«Շուշի 92» ազատամարտիկների և վետերանների կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Իշխան Սարգսյանն առաջիններից էր, եթե ոչ առաջինը, որ բարձրացրեց ազատամարտիկների սոցիալ- տնտեսական խնդիրները:
Սակայն այսօր պրն Սարգսյանը իր մարտական ընկերների կողքին չէ, որոնց մի մասը պայքարում է ձերբակալված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի, մյուս մասն էլ երկիրն այս վիճակից հանելու համար:
Armlur.am լրատվականի հետ զրույցում ազատամարտիկն ասաց, որ իր բարձրացրած խնդիրներն ու պայքարն այլ ուղղությամբ գնաց. «Մարդիկ կային 20-25 տարի ազատամարտիկներին չէին հիշում, ԱԺ-ում նստած ` ոչ մի անգամ ոչ մի հարց չբարձրացրին, իսկ հիմա ամեն մեկն աթոռի կամ պաշտոնի է ուզում հասնել ազատամարտիկների միջոցով»:
-Պրն Սարգսյան, ազատամարտիկների երկու խմբերից մեկը պահանջում է Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակել, մյուս խումբը ` Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը, փորձում է երկրում ստեղծված վիճակը փոխել: Հիմա Դուք այդ խմբերից որի՞ կողքին են, որի՞ մոտեցումներ են Ձեզ համար ընդունելի:
-Ես ինքնս պատրաստ եմ նորից բարձրացնել ազատամարտիկների սոցիալական խնդիրները: Ես ձեզ պարզ ասեմ ` ոչ այս, ոչ այն խմբի հետ գործ չունեմ: Կառավարությանը գրավոր ներկայացրել եմ առաջարկություն ` ստեղծել հանձնաժողով, որը պիտի ուսումնասիրի ազատամարտիկների սոցիալական հարցերը: Կառավարությունը առաջարկս ընդունել է, հանձնաժողովն էլ կարծեմ թե արդեն ստեղծվել է: Ինչ վերաբերում է, որ ես նորից Օպերայի մոտ, պատերի տակ, այստեղ-այնտեղ կանգնեմ, դա չեմ անի: Մենք մեր պայքարը տանում էինք ճիշտ ուղիով, իսկ մարդիկ կային, որ փորձում էին պառակտել:
Ինչ վերաբերում է Ռազմադաշտային հրամանատարների խորհրդին, ես տեղյակ չեմ նրանց գործունեությունից: Բայց եթե նրանք ուզում են երկրում ստեղծված իրավիճակը փոխել, նրանց հաղթանակ եմ մաղթում:
–Անուններ կհրապարակե՞ք, ովքեր էին փորձում պառակտել ազատամարտիկների շարժումը:
-Անուններ չեմ կարող տալ, բայց ազատամարտիկների անունը պարբերաբար շահարկում են, խոսում են նրանց անունից, բայց նրանք ազատամարտիկների հետ խոսե՞լ են, որ նրանց անունից են հանդես գալիս: Մի քանի ազատամարտիկ, եթե խոսում է, դա չի նշանակում, որ բոլորի անունից կարելի է խոսել: Ազատամարտիկն իմ կարծիքով իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել, նրա ի՞նչ գործն է քաղաքականությամբ զբաղվել:
-Պրն Սարգսյան, Ձեզ որպես ազատամարտիկի, ի՞նչն է խանգարում գնալ- կանգնել ձեր մարտական ընկերների կողքին ու նրանց հետ պահանջել ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին: Չե՞ք ցանկանում, որ ձեր մարտական ընկերն ազատության մեջ լինի:
-Ես Վոլոդյա Ավետիսյանի ընկերներին ու նրա կողքին կանգնողներին այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում էինք, առաջարկել եմ հետևյալը, երբ կզգաք իմ կարիքը, իմ օգնությունը, խնդիր չկա, ես կգամ: Իրենք էլ ասել են ` այո:
-Այսինքն ` հրավերի՞ եք սպասում:
–Գիտեք, ես առողջական խնդիրներ ունեմ, 3 սրտի վիրահատություն եմ տարել: Ես չեմ կարող ամեն օր ամեն տեղ գնալ:
-Կառավարության ստեղծած հանձնաժողովը, կարծում եք, կլուծի՞ ազատամարտիկների հարցերը:
-Գիտեք, մի օրվա, մի ժամվա մեջ այդ հարցերը չի լուծվի: Ես վերջերս եղա Եռաբլուրում, ինձ ասացին, որ ազատամարտիկների թանգարան կառուցելու համար որոշ աշխատանքներ են ուզում սկսել: Իսկ թանգարանի կառուցումը ես կարևոր եմ համարում և պայքարի առաջին օրվանից ասել եմ դրա մասին: Ես ուրախ կլինեմ, որ գոնե այդ մի հարցը լուծվի: Իսկ մնացած հարցերի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չեմ զբաղվել: Մայիս ամսին կհետաքրքրվեմ ու կիմանամ:
-Պրն Սարգսյան, Ձեր չմասնակցելն ու չեզոքությունը շրջանառվող լուրերի համաձայն, պայմանավորված է այն հանգամանքով, որ Դուք եք Վոլոդյա Ավետիսյանին գլխին «սարքել»:
–Այդ ասողը կամ ասողները գլուխները պատին են տվել: Մենք իրար հետ ընդհանրապես կապ չենք ունեցել: Ես տեղյակ չեմ եղել ` ինքը ինչով է զբաղվել: Ես էլ վերջերս կարդացի, որ մեկ ուրիշի անունն են տալիս: Շատ կներեք,Վոլոդյան իմ ի՞նչն է կամ ինձ ի՞նչ էր արել, որ ես իր գլխին սարքեի: Ես ձեզ ասեմ, ինձ էլ են ահաբեկել այդ օրերին:
-Իսկ Դուք համաձա՞յն եք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղավոր չէ, նրան ձերբակալել են այն բանի համար, որ նա գործարքի չմտավ իշխանության հետ և պատրաստ էր մինչև վերջ պայքարելու ազատամարտիկների խնդիրների համար:
–Դժվար հարց եք տալիս:
-Դուք չե՞ք ճանաչում Վոլոդյա Ավետիսյանին:
-Ես նրա հետ ծանոթացել եմ այն ժամանակ, երբ բարձրացրինք ազատամարտիկների խնդիրները: Մենք իրար չենք ճանաչում: Եթե նրան վաղուց ճանաչած լինեի, կասեի իմ կարծիքը: Մարդն իր տեղը չի կարող երաշխավորել, ես ո՞նց կարող եմ նրա տեղը երաշխավորել:
-Վերջերս ՊՆ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն , սակայն պայմանավորվածությունները չեն կատարվել: Այս համատեքստում կարելի՞ է ենթադրել, որ ի տարբերություն Վոլոդյա Ավետիսյանի, Դուք ինչ-ինչ հարցերում միգուցե պայմանավորվել եք պաշտպանության նախարարի և կառավարության հետ, այդ պատճառով էլ ձեր մարտական ընկերների կողքին չեք այսօր:
–Ոչ, ոչ, իմ առողջական վիճակը թույլ չի տալիս լինել իմ մարտական ընկերների կողքին: Օհանյանի ասածը, ի դեպ, միայն Վոլոդյային չի վերաբերում, այլև ինձ: Օհանյանն ասաց, որ մենք դադարեցնենք ցույցերը, քանի որ այնպիսի օրերի էինք անում մեր ակցիաները, որ ՀՀ-ում օտարերկրյա հյուրեր կային: Օհանյանը մեզ ասաց ` մի քանի օր ցույցեր մի արեք, ամբողջ աշխարհից մարդիկ կան: Ես դրանից հետո տեղյակ չեմ ` ինչ է եղել: Վոլոդյա Ավետիսյանը վարչապետի մոտ է եղել, ես վատառողջ եմ եղել, ներկա չեմ եղել, ավելին ` ես Օհանյանի ու վարչապետի ասածով եմ ասում, որ հանձնաժողով է ստեղծվել:
– Ձեր բարձրացրած բողոքի ակցիաներից երկար ժամանակ է անցել: Եթե անհրաժեշտ լինի, դուք Ձեր անունից կդիմեք կառավարություն ` ինչ-որ անձնական հարցի լուծման համար: Ուզում եմ հասկանալ ` վերաբերմունքը կառավարության կողմից ձեր նկատմամբ փոխվել է, թե ոչ:
-Ես անձամբ ինձ համար երբեք չեմ դիմի ու նման բան ինձ թույլ էլ չեմ տա: Եթե հարց լինի, կդիմեմ ընդհանուրի համար, ինչպես եղել է առաջին օրվանից:
Սոնա Դավթյան