ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«LEASING EXPO 2024/ «Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» աննախադեպ ցուցահանդեսն արդեն երկրորդ տարին է  մեկ հարկի տակ  է համախմբել տարատեսակ սարքավորումներ առաջարկող խոշոր կազմակերպությունների և ֆինանսական կառույցների:

 

Միջոցառումը կազմակերպել է Big Projects  ընկերությունը:

Big Projects ընկերության հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանը նշեց, որ իրենց թիմը ջանք չի խնայել, որպեսզի ընկերության հոբելյանական 10-րդ ցուցահանդեսը լինի միջազգային չափանիշներին համապատասխան:

«Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում  ծանոթանալ տեղական եւ միջազգային շուկայի տեխնիկական եւ տեխնոլոգիական նորարարություններին եւ առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ»,- նշեց նա:

Մեկ հարթակում ներկայացված են  գյուղատնտեսական սարքավորումներ, արեւային պանելներ, տրանսպորտային միջոցներ եւ էլեկտրոմոբիլներ,  շինարարական տեխնիկա, արդյունաբերական սարքավորումներ, Արտադրական սարքավորումներ, առողջապահական սարքավորումներ, HoReCa մատակարարներ, օդափոխության համակարգեր, սառնարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, ֆինանսական կառույցներ:

LEASING EXPO 2024-ին լիզինգի նոր ու լայն հնարավորություններ է առաջարկում Armenian Leasing ընկերությունը:

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը ընդգծեց, որ այս տարի իրենց գործող ծառայություններին ավելացրել են մի շարք նոր առաջարկներ, որոնք մշակված են  միջազգային կառույցների հետ համատեղ եւ  պետական սուբսիդավորման ծրագրերի օգնությամբ:

Շուրջ 4 տարի գյուղմթերքի վերամշակման ոլորտում սարքավորումների լայն տեսականի է առաջարկում Steelstandard ընկերությունը:

«Արփի Սոլար» ընկերության կորպորատիվ վաճառքի թիմի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը, ընդգծելով  նման մեծամասշտաբ նախագծերի կարեւորությունը, նշեց, որ այստեղ հանրությանն առաջարկում են արեւային համակարգերի լայն տեսականի հատուկ առաջարկներով:

Պահեստային ապրանքների լայն տեսականի ունեցող «Պահեստ N1» ընկերությունը եւս հանդես է գալիս ճկուն գնային առաջարկներով։

Արդյունաբերական անվտանգության համակարգերի լայն տեսականի է առաջարկում SAFETY MINING ընկերությունը:

Ցուցահանդեսի գլխավոր   հովանավորներն են ՝ EcoVille եւ  JCB (Ջեյ,սի, բի) ընկերությունները:

Հիշեցնենք, որ «LEASING EXPO 2024»-ն այս տարի անցկացվելու է «Մերիդիան» ցուցահանդեսային համալիրում՝ ապրիլի 12-14-ը: Ցուցահանդեսի մուտքն ազատ է եւ հանրության համար այն բաց է 11:00-20:00-ն:

 

 

 

ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՀՈՂԸ՝ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ

Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականին, նկատի ունենալով, որ  ընկերության տնօրենն իր խորհրդական, ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմն է, ընկերության համար ձեռնտու պայմաններով կնքել է վարձակալության պայմանագիր: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ դատախազությունից։

 

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը, անտեսելով Հողային օրենսգրքի վերաբերելի հոդվածները, Կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի՝ համայնքի հողերից հողամասերի վարձակալության եւ կառուցապատման իրավունքը տրամադրվում է մրցույթով՝ հրապարակային սակարկությունների միջոցով, չի ստեղծել մրցութային հանձնաժողով: Փոխարենը, Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականի մայիսի 29-ին հրավիրել է համայնքի ավագանու նիստ, օրակարգում ներառել է «Վարդավառ» զբոսայգու եւ լճի զբաղեցրած տարածքը ՍՊ ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրելու հարցը:

Համայնքի ավագանին, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը եւ արձանագրելով, որ «Վարդավառ» զբոսայգին ունի լուրջ ներդրումների կարիք, իսկ Էրեբունու թաղապետարանը չունի ընթացիկ ծախսեր եւ ներդրումներ կատարելու բավարար ֆինանսական միջոցներ, տարածքը նախկինում վարձակալած ընկերությունը չի կարողացել բարեկարգման աշխատանքներ կատարել զբոսայգում, 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ՝ չեղյալ է ճանաչել «Վարդավառ» զբոսայգին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ Էրեբունի համայնքի նախկին որոշումը եւ զբոսայգու ու լճի զբաղեցրած տարածքը 99 տարի ժամկետով՝ տարեկան 619 հազար 655 դրամ վարձավճարով, վարձակալական հիմունքներով ու կառուցապատման իրավունքով տրամադրել է ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմին պատկանող ՍՊ ընկերությանը:

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը ավագանուն չի տեղեկացրել, որ Երեւանի քաղաքապետի, Լիոնի քաղաքապետի եւ Մեծ Լիոնի նախագահի միջեւ 2008 թվականին ստորագրված համագործակցության համաձայնագրով՝ Լիոն քաղաքը ֆինանսավորել է Էրեբունի համայնքին՝ բարեկարգելու «Վարդավառ» զբոսայգին (ներկայում՝ «Լիոնի այգին»):

Արդյունքում՝ չեն սահմանվել մրցույթի պայմանները, վճարի մեկնարկային չափը, չի կազմակերպվել բաց մրցույթ, իսկ տարեկան վարձավճարի մեկնարկային նվազագույն՝ 12 մլն 500 հազար դրամի փոխարեն, արդեն իսկ Լիոն քաղաքի միջոցներով բարեկարգվող «Վարդավառ» զբոսայգին վարձակալությամբ տրամադրվել է ՍՊ ընկերությանն ակնհայտ ցածր՝ 619 հազար 655 դրամով:

Դատախազը 2024 թվականի մարտի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Էրեբունի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատախազը 2024 թվականի ապրիլի 10-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները եւ դրանք զարգացնելու հնարավորությունները:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, վարչապետին ուղեկցել են կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները՝ Երեւանի քաղաքապետը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչներն ու ճարտարապետական խմբի անդամները:

Նշվում է, որ վարչապետը կանգառներ է ունեցել «Սպանդարյան» եւ «Ալմաստ» կայարաններում, որտեղ շրջայցի մասնակիցների հետ տեղում քննարկվել են ապագա ճանապարհային ցանցի հիմնման հնարավորությունները: Կարեւորվել է տարբեր ուղղություններից Ակադեմիական քաղաք տանող ճանապարհային ցանցի զարգացումն ու այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը:

 

 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը:

Պայմանագիրը վավերացնելու նախագիծն ընդունվեց Ազգային ժողովի նիստում՝ ստանալով 57 կողմ, 26 դեմ ձայներ:

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին:

Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն. եվրո գումարի չափով վարկ՝ աջակցելու կայուն էներգաարդյունավետության բարելավմանը, որն ուղղված է Երեւանի հանրային շենքերին, մասնավորապես՝ մանկապարտեզներին եւ պոլիկլինիկաներին:

 

 

 

ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին, բանկի կողմից սահմանվել են հետեւյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.38 դրամով եւ կազմել 393.84 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.72 դրամով եւ կազմել 419.32 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով եւ կազմել 4.21 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.27 դրամով եւ կազմել 491.12 դրամ:

 




Լրահոս