Եթե չգար Հայաստան, հնարավոր է, որ վարույթը չէր էլ հարուցվի․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից որոշեց Հայաստան տեղափոխվել եւ Գորիսում ձերբակալվեց:
Մենք հետաքրքրվեցինք այդ գործով, պարզվեց` գործով անցնող միակ մեղադրյալը Սարգիս Գալստյանն է, ուրիշ ոչ ոք գործով ներգրավված չէ։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։ Ապրիլի 3-ին նա կալանավորվել է։ Գալստյանին Քննչական կոմիտեն մեղադրում է լրտեսություն կատարելու մեջ։ Ի՞նչ դիրքորոշում ունի Սարգիս Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապված` հետաքրքրվեցինք նրա պաշտպանից։ «Այդ հարցի վերաբերյալ Սարգիս Գալստյանն ինձ որոշակի դիրքորոշում հայտնել է, բայց, հաշվի առնելով մեղադրանքի նրբությունը, այս փուլում ես նպատակահարմար չեմ գտնում դրա վերաբերյալ որոշակի տեղեկություններ բարձրաձայնել։ Ինձ թվում է՝ մարդիկ, հասարակությունն ըմբռնումով կմոտենան, ժամանակը կգա, ամբողջը կիմանան»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ չի կարող ասել՝ Գալստյանն ընդունո՞ւմ, թե՞ հերքում է մեղադրանքը։
Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ քրեական վարույթը ե՞րբ է հարուցվել՝ Գալստյանի՝ Հայաստան գալուց առա՞ջ, թե՞ հետո՝ նկատի ունենալով այն, որ եթե վարույթն ավելի վաղ է հարուցվել, ապա ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմինն արդեն որոշակի աշխատանք արած կլինի, մեղադրանքն ապացուցող փաստեր ու ապացույցներ հավաքած կլինի: Այսինքն՝ ենթադրյալ լրտեսության մասին իրենց հայտնի է դարձել, վարույթը հարուցել են եւ սպասել, որ Գալստյանը գա Հայաստան, ձերբակալեն։ Պաշտպանը, սակայն, մեզ ասաց, որ վարույթը հարուցվել է Սարգիս Գալստյանի՝ Հայաստան գալուց հետո, այսինքն՝ եթե նա Հայաստան չգար, ապա վարույթը հնարավոր է, որ երբեք էլ չհարուցվեր, մինչդեռ եթե լրտեսության մասին Հայաստանի իրավապահ մարմիններին ավելի վաղ էր հայտնի դարձել, կարող էին վարույթը հարուցել ու Գալստյանի նկատմամբ հետախուզում հայտարարել։

Պաշտպանը նաեւ մեր հարցին ի պատասխան ասաց, որ Սարգիս Գալստյանն իր կալանքը կրում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «ԱԱԾ մեկուսարան»։ Սարգիս Գալստյանն Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ապա աշխատել է Ռազմահայրենասիրության եւ կրթության նախարարությունում։ Սարգիս Գալստյանի մասին հանրությունն իմացավ, երբ լրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե «Սարգիս Գալստյանն Ալիեւի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ», եւ որ Արցախում տարիներ շարունակ տարբեր պաշտոններ զբաղեցրած Գալստյանը «դեռ 90-ականներին է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»: Իսկ Գալստյանին ճանաչողները պատմում են, որ նա Արցախի հայաթափումից հետո մնացել էր Արցախում զուտ այն հույսով, որ, մեկ է` շուտով արցախցիները վերադառնալու են Արցախ, եւ ճանաչողները նրան հայրենասեր մարդ են համարում։ Նշենք նաեւ, որ Գալստյանը միակ հայը չէ, որ մնացել էր Արցախում, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտարարել էր, որ Արցախում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի, օգնում՝ չխզել կապը Արցախից դուրս գտնվող հարազատների հետ:»

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս