՏԵՑ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրը եզրափակվեց ԲԿՄԱ-«Վեստ Արմենիա» խաղով:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում ԲԿՄԱ-ն ոչ-ոքի (1:1) ավարտեց հանդիպումը «Վեստ Արմենիա»-ի հետ: Հանդիպման առաջին գնդակը 18-րդ րոպեին «Վեստ Արմենիա»-ից խփեց Զախար Տարասենկոն: ԲԿՄԱ-ի պատասխան գոլը հեղինակեց փոխարինման դուրս եկած Վյաչեսլավ Աֆյանը:

26-րդ տուրում «Ալաշկերտ»-ը հաղթել էր «Արարատ»-ին (2:1), «Արարատ-Արմենիա»-ն` «Շիրակ»-ին (0:1), ոչ-ոքի էր գրանցվել «Ուրարտու»-«Վան» (1:1), «Նոա»-«Փյունիկ» (1:1) խաղերում:

Այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 56-ական միավոր ունեն «Փյունիկ»-ը եւ «Նոա»-ն: 52 միավորով երրորդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է:

 

 

5 ՄԱՐԶԻԿՈՎ ԿՄԱՍՆԱԿՑԻ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը 5 մարզիկով կմասնակցի Թաիլանդի Պհուկետ քաղաքում մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը (102կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Նա պայքարի դուրս կգա ապրիլի 6-ին: Մրցման մեկնարկը 16:30-ին է:

Ապրիլի 8-ին՝ ժամը 22:00-ից, մրցահարթակ դուրս կգան 102 կգ քաշայիններ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը:

Ապրիլի 11-ին մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Ժամը 19:00-ից պայքարի դուրս կգան +109 կգ քաշային Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Թաիլանդում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի օլիմպիական խաղերից առաջ:

Աշխարհի գավաթով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հայաստանը Փարիզի օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռեւս հայտնի չեն:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:

Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

 




Լրահոս