Դատապարտյալին դրդում են ինքնասպանության. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանի մայրը կրկին ահազանգում է: Դատապարտյալի մայրը ՝ Ռոզա Սմբատյանը քիչ առաջ Armlur.am-ին տեղեկացրեց, որ Արթուրին «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ ՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Դատապարտյալը ՝  մոր փոխանցմամբ, Նուբարաշեն ՔԿ հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Հովիկ Հակոբջանյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործւթյունների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում ցուցմունք -հաղորդում է տվել:

«Իրենք, քաջ գիտակցելով, որ որդիս ունի հոգեկան շեղումներ և ինքնավնասման հակում, միտումնավոր հիվանդ որդուս տեղափոխել են պատժախուց, որպեսզի այդ ցավերին չդիմանա, կատարի ինքմավնասում կամ ինքնասպանություն գործի, իսկ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի ադմինիստրատիվ աշխատողներն էլ պատճառաբանեն, թե ինքնավնասման հակում ուներ և ինքնասպան եղավ»,- ասաց Ռոզա Սմբատյանը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման 2007 թվականի մարտից մինչև 2008 թվականի հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում որպես դատապարտյալ գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և աշխատելով քրեակատարողական հիմնարկին կից հացի գործարանում գիշերային ժամերին քրեակատարողական հիմնարկի տարածքից բացակայելու նպատակով յուրաքանչյուր բացակայության համար իր նկատմամբ հսկողություն իրականացնող, քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետեր Ա. Ա.-ին, Ա .Մ.-ին, Ա. Խ.-ին և Հ. Ա.-ին պարբերաբար տվել է կաշառք: Կատարվում է նախաքննություն:

«Ես տեղեկացել եմ, որ նրանք ամբողջ գիշեր պատժախցում հանգիստ չեն տվել որդուս, միտումնավոր կերպով պատուհանը բաց են թողել և թույլ չեն տվել, որ փակի: Հիմա նրանք ամեն քայլի պատրաստ են ՝  որդուս պատժելու համար: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անհամբեր սպասում էին, թե երբ պետք է նորից որդիս հայտնվի իրենց ձեռքում և սկսեն նրան տանջամահ անել: Եթե որդուս հետ ինչ-որ բան պատահի, գլխավոր մեղավորները կլինեն «Նուբարաշեն» ՔԿՀ հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Հովիկ Հակոբջանյանը, հիմնարկի պետ Գենադի Սարգսյանը, տեղակալ Կարապետ Մկրտչյանը և առաջին պետի տեղակալ Սմբատ Բուղլադարյանը»,- ասաց Ռոզա Սարդարյանը:

Armlur.am-ը կապ հաստատեց ԱՆ ՔԿՀ-ների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանի հետ, ով հերքեց դատապարտյալի մոր հայտարարությունները ՝  նշելով, որ Արթուր Սմբատյանը հաճախ է նման անիրական հայտարարություններով հանդես գալիս: Ղլեչյանի խոսքերով ՝  ինքը չի հավատում, որ բանտախցի աշխատակիցները կարող են իրենց թույլ տալ առողջական խնդիր ունեցող դատապարտյալի պատժախցի պատուհանները բաց թողնել, անգամ եթե օդափոխության կարիք լինի:

Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ դատապարտյալ Արթուր Սմբատյանը պարբերաբար տարբեր մետաղական իրեր է կուլ տվել և ինքնավնասման փորձեր արել, ինչը Գոռ Ղլեչյանը ևս հերքել էր: Սակայն դատապարտյալի հարազատները հայտնել էին, որ իրենք ունեն ԱՆ-ի կողմից ուղարկված փաստաթղթեր, ինչն ապացուցում է, որ դատապարտյալի օրգանիզմում մետաղներ են հայտնաբերվել:

Տաթև Հարությունյան




Լրահոս