ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԲԱՎԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Գասպարյանը, նշանակվելով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում, հաջորդ օրվանից սկսեց համակարգում կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել: Ամեն օր ՀՀ ոստիկանությունում արթնանում են սպասումով` այսօր իրենց հերթը կհասնի՞, թե՞ ոչ: Համակարգում նույնիսկ ասում են, թե Վանոյի ժամանակները վերադառնում են:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով է Վլադիմիր Գասպարյանը մեկը մյուսի հետեւից հեռացնում ոստիկաններին: Ի՞նչ արդյունք կտան պաշտոնանկությունները, արդյո՞ք դրանք կնպաստեն ոստիկանի արատավորված համբավի վերականգնմանը: 

ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ կարծիքով, ոստիկանների հեռացումն ունի երկու պատճառ. նախ` Վովա Գասպարյանը գիտի իր անելիքը,  եւ երկրորդ`  ամեն օր քնում եւ զարթնում են սպասելիքով այն մարդիկ,  որոնք  գիտեն, որ կարող է հենց իրենց հեռացնի աշխատանքից: Ես կարծում եմ, որ Վ.Գասպարյանը փորձում է համակարգի աշխատանքը բարելավել եւ համապատասխանեցնել իր առջեւ դրված պահանջներին: Իսկ ինչ վերաբերում է ոստիկանի արատավոր համբավի վերականգնմանը, ասեմ, որ հիմա բավականին փոփոխություն է նկատվում այս ոլորտում, քանի որ նախկինում վիճակն ավելի վատ էր: Կարծում եմ, հետո պարզ կլինի, թե ինչ արդյունքներ կտան նման կադրային փոփոխությունները:

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Դա Վ.Գասպարյանի խնդիրը չէ: Եթե նրա տեղն ուրիշին նշանակեին,  նույն կերպ կվարվեր: Պարզապես մեզ մոտ, երբ նոր մարդ է գալիս` որեւէ համակարգ ղեկավարելու, առաջին հերթին գալիս է հանրապետության ղեկավարի  քաղաքական պատվերով` իմանալով, թե ինչ խնդիրներ պիտի լուծի: Այսօր ամեն մեկն իր քմահաճույքով ու  ճաշակով է ընտրում  նոր կադրերին, քանի որ բազմիցս տեսել ենք, որ կադրային փոփոխությունը կատարվում է ըստ կուսակցական պատկանելության: Ես կարծում եմ, որ մեզ մոտ պետական ինստիտուտները դեռ կայացած չեն: Իրականում նրանք պետք է լինեն անկախ եւ կայուն: Իսկ տվյալ համատեքստում  ասեմ, որ երեւի նախընտրական ժամանակաշրջանի տրամաբանությամբ է պայմանավորված նման արարքը, այսինքն` հավաքում է էնպիսի անձնակազմ, որպեսզի կատարի քաղաքական պատվերները: Կարծում եմ` գնալով ավելի կվատանա ոստիկանության վիճակը:

ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
ղեկավար, իրավապաշտպան


ՊԱՏԱՍԽԱՆ.
Իսկ ի՞նչ փոփոխություններ է անում  որ. մեկին մի պաշտոնից հանում`  մի այլ պաշտոնի  է  դնում,  դա չի նշանակում, որ փոփոխություններ է անում: Նման փոփոխություն անում է միայն  վարչախմբի պարագլուխը: Իսկ ինչ վերաբերում է ոստիկանի համբավի արատավորմանը, ասեմ, որ դա եղել է այն ժամանակ, երբ մարտի մեկին ոստիկանության համակարգը բազմաթիվ քաղբանտարկյալների նկատմամբ ապօրինի գործունեություն իրականացրեց: Կարծում եմ` ո՛չ նախագահին, ո՛չ վարչապետին, ո՛չ էլ ինչ-որ մեկին չի հաջողվի վերականգնել ոստիկանի արատավոր համբավը:  

ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ ոստիկանի արատավոր համբավի վերականգնման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ոստիկանությունն իր աշխատանքի շնորհիվ կկարողանա վերականգնել քաղաքացիների վստահությունը: Իսկ ինչ վերաբերում է Վովա Գասպարյանի նման գործունեությանն, ասեմ, որ նա իր  պատկերացումների թիմն է ձեւավորում, որպեսզի կարողանա իրագործել իր առջեւ դրված խնդիրներն ու պարտականությունները:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս