Նա 13 տարեկանից մենակ է եղել ու հասել է նրան, ինչին պետք է հասներ. որդու հուշերը` Համո Սահյանի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

…Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
Չէիր վանելու այս մեղկ մարդկության
Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,
Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

102 տարի առաջ այս օրը` ապրիլի 14-ին, լույս աշխարհ է եկել 20-րդ դարի հայ մեծ բանաստեղծներից մեկը` Համո Սահյանը: Նրա մտավորական, մարդ, հայր տեսակի մասին «Ժողովուրդ»-ին պատմել է բանաստեղծի որդին` «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրի Սահյանը:

«Մի տեղ իշխան ու տեր, մի տեղ համեստ հովիվ»

Հայրս հասարակ մարդ էր, համեստ, ինչ-որ տեղ նաեւ՝ ամաչկոտ: Իր մեջ էդ եսը, էգոն չկար: Ինչպես բոլորն էին, այնպես էլ ինքն էր: Բայց, միեւնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչեւ հոգուդ հատակը: Խորհուրդ չէր տալիս, ուրիշ տեսակ մարդ էր… Նրա ակնհայտ սովորություններից մեկը շատ ծխելն էր: Միշտ էր ծխում. օրը մի քանի տուփ: Մաման ինձ ու եղբորս սովորեցրել էր, որ եթե պապան աշխատում էր, մենք պետք է լուռ մնայինք, բայց հայրս պահանջկոտ չի եղել երբեք եւ ոչ մի հարցում: Իր ներկայությունն արդեն իսկ հերիք էր, որ մենք խելոք մնայինք:

2

«Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ»

Հայրս գործի մեջ պարփակված մարդ էր: Երբ դեռ փոքր էինք, այդ ժամանակվանից մեզ համար Թումանյան ու Բակունց էր կարդում, կաթիլ-կաթիլ լցնում մեր մեջ: Իսկ, առհասարակ, նա համարում էր, որ ինչի արժանի ես, դրան էլ կհասնես: Միշտ ասում էր, որ երեխային չի կարելի զոռով տանել ինչ-որ ուղղությամբ. ուր գնալու է, կգնա: Երեւի իր կյանքի փորձից էր ասում: Նա 13 տարեկանից մենակ է եղել ու հասել նրան, ինչին պետք է հասներ:

«Հիշում եմ լքված մի թոնիր, բերանին մամռոտած մի խուփ»

Հայրս հասարակ գյուղացի էր: Նա միշտ ասում էր. «Ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ» ու միշտ պարծենում էր դրանով: Նա մեծ կուլտուրայի տեր մարդ էր: Երբեք ոչ ոքի սպասեցնել չէր տալիս. միշտ առաջինը ինքն էր գնում հանդիպման:

«Աշխարհում միշտ բաց են եղել դռներս կրնկի վրա…»

Մենք ապրում էինք մի շենքում, որտեղ մի շարք ուրիշ գրողներ էին ապրում: Բոլորն իրար հարեւան էին: Նրանց մասնակցությամբ հավաքներ մեր տանը շատ է եղել: Գալիս էին Պարույր Սեւակը, Վահագն Դավթյանը, Նշան Մուրադյանը: Մեզնից մի հարկ վերեւում ապրում էր արձակագիր Քրիստափոր Թափալցյանը, ներքեւի հարկում` Սարմենը: Մեզ հարեւան էր նաեւ բանաստեղծ Արշալույս Սարոյանը: Մեր դռները միշտ բաց էին իրար առաջ: Մի ուրիշ եղանակ էր այդ շենքում, բոհեմական հրաշք էր, որ չգիտեմ` երբեւէ կկրկնվի, թե ոչ:

13010696_1036377653109967_6272965517929575539_n

«Միջոցներս… չէ, այս անտեր փողից բան չեմ հասկանում»

Մենք երբեք ապահով, առավել եւս` հարուստ կյանքով չենք ապրել: «Գրքից գիրք» էինք ապրում, իսկ հորս գրքերը տպվում էին 4-5 տարին մեկ անգամ: Այդ շենքում, որտեղ ապրում էինք, բոլորն իրարից պարտքով փող էին վերցնում, բայց դրանից չէին ամաչում. Էդպես էին ապրում, հասկանո՞ւմ եք:

«Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ»

Հայրս միշտ ասում էր, որ իր բոլոր ստեղծագործություններն իր զավակներն են, եւ ինքը պատասխանատու է դրանց բոլորի համար: Ես իմ աչքով տեսել եմ, թե ինչպես էր մի բան գրելուց 10-15 րոպե հետո կարդում այն, բարկանում, պատռում էր ու գցում մի կողմ: Էդպես շատ է պատռել:

«Կյանք իմ, դու ձրի ներկայացում, բայց ինչքան թանկ ես նստում վրաս»

Հիշում եմ, որ երբ մեծերով հավաքվում էին մեր տանը, խոսում էին գրականությունից, արվեստից, ընդհանրապես, մարդուց: Թե ուր է նա ձգտում, ուր է գնում, ժամանակը նրան ուր է տանում, ինչ է պետք մարդ մնալու համար: Նրանք տեսնում էին, որ քաղաքակրթությունը մարդու մեջ սպանում է լավագույն հատկանիշները: Նրանք վախենում, սարսափում էին հագած-կապած, բայց դատարկ ու կաղապարված մարդկանցից:

«Մորս ծաղիկ ծոցի մեջ կար մի ծիվ-ծիվ Հայաստան»

Այդ մարդիկ Հայաստանի ապագայով էին ապրում: Հայրս իր հայրենիքը միշտ համեմատել է մոր հետ: Իր երկրի ճակատագրով մտահոգված է եղել միշտ: Նա այն համոզման էր, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք, չնայած գիտեր, որ դժվարին ճանապարհ է սպասվում: Նա ասում էր, որ եթե ժողովուրդը իր հոգով բարձր է, ուրեմն կա: Հիմա մեր ազգը հոգեւոր հայր չունի: Սահյանը, օրինակ, կարող էր այսօր մի բան ասել, որ ոչ մեկը չի ասում: Բայց քանի որ դրա հնարավորությունը չկա, հիշենք նրա խոսքերը. «Իմ երգերում ինձ ման եկեք. ես ուրիշ տեղ չկամ»:

4

Հ.Գ. Ապրիլի 14-ին Համո Սահյանի ծննդավայրում` Սյունիքի մարզի Լոր գյուղում, կբացվի գրողի տուն-թանգարանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գրողի որդին հայտարարել էր, որ ցանկանում է վաճառել Սահյանի անտիպ արխիվը` հոր տուն-թանգարանը բացելու եւ այլ ծախսեր հոգալու համար: Երբ այս հարցը լուծվեց, արխիվը, որը ներառում է նամակներ, ստեղծագործություններ, ձեռագրեր, հեռագրեր եւ հոդվածներ, չվաճառվեց, մնաց Նաիրի Սահյանի մոտ: Նա հոր տուն-թանգարանին տրամադրել է մի շարք լուսանկարներ, փաստաթղթեր, բանաստեղծի գրասեղանը եւ այլ իրեր:

Աննա Բաբաջանյան




Լրահոս