ԲՀԿ-Ի ՀԱՄԱՐ ԹՈՒՔ ՈՒ ՄՈՒՐ Է ԿԵՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Քանաքեռ, Շրջանցիկ թունել, 14 տան բնակիչ Նորիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը 30 տարվա քամանչահար է, եւ արդեն քանի տարի է` ինքն ու իր կինը ԲՀԿ անդամ են: Պարոն Նորիկը հավաստիացրեց, որ իրենք  ընտրություններից առաջ քրտինք են թափել ԲՀԿ-ին ձայներ ապահովելու համար, իսկ փոխհատուցումը եղել է այն, որ իրենք այսօր «դոմիկում» են ապրում:
Եւ այսպես, Նորիկ Հովհաննիսյանը ծնունդով Գավառի Բադիկյան (այսօր արդեն Գանձակ) գյուղից է: 1949 թվականին «Գյումուշ ՀԷԿ»-ը թունելում որպես բանվոր աշխատելու համար Հայաստանի տարբեր շրջաններից մարդկանց է «հրավիրել» Երեւան, նրանց է թվում եղել նաեւ պարոն Հակոբի հայրը: Աշխատողներին  խոստացել են  տրամադրել ժամանակավոր կացարան, այնուհետեւ բնակարան: Նրանց ընտանիքին Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձոր» կոչվող թաղամասում ժամանակավոր փայտից «դոմիկ» են տրամադրել:
«Էդ ժամանակավոր կացարանում մինչեւ այսօր մենք տառապում ենք: Փայտյա կարկասով դոմիկ է` կոմունալ հարմարություններից բացարձակ զուրկ, եթե հանկարծ մի հատ լուցկի կպավ, էլ դրա տերը չես, հողին կհավասարվի: Շուրջ 30 տարվա վթարային ակտ ունեմ, խնդրում եմ` տո՛ւն տվեք, բայց… »,-սրտնեղած պատմեց մեր զրուցակիցը:
 Երեսուն տարվա ընթացքում 64-ամյա Նորիկ Հովհաննիսյանի երեխաները մեծացել են, եւ այլեւս հնարավոր չի եղել այդ «խրճիթում» ապրել:  Նրա երեք որդիներն իրենց ընտանիքներով գնացել են վարձով բնակվելու, իսկ ինքն ու իր մանկավարժ կինը մնացել են  անտուն. «Կինս գիշերօթիկ դպրոցում էր աշխատում որպես մանկավարժ, իրան դպրոցը հատկացրել ա էդ մասնաշենքից մի սենյակ, ու մենք ստիպված տեղափոխվել ենք այդտեղ, էլի կոմունալ հարմարություններից զուրկ, իսկ դոմիկում արդեն անհնար է ապրել»:
Նորիկ Հովհաննիսյանը հայրենի բոլոր ղեկավարներին դիմել է իրեն տուն հատկացնելու համար` Սերժ Սարգսյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան, ՄԻ պաշտպան, քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններ, սակայն մինչ այսօր «գերեզմանային» լռություն է տիրում:
 Ի դեպ, պարոն Նորիկը եւ իր կինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են. «Գրասենյակը գիտի, բայց ընթացք չի տալիս, ինչքան դուռ եմ ծեծել ու թուք ու մուր կերել ձայներ հավաքելու համար… Ինձ թվում ա, որ եթե Գագիկ Ծառուկյանն իմանար, մի բան կաներ: Ես ձեզ թուղթ կբերեմ, թե մենք` մարդ ու կին, ինչեր ենք արել կուսակցության համար, իրանց համար մաքուր ձեւով ենք աշխատել` մեկը դուռը շխկացրել ա, մեկը հայհոյել ա, ու էսօր էս վիճակն ա…»:
Նա նաեւ նշեց, որ ինքն ու իր կինն այդ ամենն արել են կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին օգնելու համար. «Հենց իրա հրամանը եղավ, որ պետք է ընտրություններին օգնենք, մենք սկսեցինք սրտանց աշխատել»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ ինքը «Հայաստանի ժողովրդական գործիքներ» նվագախմբի քամանչահարն է եղել, իսկ այժմ ընդամենը 25 հազար դրամ թոշակ է ստանում: Պարոն Նորիկն ասաց, որ ինքն ամեն օր՝ լույսը չբացված, մտածում է, թե  ում «դուռը» գնա, խնդրի, աղաչի-պաղատի, որ իրենց ձմռան կեսին անտուն չթողնեն: Ի դեպ, այն գերատեսչությունները, որտեղ դիմել է Նորիկ Հովհաննիսյանը, հիմնականում հետեւյալ պատասխանն են տվել. «Ներկայումս պետական աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի շրջանակներում առաջնահերթ կարգով լուծվում են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած  անձանց բնակարանային խնդիրները»:
 Իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից էլ պատասխանել են. «Ձեր բնակապահովման հարցի քննարկմանը կարելի է անդրադառնալ հետագա տարիներին` հանրապետությունում առկա նմանատիպ խնդիրների լուծմանն ուղղված իրականացվելիք ծրագրերի շրջանակներում` ծրագրերի չափանիշներին համապատասխանելու դեպքում»:
 Ի՞նչ է մտածում այս մասին ԲՀԿ-ն, երբ իր անդամները դժգոհում են, որ սրտանց օգնել են ընտրությունների ժամանակ` ձայներ ապահովելով, սակայն  մնացել են «կոտրած տաշտակի առաջ»: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանի հետ: Վերջինս տեղեկացավ իրենց կուսակցի ծայրահեղ ծանր վիճակի մասին եւ նշեց, որ իրենք կհետաքրքրվեն, թե ինչ խնդիր է, քաղաքացուն կհրավիրեն իրենց մոտ եւ կտեսնեն, թե ինչով կարող են օգնել նրան: 

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս