Այսօր բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ Նա անձամբ չէր տեսել Ակսել Բակունցին։1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941) որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.

Դուք հոր նման խիստ եք եղել,
Ու հոր նման ներող,

Ձեր խորհուրդը խորն է եղել

Ու խրատը՝ գերող։

Պատերազմից հետո աշխատել է «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965)։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։

Նրա մասին արտահայտվել է Հրանտ Մաթևոսյանը, Վահագն Դավթյանը, Կայսին Կուլիևը (բալկար բանաստեղծ), Ալլա Մանչերկոն ( ռուս քննադատ), Լև Օզերովը ( ռուս բանաստեղծ)։

Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։




Լրահոս