Երիտասարդ «Առաքելություն» կուսակցությունը չի հասկանում, թե ինչո՞ւ են բոլոը կարծում, որ նոր կադրերի խոսքը չի կարող կշիռ ունենալ: Կուսակցության փոխանցմամբ ` իրենք չեն հարում ոչ մի այլ կուսակցության, և սուտ են այն լուրերը, թե իրենք ԲՀԿ-ի հովանավորության տակ են:
Armlur.am-ի հարցին, թե քանի անդամ ունեն, կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը հայտնեց, որ դրանց թիվը հասնում է 2500-3000-ի, բայց իրենց համար կարևոր է ոչ թե քանակը, այլ համակիր անդամ ունենալու փաստը:
«Մենք այս պահին մի քանի մարզերում ունենք գրասենյակներ: Արդարադատության նախարարության պահանջների հետ կապված բոլոր չափանիշները բավարարել ենք: Եվ նախկինում էլ քաղաքական կարիերա անելու բաղձանք չենք ունեցել»,- նշեց Սուքիասյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե հանուն ինչի՞ պետք է մարդիկ ընտրեն մի կուսակցության, որը քաղաքական կարիերա չի ուզում ստեղծել, Սուքիասյանը պատասխանեց, որ ոչ թե չեն ուզում, այլ չեն ուզել:
«Մենք մեր համեստ ներկայությամբ միշտ մասնակցել ենք հանրահավաքներին, բողոքի ցույցերին ՝ որպես շարքային քաղաքացիներ, միշտ դեմ ենք եղել պարտադիր կուտակայինին: Անգամ մեր առաջարկներն ու դիտարկումներն ենք ուղարկել բոլոր լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին, սակայն ոչ ոք այդպես էլ չի բարեհաճել դրանք հրապարակել»,- իրենց դժգոհությունը հայտնեցին «Առաքելություն» կուսակցության անդամները: