ՄԵՐԻՆ ՃԻՇՏ ԱՂՋԻԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵՐԻ ՄԱԿԱՐՅԱՆԸ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Մերիի դերակատարն է: Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, այնուհետեւ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
-Հաղորդավարուհի էիր, մեկ էլ քեզ տեսնում ենք դերասանուհու կարգավիճակում, այն էլ սերիալում, ինչպե՞ս ստացվեց:
-Ինձ բազմիցս առաջարկել էին, ես անընդհատ հրաժարվում էի: Սկզբում այս սերիալում էլ նկարահանվելու առաջարկները մերժել եմ, հետո սկսեցին համոզելու աշխատանքներ տանել, շատ համոզեցին, ես էլ համոզվեցի: Նախքան նկարահանումները սկսելը, ինձ էին առաջարկել Էլենի դերը, բայց կերպարը մի քիչ ուրիշ պետք է լիներ: Հետո, երբ գտան Էլենի դերակատարին, ըստ սցենարի ես էլ դարձա Գոռի ընկերուհին, եւ ընթացքում ստեղծվեց Մերիի կերպարը: Ինձ համար էլ շատ դժվար էր խաղալ, որովհետեւ ես չէի հասկանում` ո՞վ է Մերին, ի՞նչ է ուզում:
-Մեղմ ասած, Մերին այդքան էլ դրական կերպար չէ, արդարացնո՞ւմ ես նրան:
-Հիմա արդեն նրան չեմ համարում բացասական կերպար, բայց սկզբում համարում էի, կողքի ազդեցությունը շատ էր: Մերիի կերպարն այս ֆիլմում դրականներից մեկն է: Ցո՛ւյց տվեք ինձ այսօր նման աղջիկ, ով այդպես անվերապահորեն կսիրի տղայի, կամուսնանա նրա հետ, երբեւէ չի դավաճանի: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ ֆիլմում համարյա թե բոլոր կերպարները դավաճանում են: Բարկանում եմ, երբ ասում են, որ Մերին դրական կերպար չէ, միգուցե նա անում է այնպիսի բաներ, ինչը չէր անի բարի աղջիկը, բայց տեսե՛ք, թե ինչ գնով է պահում իր տղամարդուն:
-Մերին «ձեռք է առնում» մի խեղճ աղջկա, չափազանց քաղքենի է:
-Դա նրա միակ ուժն է, որով նա փորձում է ամուսնուն պահել իր կողքին: Այո՛, քաղքենի է, բայց դա չի նշանակում, որ դրական չէ, ինքը ճիշտ աղջիկ է եւ ամեն ինչ միանգամից է ընկալում, շատ արագ հասկանում է իրավիճակը, գլխի ընկնում` ինչն ինչոց է:
-Ի՞նչ ես կարծում, հասարակության մեջ շա՞տ են նման կերպարները:
-Օ՜, շատ-շատ: Կերպարը սովորեցնում է հասնել քո ուզածին, չնայած ճանապարհները մի փոքր վատն են, էդպես չի կարելի: Բայց ձգտել ու հասնել, դա շատ լավ է: Պահել քո ունեցածը` ես դա եմ քարոզում իմ դերով: Ինքս էլ չեմ ընդունում այդ քաղքենիությունն ու բամբասկոտությունը:
-Չի՞ պատահում` քեզ բռնացնես այն փաստի վրա, որ Մերիի պես ես խոսում կամ վարվում:
-Էդպես չի եղել: Բայց հաճախ ինձ ասում են` դու ֆիլմում չես, էդպես մի՛ խոսի: Ախր ես այդպես եմ խոսում: Ավելի շատ ես եմ Մերի, քան Մերին` ես:
-Ներքին նմանություններ կա՞ն քո եւ կերպարիդ միջեւ:
-Իմ խոսելաձեւը, կազմակերպվածությունը, մարդկանց համախմբելը` այդ ամենն իմ բնավորության մեջ կա, բայց քաղքենի, բամբասկոտ ու տակից փորելու գծերը չկան: Խաղից դուրս ես սովորական Մերին եմ:
-Մարդկանց արձագանքներն ինչպիսի՞ն են:
-Եթե նկատել եք, մեր ժողովուրդն ապրում է այս ֆիլմով, նրանց համար այդ ամենն իրականություն է, մեզ հաճախ են նույնականացնում: Երբ ասում են, որ կերպարս լավ եմ մարմնավորում, շնորհակալ եմ, բայց երբ մոտենում են ու ասում` ի՞նչ ես ուզում այդ տղայից, հանգի՛ստ թող նրան, այդ անլվայի հետ իսկապե՞ս մրցակցություն կա, ուղղակի զարմանում եմ:
-Բամբասանքներից մեկն էլ ես ասեմ: Քո ու Միհրան Ծառուկյանի միջեւ իբրեւ թե սիրավեպ է սկսվել:
-Այդ տեսակ բաներ շատ եմ լսել, նույնիսկ, որ մենք երեխա ունենք: Նորմալ եմ վերաբերվում այդ խոսակցություններին: Երբ ես դեռ հաղորդում էի վարում ու շատ տարբեր գործընկերների հետ մտնում եթեր, մեզ ամուսնացնում ու բաժանում էին` սկսած Ավետ Բարսեղյանից, Արամ mp3-ից, Ֆելիքս Խաչատրյանից:
Դիմեմ հեռուստադիտողներին, ընթերցողներին, թող այդքան լուրջ չմոտենան մեր պատմություններին, նայե՛ք այս ամենին որպես ֆիլմ: Հասկանում եմ, որ ֆիլմը ստացվել է, քանի որ մեր կերպարներին հավատում եք, բայց թող մեզ չդնեն այդ հերոսների տեղը: Մենք էլ իրավունք ունենք խանութ կամ սրճարան գնալու, չնայած սահմանափակումներ շատ ենք անում: Էլենի դերակատարին էլ շատ նորմալ եմ վերաբերվում, մենք ոչինչ չունենք կիսելու:  
-Եթե այս ֆիլմի ավարտից հետո կրկին ստանաս սերիալում նկարվելու առաջարկ, կհամաձայնե՞ս:
-Հավանաբար այո՛, նկարահանման պրոցեսն ինձ շատ է գերում, նույնիսկ ավելի շատ, քան ուղիղ եթերն ու հաղորդումները: Խաղալ ինչ-որ բան, լացել, ուրախանալ, այդ ամենն ինձ շատ է դուր գալիս:
-Լավ, սերիալի կերպարդ մի կողմ թողնենք, իսկական Մերին ինչպիսի՞ն է:
-Շատ աշխույժ, ընկերասեր, ատում եմ մենակությունը: Սիրում եմ կարդալ, հիմա անկողնուս կողքին գրքեր կան: Երգել եմ սիրում, պարել: Թեթեւ մարդ եմ, ամեն ինչին վերաբերվում եմ թեթեւ եւ հումորով:
-Վստահ եմ, որ տղա երկրպագուների բանակը քիչ չէ, կասե՞ս` սիրտդ զբաղվա՞ծ է:
-Հիմա ո՛չ:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս