ՀՀ ԿԳՆ-Ն ԿԱՆԽԵԼ Է ՓՈՇԻԱՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, արձագանքելով «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ի մասին «Ժողովուրդ»-ի հրապարակմանը, մի գրություն է ուղարկել` ներկայացնելով, թե ինչ քայլեր է կատարել ու կատարում այդ առնչությամբ:
«Ի կատարումն ՀՀ կառավարության 2007թ.  հունվարի 18-ի N 142-Ն որոշման 3-րդ եւ 4-րդ կետերի հանձնարարականների`  ՀՀ ԿԳ նախարարի եւ ՀՀ Շիրակի մարզպետի  12.03.2007թ. հաստատված հանձնման-ընդունման ակտով «ՀԳԱ Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն են ամրացվել, այսինքն` փոխանցվել ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի նախկին N 85 մասնագիտական տեխնիկական ուսումնարան (ՄՏՈՒ) հիմնարկի ուսումնական մասնաշենքը եւ շինությունները:
Տվյալ հանձնման-ընդունման ակտում արձանագրվել է, որ հանձնվող շենք-շինությունները սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական չունեն: «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ի տնօրենը վերոնշյալ  մասնաշենքերի անշարժ գույքի պետական գրանցման վկայականը ստանալու  նպատակով գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ախուրյանի տարածքային ստորաբաժանում եւ ստացել պարզաբանում այն մասին, որ հիշյալ շենք-շինությունները գտնվում են կալանքի տակ:
ՀՀ տնտեսական դատարանի 2007թ. նոյեմբերի 22-ի վճռով Շիրակի մարզի Ախուրյանի N 85 մասնագիտական տեխնիկական ուսումնարանը սնանկ է ճանաչվել, եւ պարզվել է, որ «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ի շենք-շինություններն օտարման վտանգի տակ են (հայտարարված է աճուրդ): Գործի ուսումնասիրության արդյունքում, ի վերջո, նախարարությունը ձեռք է բերել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ախուրյանի տարածքային ստորաբաժանման կողմից տրված 2003թ. նոյեմբերի 4-ի N 2217217 սեփականության իրավունքի վկայականի պատճենը, ինչը տարիներ շարունակ ապօրինաբար թաքցվել է նախարարությունից, եւ հավաստիացրել են, որ պետական գրանցում կատարված չէ:
Ելնելով վերոգրյալից` ՀՀ ԿԳ նախարարությունը «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ախուրյանի տարածքային ստորաբաժանման կողմից տրված 2003թ. նոյեմբերի 4-ի N 2217217 սեփականության իրավունքի գրանցման վկայականի առոչինչ լինելը հաստատելու եւ ՀՀ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին» հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Քանի որ հարցը վերաբերում էր ՀՀ սեփականության պաշտպանության խնդրին` նախարարությունը դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազին` 22.11.2007թ. ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով: ՀՀ վարչական դատարանի 14.04.2011թ. վճռով առոչինչ է ճանաչվել 2003թ. նոյեմբերի 4-ի N 2217217 սեփականության իրավունքի գրանցումը: Հավելենք, որ ներկայումս իրականացվում է նշված տարածքի պետական իրավունքի գրանցման աշխատանքը` ՀՀ անունից:
Ի դեպ, ժամանակին այս խնդիրը քննարկվել է նաեւ ՀՀ Ազգային Ժողովում: Առնվազն տարակուսելի է, որ «Հայկական Կարիտաս» բարեգործական հիմնադրամը մտահոգություն է հայտնում այսօր, երբ ՀՀ ԿԳ նախարարության ջանքերով պետական միջոցների փոշիացումը կանխվել է, եւ շենքը բացառապես ծառայելու է կրթական ծրագրերի իրականացման համար:
 Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 540-Ն որոշմամբ «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվելով  միացել է «Ախուրյանի Ն.Աղբալյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին եւ  փոխանցման ակտի համաձայն վերջինիս են փոխանցվել նշված շենք-շինությունները: Հաշվի առնելով ավագ դպրոցների նախամասնագիտական կրթություն իրականացնելու առաքելությունը` ՀՀ ԿԳ նախարարությունը կրթական ծրագրերի իրականացման գործընթացում կարեւորում է տեղական եւ միջազգային հասարակական կառույցների մասնակցությունը, որի հաջողված օրինակները բազմաթիվ են»:




Լրահոս