Այսօր Հայաստանի խորհրդարանը քննարկեց եւ միաձայն ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը:
Նախագծի հեղինակը ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է:
ArmLur.am-ը այս առիթով հարցեր է ուղղել ազգությամբ եզդի, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանին:
-Պարո՛ն Ամարյան, այսուհետ հայկական օրացույցում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր է նշվելու: Ի՞նչ է սա տալու Ձեր գնահատմամբ:
-Մենք շատ ուրախ ենք, որ հայ ազգն ընդունեց մեր Ցեղասպանությունը: Ջրի երես դուրս եկավ, որ մեզ էլ են կոտորել ձեզ պես, ցեղասպանել են:
-Պարո՛ն Ամարյան, նախագիծը վաղուց էր շրջանառվում, բայց տեւական ժամանակ հետո նոր օրակարգ բերվեց:Ինչու՞ էին, ըստ Ձեզ, խուսափում այն օրակարգ բերել:
-Չեմ կարող ասել, բայց Փառք Աստծո, այս լավ օրվա համար, ավել ոչինչ չեմ կարող ասել:
-Պարո՛ն Ամարյան, այսօր նաեւ շատ են հնչում հայերի Ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններ, ավելին՝ ասում են պետք է արխիվներում որոնենք, հստակեցնենք՝ ովքեր են Ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերը: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել ո՛չ հայերի, ո՛չ էլ եզդիների Ցեղասպանությունը: Ես տեղյակ չեմ նման հայտարարություններից:
Քրիստինա Մուշեղյան